Օրեր առաջ համացանցում լայն տարածում գտավ մի նյութ, ըստ որի` երգչուհի Ալլա Լևոնյանը հաղորդում է տվել ոստիկանություն, որ Ֆեյսբուքի` Գայանե Մանուկյան անվամբ օգտատերը սպառնում է իր կյանքին և առողջությանը։ Լուրի տարածումից մի քանի ժամ անց Tert.am Life–ը կապ հաստատեց երգչուհու իրավաբան Էմիլ Մարկոսյանի հետ, որը մանրամասնեց իրավիճակը և նշեց, որ երգչուհին ճանաչում է իրեն սպառնացող Գայանե Մանուկյանին, վերջինս ԱՄՆ–ում գործող Usarmenianews.com կայքի խմբագիրն է։ Այսօր Գայանե Մանուկյանը ցանկություն է հայտնել պատասխանել իր հասցեին հնչող մեղադրանքներին։ Գայանե Մանուկյանը խմբագրություն է ուղարկել իր և Ալլա Լևոնյանի անձնական նամակագրությունը, սակայն այն չենք հրապարակում` հաշվի առնելով, որ դա փակ նամակագրություն է։ Tert.am Life–ը ներկայացնում է Գայանե Մանուկյանի պատասխանը։
Անդրադառնալով իր և Ալլա Լևոնյանի նամակագրությանը` նա նշեց. «2015 թվականի մայիսի 15–ին ես առաջին անգամ ընկերության հայտ եմ ուղարկել Ալլա Լևոնյանին, նա ընդունել է։ Ես, ելնելով էթիկայից, նրան շնորհակալություն եմ հայտնել ընկերության հայտն ընդունելու համար, նա էլ շատ սիրալիր գրել է` խնդրեմ, Գայանե ջան։ Ոստիկանությունը կարող է պարզել, որ այնպես չէ, որ ես մի բան գրել, հետո ջնջել եմ։ Մեր երկրորդ շփումը եղել է 2016 թվականի հուլիսի 26–ին` Արթուր Հայրապետյանի հեղինակային նյութի հրապարակումից հետո։ Ալլան գրել է, որ նեղված է, ինչու է գրվել այդ նյութը և նշել է, որ իր լիազորված անձը Էմիլ Մարկոսյանն է»,– ասաց Գայանեն ու հավելեց, որ նա զանգահարել է խմբագրություն և վիճել աշխատակցի հետ։
Ըստ Գայանե Մանուկյանի` խնդրի սկիզբ դարձած նյութը եղել է լրագրող Արթուր Հայրապետյանի հեղինակայինը, թեև վերջինս հարցազրույցներում նշել է, որ նյութը գրել է իր դրդմամբ։ Գայանե Մանուկյանի խոսքով` Արթուր Հայրապետյանը երբեք չի եղել իր աշխատակիցը։ Ինքը, պարզապես, հարթակ է տրամադրել Արթուրին` նյութերը հրապարակելու համար և որևէ պատվեր չի արել։
Գայանե Մանուկյանի փոխանցմամբ` դրանից հետո իր և Էմիլի ընդհանուր ծանոթն առաջարկել է հաշտվել, իրենք մնացել են բարիդրացիական հարաբերությունների մեջ։ «Ես Ալլա Լևոնյանի հետ կոնտակտի մեջ չեմ մտել, իմ երրորդ կոնտակտը լինում է 2017 թվականի օգոստոսի 9–ին։ Օգոստոսի 7–ին կամ 8–ին Էմիլ Մարկոսյանը վայբերով ինձ ուղարկում է մի նկար` Ալլա Լևոնյանի ծաղրանկարով, որը հրապարակված է լինում «Ամերիկյան հայկական համայնք» անունով օգտատիրոջ կողմից` տհաճ գրառումներով»,– ասաց նա ու հավելեց, որ քնած է եղել և չի պատասխանել, առավոտյան տեսել է նամակը, շատ է սրտնեղել, զանգահարել է Էմիլին և ասել, որ ինքը որևէ կապ չունի դրա հետ, խնդրել, որ դիմեն պատկան մարմիններին` պարզելու, թե ով է դրա հեղինակը։
