Երգիչ Հայկոն օրերս նշել է իր 44–ամյակը։ Այս տարի նա չի կարողացել մեծ շուքով կազմակերպել տարեդարձը, քանի որ զբաղված է սեպտեմբերի 8–ին սպասվող մենահամերգի նախապատրաստական աշխատանքներով։ Tert.am Life–ի հետ զրույցում Հայկոն նշեց, որ տարեդարձի օրն անցկացրել է իր գործընկերների հետ` փորձասենյակում։
«Տարեդարձիս օրն ինձ չթողեցին հանգստանալ։ Ամբողջ օրը փորձեր ենք արել, ինչի համար շատ ուրախ եմ։ Մենք քրտնաջան աշխատում ենք, որպեսզի համերգը շատ լավ անցնի։ Երեկոյան արդեն Հրաչ Քեշիշյանի, Իրինա Վարդանյանի և Անահիտի հետ ենք նշել։ Այս տարի առանձնապես հետաքրքիր բան չունեմ պատմելու։ Ստացել եմ բազում շնորհավորանքներ, մաղթանքներ»,–ասաց Հայկոն։
Վերջինս նշեց, որ այս տարի ևս Անահիտն օրիգինալ անակնկալ էր պատրաստել իր համար։ «Անահիտը միշտ օրիգինալ է գտնվում։ Այս անգամ էլ բացառություն չէր։ Ինձ համար շատ թանկ նվեր էր պատրաստել։ Օրեր առաջ նոր ֆոտոշարք արեցինք, որի ժամանակ բրենդային հագուստ էի հագել։ Այդ հագուստներից որոշներն ինձ շատ էր դուր եկել։ Անահիտը գնել էր դրանք ինձ համար։ Նրա մոտ շատ լավ է ստացվում անակնկալ անելը։ Նրա միտքը միշտ օրիգինալ է ու գեղեցիկ»,– հավելեց երգիչը։
Անդրադառնալով մենահամերգին` Հայկոն նշեց, որ մենահամերգը հագեցած է լինելու հետաքրքիր կատարումներով ու անակնկալներով։ «Ինձ հետ աշխատում է պրոֆեսիոնալ և մեծ թիմ` Հրաչ Քեշիշյանի գլխավորությամբ։ Մենք օր ու գիշեր աշխատում ենք։ Առաջին «մուլտիմեդիա» համերգն է լինելու Հայաստանում։ Հանդիսատեսը դիտելու է ֆիլմեր, որոնք նկարահանվել են հատուկ մենահամերգի համար։ Համերգային ծրագիրը շատ հագեցած է լինելու։ Հիմնականում հնչելու են 2013 թվականին թողարկված «Ես քեզ սիրահարվել եմ» ալբոմի երգերը։ Լինելու են նաև հին ռոմանսներ և նոր աշխատանքներ։ Ամեն ինչ շատ դինամիկ է կազմակերպված։ Համերգային ծրագրում ներառված են ֆիլմերի սաունդրեքները, որոնց համար հատուկ երաժիշտների ենք հրավիրել։ Համերգային ծրագրում կլինեն նաև զուգերգներ. դեռ չեմ ուզում փակագծերը բացել։ Ամեն ինչ արել ենք, որ հանդիսատեսի համար հետաքրքիր լինի»,– երզարափակեց Հայկոն։