Լիլի Էլբակյանի ընտանիքը հանգստի համար ընտրել է Աղվերանի բնությունը: Ամառն աշխատանքային մթնոլորտում անցկացրած դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է ընտանեկան արձակուրդի, առաջիկա նորությունների մասին, նաեւ տրամադրել է նոր լուսանկարները: 

«Միայն օրերս կարողացանք հանգստանալ, քանի որ Համոն աշխատում էր, ես էլ նկարահանվում էի «Սուպեր մամա 2» ֆիլմում: Մտածում էինք ծով գնալ, բայց որոշեցինք երեխաների հետ ռիսկի չդիմել: Հայաստանում ընտրեցինք այնպիսի վայր, որտեղ ամեն ինչ հարմարեցված է նրանց հետ ժամանցի համար»,-պատմել է նա:

Լիլիի խոսքով՝ շատ լավ օրեր են անցկացնում.«Ծնողներս ինձ տարել են մեր գրեթե բոլոր հանգստյան գոտիները, սակայն այստեղ չէի եղել: Նախ պետք է հասկանաս՝ ինչպիսին ես ուզում, որ լինի հանգիստդ: Երեխաների համար սա լավագույն տարբերակն է, չնայած՝ ամբողջ օրը ես եւ Համոն վազում ենք նրանց հետեւից: Աղջիկս այստեղ ընկերներ է ձեռք բերել, բավական ինքնուրույն է. նայում եմ նրան եւ ուրախանում»:

Անդրադառնալով աշխատանքային նորություններին եւ «Սուպեր մամա 2»-ում իր դերին՝ նա ասել է.«Ֆիլմում մարմնավորում եմ Լիլիթիկին: Շատ հետաքրքիր կերպար է, միայն վերջում է պարզվում՝ իրականում ով է: Գլխավոր հերոսներին միացել են նորերը եւ նոր իրադարձություններ են կատարվում: Կարծում եմ՝ այս մեկը եւս կսիրվի, քանի որ իրադարձությունները հետաքրքիր եւ տարբերվող վայրում են ծավալվում: Այլ առաջարկներ եւս կան, տեսնենք՝ ինչպես կստացվի, իսկ նոր խաղաշրջանում Խամաճիկների թատրոնը նոր ներկայացումների պրեմիերաներ կունենա»:

Աղբյուրը՝ BlogNews

loading...