«Տարվա սկզբից մեր մեծ աղջիկը` Էվան, գրեթե ամեն օր խոսում էր ծովի մասին: Մեծ ցանկություն ուներ ծովափ մեկնելու: Մենք էլ առաջնորդվեցինք նրա ցանկությամբ եւ որոշեցիքն ծովափնյա հանգստի տարբերակն ընտրել»,-BRAVO.am-ի հետ զրույցում այսպես է պայմանավորել հանգստավայրի ընտրությունը Մերի Ներսիսյանը:

Հաղորդավարուհու եւ ռեժիսոր Գոռ Պետրոսյանի ընտանիքը ամառային հանգիստն անցկացրել է Սեւ ծովի ափին: Ամառն այս ընտանիքի համար տարվա ամենասիրելի եղանակն է, քանի որ ասոցացվում է միասին անցկացրած հետաքրքիր ժամանցի ու ուրախ ակնթարթների հետ: Ամուսինները դեռ չեն պատկերացնում հանգիստ առանց իրենց դստրերի, ուստի պարտադիր հաշվի են առնում նրանց ցանկությունները, հարմարավետությունը, նաեւ այլ մի շարք հանգամանքներ:

Մերիի խոսքով`16 հիանալի օր են վայելել Բաթումում՝ լավագույն ընկերների եւ իր եղբոր ընտանիքի շրջապատում.«Ամեն օրն անցկացրել ենք յուրովի հագեցած ու բազմազան, որ մեկ օրը կարծես մի ամբողջ շաբաթ տեւեր: Օրը սկսվում էր վաղ եւ ավարտվում շատ ուշ: Սկսում էինք լողափից, վերջացնում հետաքրքիր ժամանցի որեւէ տարբերակով: Արել ենք ամեն բան, որ Էվայի համար շատ հետաքրքիր անցնի հանգիստը: Նա խենթանում է ջրի համար, կարող է ժամերով լողալ: Բացի լողալուց, հետաքրքիր զբաղմունքներ ու ժամանցի տարբերակներ է վայելել՝ անձրեւի տակ մոտոցիկլետ քշելուց մինչեւ ջրային տարբեր միջոցներ վարելը: Սառան դեռ փոքրիկ է հանգստի հաճույքը հասկանալու համար: Նրա համար տարին 12 ամիս արձակուրդ է ու հանգիստ»: 

Երրորդ անգամ մայրանալ պատրաստվող հաղորդավարուհուն կարգավիճակը չի խանգարել լիարժեք արձակուրդ անցկացնել: Ինչպես նշել է, ամուսինը կողքին էր, ինչը նշանակում է, որ չի կարող լինել որեւէ դժվարություն: Շատ ճկուն են, իսկ իրենց երեխաները` խելոք ու կարգապահ: Անգամ Սառան չի խանգարել վայելել գիշերային կյանքը: Ժամերով քայլել ու հիացել են քաղաքի գեղեցկությամբ:  

Հարցին, թե ինչ հիշողություններով եւ հուշանվերներով են վերադառանում յուրաքանչյուր հանգստից, Մերին պատասխանել է, որ վերցնում են լավագույնը` աչք փակելով փոքրիկ տհաճությունների կամ անհարթությունների վրա: Հանգիստը  նրանց հնարավորություն է տալիս լիցքավորվել նոր էներգիայով, պահեստում ամբարել բարի ու ուրախ հուշեր, դրական տրամադրվածությամբ շարունակել կյանքն ու հաճույքով աշխատել: 


Աղբյուրը՝ Bravo.am

loading...