Օգոստոսի 24-ը կրկնակի տոնական էր Առաջին ալիքի «Մասնագիտությունը՝ լրագրող»  ծրագրի հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանի համար: Երեկ՝ ծննդյան 28-ամյակի օրը, նա ամուսնության առաջարկ է ստացել սիրելիից՝ ռեփեր Դավոյից: Գեղեցիկ անակնկալի տեսանյութը եւ հետաքրքիր մանրամասները զույգն առաջինը վստահել է BRAVO.am-ին: 

Սոնայի ձախ ձեռքի մատնեմատն այլեւս զարդարում է խորհրդանշական մատանին. «Ստացվեց՝ ոչ միայն ծննդյանս օրն էր, այլ նաեւ՝ նշանադրությանս: Անկեղծ ասած՝ 25-ամյակիցս հետո այդքան էլ չեմ սիրում տարեդարձս մեծ շուքով նշել: Երեկ էլ առանձնահատուկ ոչինչ չէի ծրագրել, բայց Դավոն իմ փոխարեն ամեն ինչ որոշել էր ու նախապես կազմակերպել մեր նշանդրեքը, որն ինձ համար մեծ անակնկալ էր»,-պատմել է նա: 

Արդեն հինգ տարի է՝ հաղորդավարուհին առաջին շնորհավորանքը հենց ընկերոջից է ստանում.«Այս անգամ էլ բացառություն չեղավ. կեսգիշերին գնացինք գինի խմելու, մեզ միացան նաեւ մեր ընկերները, եւ հաճելի ժամանակ անցկացրինք: Ասաց, որ երեկոյան էլ կգնանք զբոսնելու, կարծում էի՝ երկուսով ենք լինելու: Նա ինձ տարավ մի այնպիսի վայր, որտեղ հավաքված էին իմ բոլոր ընկերները, հարազատներն ու բարեկամները: Առաջինն ինձ գրավեց տորթը, որի մասին նույնպես ոչինչ չգիտեի:). շատ սիրուն ու հետաքրքիր էր՝ զարդարված բարձրախոսով եւ լրագրողին բնորոշող այլ աքսեսուարներով: Դավիթը բարձրախոսով ինձ առաջարկություն արեց ու նվիրեց մատանին: Չեմ կարող բառերով նկարագրել, թե ինչ եմ զգացել: Իսկապես երջանիկ ու անմոռանալի պահեր պարգեւեց»:

Սոնայի խոսքով՝ հարսանիքի մասին դեռ չեն մտածում.«Մեր կյանքում ամեն ինչ հանկարծակի է եղել՝ առանց երկար-բարակ մտածելու: Հարսանիքի մասին էլ դեռ չենք խոսել: Երբ ժամանակը գա, ամեն բան կլինի: Երբեք չեմ մտածել այդ օրվա մասին, ոչինչ չեմ ծրագրել, եւ երբ օրը որոշենք, նոր կմտածենք՝ ինչն ինչպես անել»:

Խոսելով նվերներից՝ հաղորդավարուհին ասել է.«Ամենակարեւոր ու թանկ նվերն ինձ համար Դավթի նվիրած մատանին է, որը նաեւ հատուկ խորհուրդ ունի: Գիշերը բավական ուշ եկա տուն, բայց չդիմացա եւ բոլոր նվերները նայեցի, առավոտյան էլ կրկին աչքի անցկացրի: Մի շարք գեղեցիկ զարդեր եմ ստացել»:

Աղբյուրը՝ Bravo.am

loading...