Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ անմեղսունակ վիճակում քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած 38-ամյա տղամարդն ազատվել է քրեական պատասխանատվությունից և պատժից:
Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` նշանակել հարկադիր բուժում հոգեկան առողջության կենտրոնում։
38-ամյա տղամարդուն նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հորեղբորը պատկանող տանը, կենցաղային առիթով՝ ծխախոտը փնտրելու և չգտնելու պատճառով, վիճաբանել է ծնողների հետ, որի ընթացքում, վերջիններիս մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, հյուրասենյակից վերցրել է լրագրասեղանը, մի քանի անգամ դրանով հարվածել հոր գլխին և մարմնի տարբեր մասերին` նրան պատճառել ֆիզիկական ցավ, այնուհետև հյուրասենյակի սեղանի վրայից վերցնելով սուրճ եփելու մետաղական տարան, դրանով մի քանի անգամ դիտավորությամբ հարվածել է մոր գլխին՝ նրան «գանգուղեղային բութ փակ վնասվածքի` գլխի շրջանների քերծվածքների, փափուկ հյուսվածքների տակ աջ և ձախ քունքային շրջաններում արյունազեղումների, աջ և ձախ քունքամկանների արյունազեղման, գլխուղեղի աջ կիսագնդի ստորկարծրենային արյունահավաքի, նրբենու արյունազեղման, ուղեղանյութի և փորոքների արյունազեղման» ձևերով պատճառել մարմնական վնասվածքներ և անզգուշությամբ առաջացրել նրա մահը։ Դեպքից հետո կինը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
Ավելի ուշ նախաքննական մարմինը որոշում է կայացրել անմեղսունակության վիճակում քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար գործը դատարան ուղարկելու մասին։
Դատարանն ապացուցված է համարել ամբաստանյալի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելը։
Տղամարդու հորեղբայրը հայտնել է, որ հոգեկան հիվանդությամբ է տառապում, հաշվառված է հոգեբուժարանում, ստանում է հիվանդության թոշակ: Եղել են դեպքեր, երբ հանկարծակի ագրեսիվացել է, անհիմն վիճաբանել և ծեծի է ենթարկել ծնողներին: Եղբայրը կնոջ հետ գտնվել է Ռուսաստանում՝ մյուս որդիների մոտ: Հայաստան են վերադարձել, քանի որ եղանակային պայմանները եղել են վատ, եղբայրն ու նրա կինը բնակվել են իրենց տանը, իսկ այդ ընթացքում եղբորորդին բնակվել է Երևան քաղաքում՝ կնոջ հետ միասին, վերջինիս հայրական տանը:
Գտնվել են տանը, հորեղբոր որդին եկել է իրենց տուն հոգեկանը խանգարված, ագրեսիվ վիճակում, այդ ընթացքում իրենց տուն են եկել նաև նրա ծնողները: Գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ձայնից արթնացել է և տեսել, որ եղբոր կինը տան մեջ ընկած է գետնին, տղամարդը սուրճ եփելու ամանով նրան հարվածել է, ինքն ու կինը միջամտել են, տղամարդը թողել է ու գնացել դուրս: Որոշ ժամանակ անց եղբայրը դրսից վերադարձել է և վերջինիցս տեղեկացել է, որ որդին իրենց տանը գտնվող լրագրասեղանով հարվածել է նաև իրեն, որի հետևանքով այն կոտրվել է:
Աղբյուրը՝ 168.am