Հայտնի մարդ լինել նշանակում է ունենալ հանրային այնպիսի ճանաչում, որ «անձնական տարածքի» հնարավորություն գրեթե չմնա: Քիչ չեն լինում դեպքերը, երբ կարդում ենք, որ այս կամ այն համաշխարհային աստղի անձնական գաղտնիության տվյալներ են հայտնվել համացանցում կամ լրահոսում, որոնք ոչ միայն պարունակում են նեղ-անձնական ինֆորմացիա, այլ նաև վարկաբեկում, անգամ հասարակական պարսավանքի առաջ են կանգնեցնում տվյալ սելեբրիթիին: Այս առումով հայկական շոու բիզնեսի հայտնիները բողոքելու տեղ չունեն, քանի որ, բացառությամբ մեկ-երկու դեպքերի, հայկական մամուլը գրեթե երբեք չի փորփրում նրանց անձնականն այնքան խորը, որ դա վնասի տվյալ անձի վարկին ու հանրային համբավին: Այնուամենայնիվ, ընթերցողին միշտ հետաքրքիր է իր ճանաչած հայտնի մարդու մասին իմանալ մի փոքր ավելին: Այսօր կբացահայտենք հայ աստղերի մասին մի քանի փաստեր, որոնք քչերին են հայտնի.
Երգչուհի Սիլվա Հակոբյանը, ով հայկական շոու բիզնեսի ամենակայացած կարիերա ստեղծած արտիստներից է, մասնակցել է երաժշտական մի մրցույթի, որի ժյուրիի կազմում էին այդ տարիների հայկական շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերը՝ Շուշան Պետրոսյանը, Հայկոն, Վարդուհի Վարդանյանը և այլք: Սիլվան այդ մրցույթում զբաղեցրել էր վերջին հորիզոնականը՝ զիջելով Սոնա Շահգելդյանին, Հռիփսիմե Հակոբյանին, Լանա Խաչատրյանին, Ռազմիկ Ամյանին ու էլի 20 երգիչ-երգչուհիների: Այդ մասին Սիլվան երբեք չի հիշում, երբ իր հարցազրույցներում սիրով պատմում է միջազգային մրցույթներում իր ունեցած հաջողությունների մասին:
Ժամանակին Լիլիթ Հովհաննիսյանը ակնոցներ էր կրում: Հետո երգչուհին հրաժարվեց ակնոցներից ու հայտարարեց, որ տեսողական խնդիրը բուժել է ու այլևս դրա կարիքը չունի: Սակայն երգչուհուն լավ ճանաչողներն ասում են, որ նա երբեք էլ տեսողական խնդիր չի ունեցել, ու ամբողջ կյանքում կեղծ ակնոց է կրել՝ իրեն այդքան կոմպլեքսավորող քիթը քողարկելու համար: Ու երբ նա վիրահատել է քիթը, այդ ժամանակ էլ հանել է ակնոցները:
Էրիկ Անթառանյանը հայկական եթերի ամենահայտնի հաղորդավարներից է: 20 տարի է՝ նա հանրությանը մատուցում է որակյալ, գրագետ ու պրոֆեսիոնալ լրագրություն: Սակայն քչերը գիտեն, որ իրականում Էրիկ Անթառանյանը ամենևին էլ Էրիկ Անթառանյան չէ: Պարզվում է՝ նա անձնագիր ստանալու ժամանակ հրաժարվել է ծնողների՝ իրեն տված Արման անունից, և իր համար ընտրել է Էրիկը, որը նրա ամենասիրելի հերոսի՝ ֆրանսիական հանրահայտ «Խաղալիքը» ֆիլմի կերպարի՝ նախագահի որդու անունն է:
Քչերը գիտեն, որ «Բանակում» սերիալից Մխոն ու Կարինեն՝ դերասաններ Հովհաննես Դավթյանն ու Մառա Սարուխանյանը, ժամանակին իրական սիրային պատմություն ունեին: Զույգն ապրում էր քաղաքացիական ամուսնությամբ, այսինքն՝ մեկ հարկի տակ, սակայն նրանց հարաբերություններն ավարտվեցին «Նշանվածներ» փուլում: Բաժանությունից հետո Մառան տեղափոխվեց Ռուսաստան, և հիմա նա արդեն ամուսնացած է ու երեխա ունի:
Ժամանակին հայկական շոու բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկը Սարո-Անի Քրիստին էր: Զույգի բաժանման մասին վարկածները տարբեր են, սակայն ամենաշրջանառվողն այն է, որ Անին հոգնել էր Սարոյի անդադար դավաճանություններից, դրա համար էլ հրաժարվել է իր սիրուց: Ըստ ասեկոսեների՝ հենց Սարոյին մոռանալու համար էլ Անին հապճեպ ամուսնացավ, սակայն շուտափույթ ամուսնալուծությունը խոսում է այն մասին, որ Անիի մոտ դա չի ստացվել:
Աղբյուրը՝ panorama.am