Steptohealth.ru-ն գրում է, որ ցրված սկլերոզը կենտրոնական նյարդային համակարգի բորբոքային հիվանդություն է։ Կարևոր է ժամանակին ախտորոշումն ու համապատասխան միջոցառումների ձեռնարկումը։

Մի արհամարհեք նշանները, որոնք կարող են վկայել այս հիվանդության առկայության մասին։ Չնայած նշանները կարող են վկայել այլ հիվանդության առկայության մասին, դրանք նկատելու դեպքում խորհրդակցեք բժշկի հետ։

1. Թուլություն։ Այս հիվանդության հետևանքով մարդու մոտ նկատվում է թուլություն, դանդաղկոտություն։ Հիմնականում թուլություն է զգացվում ոտքերում, ինչի հետևանքով մարդու համար շարժվելը դժվարանում է։ Սա հատկապես պետք է անհանգստացնող լինի այն դեպքերում, երբ ակտիվ մարդը հանկարծակի սկսել է թուլություն զգալ առանց լուրջ պատճառի։

2. Հավասարակշռության խախտում։ Այս դեպքում նկատվում է դող քայլելու ընթացքում. մարդը կանգնած վիճակում կորցնում է հավասարակշռությունը։ Մարդկանց կարող է թվալ, թե գլուխը պտտվում է։

3. Կոորդինացիայի խանգարումներ։ Առաջին հերթին՝ գործը հասնում է վերջույթներին։ Օրինակ՝ անձը կարող է ցանկանալ մեկնել ձեռքը, սակայն վերջինս չի ենթարկվում հրահանգին։ Նույնը տեղի է ունենում ոտքերի հետ։ Վերջույթները դադարում են կատարել հրահանգը, որն ուղարկում է ուղեղը։

4. Ձեռքերի նկատմամբ վերահսկողության կորուստ։ Սա ցրված սկլերոզի առկայության առաջին նշաններից մեկն է։ Այն դժվար է չնկատել։ Այս դեպքում հիվանդի համար դժվար է ձեռքերում իրեր պահել։

5. Մկանային սպազմ։ Ցրված սկլերոզը կարող է մկանների լարվածության հետևանք դառնալ. դա ուղեկցվում է ցավերով և ջղաձգումներով։

6. Տեսողության հետ կապված խնդիրներ։ Հավանաբար սա ցրված սկլերոզի ամենանկատելի նշաններից է։ Տեսողության հետ կապված խնդիրները կարող են արտահայտվել այնպիսի խանգարումներով, ինչպիսիք են.

• աչքերի ակամա շարժում
• աղոտ տեսողություն
• նևրիտ
• աչքերի գրգռվածություն
• հազվադեպ դեպքերում նկատվում է նաև տեսողության կարուստ։


7. Զգացական օրգանների խանգարումներ։ Սրանք կարող են արտահայտվել փշաքաղությամբ, քորով, թմրածությամբ։ Այս նշանները հատուկ են արյան շրջանառության լուրջ խանգարումներին։ Եթե նկատում եք դրանք, խորհուրդ է տրվում ուշադիր լինել՝ հասկանալու համար, թե ինչ պատճառով են դրանք անհանգստացնում ձեզ։

8. Խոսքի խանգարումներ։ Ցրված սկլերոզը նաև խնդիրներ է առաջացնում բառերի ընտրության հետ։ Մարդու խոսքին կարող է դանդաղկոտություն հաղորդվել։ Նրա համար դժվար է դառնում պարզ և սահուն խոսելը, սեփական մտքերն արտահայտելը։

9. Հոգնածություն։ Հոգնածությունն ու թուլությունը ևս կարող են ցրված սկլերոզի զարգացման նշան լինել։ Այս դեպքում հիվանդները կորցնում են դրական վերաբերմունքը կյանքի նկատմամբ, նկատվում է ապատիա, նրանց համար առօրյա խնդիրների լուծումը դառնում է դժվար։

10. Միզարձակման վերահսկման անկարողություն։ Այս դեպքում կարող է նկատվել նաև արտաթորելու ցանկությունը զսպելու անկարողություն։

11. Սեռական խանգարումներ։ Այս հիվանդությունը կարող է հանգեցնել սեռական ցանկության բացակայության։ Տղամարդկանց շրջանում հիվանդությունը կարող է արտահայտվել վաղաժամ սերմնաժայթքմամբ։

12. Ինտելեկտուալ կարողությունների վատացում։ Ցրված սկլերոզը կարճաժամկետ հիշողության խնդիրներ է առաջացնում, մարդու համար ուշադիր լինելը դառնում է դժվար, տուժում են վերլուծելու, տրամաբանական մտածողության կարողությունները։ Արդյունքում՝ հիվանդը կարող է ամբողջությամբ կորցնել իրավիճակը վերլուծելու կարողությունը։ Նրանք կարող են դադարել հասկանալ պարզ բաներ, առօրյա խնդիրներ լուծելիս իրենց կարող են անօգնական զգալ։

13. Դող։ Սա կարող է ուղեկցվել մկանային սպազմով։

14. Ասեղների առկայության զգացում։ Սա հավանաբար ամենացավոտ զգացումն է։ Մարդուն թվում է, թե մարմնում ասեղներ կամ այլ սուր առարկաներ են առկա։ Սա անտանելի ցավ է առաջացնում։

Աղբյուրը՝ 168.am

loading...