Ֆրանսիայում ծնվել է երգիչ Արմոյի երկրորդ երեխան։ Երգչի կինը` Անին, կրկին դուստր է պարգևել ամուսնուն։ Ծնողները կարողացել են թաքցնել Անիի հղիության և փոքրիկի ծնվելու փաստը, սակայն փոքրիկի ծննդից մեկ ամիս անց երգիչը կյանքի կարևոր իրադարձության մասին բացառիկ անդրադարձը վստահել է Tert.am Life–ին։

 

«Ֆրանսիայում ծնվեց իմ երկրորդ աղջիկը։ Անունը Մարիա է։ Անվան հարցում երկար չենք մտածել։ Դա իմ և կնոջս համատեղ որոշումն էր»,– ասաց Արմոն։

 

Երգչից հետաքրքրվեցինք, թե ինչով էր պայմանավորված որոշումը, որ երեխան Ֆրանսիայում ծնվի. «Կինս այնտեղի քաղաքացի է։ Լեան էլ է այնտեղ ծնվել։ Որոշեցինք, որ Մարիան էլ Ֆրանսիայում ծնվի։ Կնոջս ծնողների մոտ էինք մեկնել։ Մոտ մեկ ամիս է` այնտեղ էինք»։

 

Արմոն և կինն օրեր առաջ են վերադարձել Երևան։ Այդ ընթացքում նրանք կարողացել են վայելել իրենց հանգիստը Ֆրանսիայում։ Զույգը տարվա ընթացքում պարբերաբար մեկնում է Ֆրանսիա։ «Մենք տարվա ընթացքում երկու անգամ պարտադիր գնում ենք այնտեղ, որպեսզի տատիկն ու պապիկը իր թոռնիկին տեսնեն։ Այնտեղ մշտական բնակվելու ծրագրեր դեռ չունենք»,– ասաց երգիչը։

 

 

Երգիչը նշեց, որ իր 2 տարեկան աղջիկը` Լեան, քույրիկին շատ լավ է դիմավորել։ «Բացի այն, որ շատ է սիրում իր քույրիկին, նաև հոգ է տանում րա մասին։ Իր ամենասիրած խաղալիքներն է տալիս Մարիային։ Իր տիկնիկներին տակդիր է հագցնում, որ սովորի, հետո իր քույրիկին հագցնի։ Շատ ուշադիր է քրոջ հանդեպ»,– հավելեց Արմոն։

 

Խոսելով երգարվեստում երկարատև դադարի մասին` երգիչը նշեց, որ ամբողջ ժամանակը տրամադրել է ընտանիքին ու անձնական գործերին, որոնք կապ չունեն շոու բիզնեսի հետ։ «Ազատ ժամանակս անցկացրել եմ դստերս հետ։ Միասին խաղացել ենք իր սիրած խաղերը։ Լեան և՛ իմ, և՛ կնոջս հետ շատ կապված է։ Երբ մի քանի ժամով կամ օրով բացակայում եմ, միշտ հարցնում է, թե որտեղ եմ։ Ինքս էլ շատ եմ կարոտում, երբ չեմ տեսնում դստերս»,– նշեց նա։

 

Ի դեպ, Արմոն նշեց, որ շուտով նոր աշխատանքով է ներկայանալու երկրպագուներին։ «Այս մասին դեռ չեմ ուզում խոսել, երբ ամեն ինչ պատրաստ կլինի, կխոսենք այդ մասին»,– եզրափակեց Արմոն։

 

Աղբյուրը՝ tert.am

loading...