Ամռանը ձեռքերի  և ոտքերի խնամքը դառնում է առաջնային, քանի որ խնամված մաշկը, մշակված եղունգները և անթերի լաքը գեղեցիկ տեսքի գրավականն են:

«Ոտնաթաթը մեր հենաշարժողական ֆունկցիան կատարող ամենակարևոր օրգանն է, որի վրա է ընկնում ողջ մարմնի ծանրությունը: Հետաքրքիր է, որ մեզանից ցանկացածը իր կյանքի ընթացքում անցնում է շուրջ 200.000կմ, հետևաբար անկախ եղանակից, մենք պետք է հոգ տանենք մեր ոտքերի մասին: Ամռանը հատկապես, երբ ամբողջությամբ փոխում ենք զգեստապահարանը, անցնում ենք բաց կոշիկների, սանդալների, շատերը կանգնում են փաստի առաջ՝ կրունկների ճաքեր, փակ կոշիկներից առաջացած կոշտուկներ, կոշտացած մաշկ, անխնամ ոտնաթաթ»,- Life.panorama.amի հետ զրույցում նշել է «Հելիոս Պոդոլոգիա» բժշկական կենտրոնի բժիշկ-մաշկաբան՝ Սյուզաննա Գևորգյանն ու վստահություն հայտնեց՝ ոտքերի խնամքի համար մեծ գումարներ հարկավոր չեն:

«Հարթ և փափուկ ոտքեր ունենալու համար պարտադիր չէ մեծ գումարներ ծախսել, հետևողական խնամքը բավական կլինի ոտնաթաթի առողջ և գեղեցիկ տեսքն ապահովելու համար»,- նշեց բժիշկը:

Խոսելով կրունկների ճաքերի մասին, որն առավել տարածված խնդիր է, մաշկաբանը նկատեց.

«Կրունկների ճաքերի առաջացումը տարածված խնդիր է, որը ոչ միայն էսթետիկ բնույթի անհարմարություն է պատճառում, այլև՝ ուժեղ ցավ: Ճաքերն աստիճանաբար են հայտնվում. սկզբում դրանք բարակ ու հազիվ նկատելի են լինում, բայց ժամանակի հետ դրանք խոշորանում են, բորբոքվում, անգամ կարող են ինֆեկցիոն աղբյուր հանդիսանալ և ցավոտ լինել: Կան բազմաթիվ պատճառներ, որոնք կարող են հանգեցնել կրունկների վրա ճաքերի առաջացմանը, դրանցից են՝

Տարիքը

Մաշկի չափազանց չորությունը

Ավելորդ քաշի առկայությունը

Սխալ, կամ ոչ բավարար հիգիենան

Ստորին վերջույթներում արյան շրջանառությունը

Մաշկային հիվանդությունները

Անհարմար  կամ շատ նեղ կոշիկները

Սխալ սննդակարգը, վիտամինների պակասը կամ ավելցուկը:

Շատերը անուշադրության են մատնում ճաքերի առաջացմանը և միայն մակերեսորեն են սկսում զբաղվել դրանց բուժմամբ: Ցանկացած դեպքում խորը, արնահոսող ճաքերի առկայության ժամանակ, ճիշտ է մասնագետին՝ բժիշկ-պոդոլոգին դիմելը, ով ապարատային, այսինքն՝ բուժական ոտնահարդարման միջոցով կկարողանա ազատել ձեզ նման անցանկալի խնդրից»:

Սյուզաննա Գևորգյանի խոսքով՝ նման պարագայում տնային խնամքի  նշանակումներ ևս կատարվում են: Մեզ հետ զրույցի ընթացքում բժիշկը ճաքերի բուժմանն ուղղված մի քանի խորհուրդ տվեց, որը կարելի է իրականացնել տնային պայմաններում:

«Ամենից տարածված միջոցներն են հանդիսանում ոտքերի լոգանքները, վաննաները, օրինակ՝ կիտրոնի հյութով և աղով, որը ոչ միայն կախտահանի ոտքերը, այլև կնպաստի մաշկի մեռուկացված բջիջների անհետացմանը, ինչն էլ  կանխարգելիչ ազդեցություն կթողնի հետագա ճաքերից խուսափելու համար: Արդյունավետ են նաև խոտաբույսերով վաննաները (երիցուկ, մանանեխ, եղինջ, նարդոս և այլն): Կրունկների ճաքերի դեմ հաճախ օգտագործում են նաև պարաֆինը»,- հավելեց նա:

Իսկ վերջում բժիշկը շեշտեց.

«Միշտ հիշեք, որ ճաքերը կրունկների վրա հիմնականում առաջանում են մաշկի չորության հետևանքով, երբ օրգանիզմը  չի կարողանում պահպանել անհրաժեշտ խոնավության բալանսը: Հատկապես ամռանը մաշկն ամենից շատ ունի խոնավեցման կարիք: Խնամեք  ոտնաթաթը, հաճախ ընդունեք խոտաբույսով լոգանքներ, խոնավացրեք ոտնաթաթը տարբեր յուղերով և փափկացրեք այն քսուքներով: Եղեք Առողջ, խնամված և գեղեցիկ, թողեք Ձեր առողջ հետքը»:

Աղբյուրը՝ 168.am

loading...