Դավիթ Սեխպեյանը դարձել է 29 տարեկան: Ամերիկաբնակ դերասանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ թեեւ տոնական խնջույք չէր ծրագրել, հյուրերի պակաս չի ունեցել, ինչի համար շատ ուրախ է.«Այս տարի առաջին անգամ էր, որ դստերս հետ էի նշելու տարեդարձս: Որոշել էի օրն ամբողջությամբ ընտանիքիս նվիրել, բայց չստացվեց: Շատ ուրախ ու հաճելի անակնկալներ ունեցա: Կեսգիշերին ընկերներիս մի խումբը եկավ, առավոտյան՝ մյուսը, եւ այդպես շարունակ»:
Հոբելյարի խոսքով՝ առաջին շնորհավորանքները կնոջ ու աղջնակի կողմից են եղել. «Առավոտյան դեռ չէի հասցրել արթնանալ, երբ կինս երեխային գիրկս դրեց: Դա ամենամեծ նվերն էր, որ նա ինձ կարող էր մատուցել: Ասել եմ՝ էլ ուրիշ անակնկալների կարիք չունեմ: Չնայած՝ Նարինեն ինձ շրջագայության ուղեգիր է նվիրել, եւ մեր դուստրն էլ կուղեկցի մեզ»:
Հայր դառնալուց հետո Դավիթը սկսել է ավելի արժեւորել կյանքը.«Սուտ կլինի, եթե ասեմ՝ երեխան կյանքս ամբողջովին փոխել է: Ոչինչ չի փոխվել, ուղղակի ավելի է իմաստավորվել: Սկսել եմ Աստծուն ավելի մոտ զգալ ինձ»:
Դերասանի ստեղծագործական կյանքում բուռն շրջան է.«Ամերիկյան մի քանի ընկերությունների հետ եմ համագործակցում: Վերջերս «Դիսնեյ»-ի նոր նախագծում եմ նկարահանվել, էլի ծրագրեր կան, որոնց մասին դեռ իրավունք չունեմ բարձրաձայնել: Հայ դերասանների հետ նոր ներկայացում ունենք՝ «Հիմարից էլ հիմարը»»,- պատմել է նա:
Աղբյուրը՝ Bravo.am