Նրա խոսքով` նույն ժամանակահատվածում ընկերներից մեկն իրեն ասել է, որ Newspress.am-ի խմբագիր Արմենուհի (Արիանա) Հովսեփյանի էջում Էմիլ Մարկոսյանը վատ գրառում է արել իր լուսանկարի տակ։ Նա դա «սքրինշոթ» է արել և ուղարկել Ալլա Լևոնյանին։ Վերջինս խոստացել է կապ հաստատել իրավաբանի հետ։ Գայանեն նշեց, որ իրենց խոսակցությունը եղել է այդ թեմայի մասին, առանց` իրար վիրավորելու և սպառնալու։ Էմիլը նշել է, որ գրառումն արել է, երբ Գայանեն իրեն չէր պատասխանում և ջնջել է այն։
Գայանե Մանուկյանը նկատեց, որ աղմկահարույց թեմայի մասին առաջին հրապարակման մեջ նշված է, որ Ոստիկանությունը համապատասխան միջոցառումներ է ձեռնարկվում, որպեսզի հայտնաբերի Ալլա Լևոնյանի սպանելու սպառնալիք կատարած անձին։ «Նշված էր, որ հնարավոր է` այլ օգտատեր է բացել էջը և օգտագործել Գայանե Մանուկյան անունը։ Դա տպագրելուց մի քանի րոպե հետո Tert.am Life–ում հայտարարությամբ հանդես է գալիս Ալլա Լևոնյանի վստահված անձ, իրավաբան Էմիլ Մարկոսյանը և ասում, որ դա Usarmenianews.com կայքի խմբագիր Գայանե Մանուկյանն է։ Ինչպես է ոստիկանությունը միջոցառումներ ձեռնարկում հայտնաբերելու ուղղությամբ, րոպեներ անց իմ անունն է հայտարարվում իր իրավաբանի շուրթերից»,– ասաց նա ու հավելեց, որ ինքը որևէ վիրավորական խոսք չի ասել և չի սպառնացել Ալլա Լևոնյանին։ Նրա խոսքով` նման ապացույցներ չկան։
«Քանի որ ինքը միշտ նշում է, որ 3 երեխայի մայր է, հարգելով իր կարգավիճակը և, լինելով չափից ավել բարի, 2 օր լռել եմ։ Ինձ ժամանակ էր պետք, որպեսզի հասկանայի հանրության մոտեցումը, սա ինձ համար շոկային իրավիճակ էր։ Ես 24 ժամ ժամանակ եմ տալիս ինձանից հրապարակավ ներողություն խնդրելու և հերքելու, որ տպագրված նյութերը կապված են Usarmenianews.com կայքի գլխավոր խմբագիր Գայանե Մանուկյանի հետ։ Հակառակ դեպքում իմ փաստաբանները սուտ մատնության և ծանր հանցագործության մեջ ինձ մեղադրելու միտման համար նամակ կուղարկեն գլխավոր դատախազություն, ԱԱԾ, Հանրապետության նախագահին և Առաջին տիկնոջը և իրավական ընթացք կտան իմ անձը, իմ լրատվական կայքի հեղինակությունը գցելու, իմ անուն–ազգանունը լրատվականներով անհարկի զրպարտելու համար»,– ասաց նա ու հերքեց նաև, որ թիմակիցների միջոցով է սպառնացել Ալլա Լևոնյանին։
«Ես վստահ եմ, որ իր հոգու խորքում էմիլ Մարկոսյանն իմ դեմ ատելություն չունի, Ալլա Լևոնյանն էլ ուղղակի չհասկացավ, թե ոնց ընկավ այս թակարդի մեջ։ Էմիլ Մարկոսյանին ուղղորդեց Newspress.am-ի խմբագիր Արմենուհի (Արիանա) Հովսեփյանը»,– նշեց Գայանե Մանուկյանը։
Աղբյուրը՝ tert.am