Գոհար Հարությունյանը դարձել է 38 տարեկան: «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» տիտղոսակիր գեղեցկուհին BRAVO.am-ին ասել է, որ շնորհավորանքների տարափը սկսվել է կեսգիշերից, իսկ առաջին մաղթանքներն, իհարկե, ստացել է ամուսնուց եւ դուստրերից:
«Աղջիկներս ինձ համար արտասանեցին եւ գեղեցիկ բարեմաղթանքներ հղեցին: Ամուսնուս քույրը հաճելի անակնկալ մատուցեց՝ կեսգիշերին մեր տուն ծաղկեփունջ ուղարկելով: Գրասենյակում նույնպես անակնկալների պակաս չեղավ, նաեւ միասին նշեցինք»,- պատմել է հոբելյարը:
Գոհարից տեղեկացանք, որ տոնական երեկոն տանն է անցկացրել` ընտանիքի անդամների շրջապատում.«Չորս հղիություններիս վերջին շրջանն էլ համընկել է ծննդյանս օրվա հետ: Հիմա շատ շուտ եմ հոգնում, աշխատանքային ծանրաբեռնվածությունը շատ է, խնջույք կազմակերպելու ժամանակ ու էներգիա չունեի: Ամուսինս երեխաների համար անակնկալ տորթ էր պատվիրել, միասին ընթրեցինք, փչեցինք տորթի մոմերն ու ուրախացանք»:
Մեկ ամիս է մնացել գեղեցկուհու չորրորդ երեխայի լույս աշխարհ գալուն.«Մինչ ծնվելու օրն աշխատելու եմ: Դրանից հետո քառասուն օր տնից կհամակարգեմ գեղեցկության մրցույթի աշխատանքները: Հոկտեմբերին հաղթող մասնակցին ուղարկելու ենք «Միսս աշխարհ» մրցույթին, դրանից հետո նոր կկարողանամ հանգստանալ: Երեխայի ծնվելուն դեռ չենք պատրաստվում, այնքանով եմ հանգիստ, որ փորքրիկի խնամքի համար անհրաժեշտ ամեն բան ունենք, մնում է հանել պահոցից, լվանալ ու օգտագործել»,- եզրափակել է նա: