«Վերվարածներ» սիթքոմը 9 տարի անց գրեթե նույն դերասանական կազմով վերադառնում է հեռուստաեթեր: Այս անգամ սիրված հերոսները փորձելու են հասնել 9 տարի առաջվա հաջողությանն ու կրկնել առաջին հումորային հեռուստասերիալի ռեկորդային վարկանիշը:

Life.panorama.am-ի հետ զրույցում սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյանը պատմեց, որ դեռ վաղուց են մտածել «Վերվարածները» կրկին նկարահանելու մասին:

«Այս տարիների ընթացքում պարբերաբար խոսակցություններ եղել են, հաճախ ենք քննարկել, որ արժե «Վերվարածներին» երկրորդ կյանք տալ, բայց այդ մտքերը իրականություն դարձան միայն ամիսներ առաջ, երբ «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարը հավանության արժանացրեց այդ գաղափարը»,- նշեց սցենարի հեղինակը՝ հավելելով, որ 9 տարի անց սիրված սերիալի շարունակությունը նկարահանելը որքան սպասված, այնքան էլ ռիսկային էր:

«Ռիսկի գործոնը կար, բայց այն արդարացված էր: Յուրաքանչյուր նոր բան սկսելիս ռիսկը մեծ է լինում՝ արդյոք այն կհավանի և կընդունի հեռուստադիտողը, արդյոք այն վարկանիշ կունենա: Մեր դեպքում ռիսկի գործոնը արդարացված էր, քանի որ սա մեր առաջին փորձը չէր և հետո արդեն ծանոթ հերոսների կողքին կան նոր դեմքեր, ու բոլոր դերասաններն էլ սիրված են հանրության կողմից»,- ավելացրեց նա:

Հարություն Ղուկասյանի խոսքով՝ հեռուստասերիալին ժամանակակից շունչ հաղորդելու համար աշխատում են նաև երիտասարդ սցենարիստի հետ. «Եթե տարիներ առաջ միայն ես էի «Վերվարածների» սցենարով զբաղվում, ապա այս անգամ որոշեցինք, որ ինձ հետ միասին կաշխատի նաև Սամվել Ղուկասյան, ով կփորձի ժամանակի շունչը հաղորդել սցենարին: Ինքս ճիշտ համարեցի, որպեսզի այս համագործակցությունը կայանա, քանի որ այն, ինչ 45 տարեկանը կմտածի, 25 տարեկան սցենարիստը չի անի և հակառակը: Այսպիսով հեռուստասերիալը հետաքրքիր կլինի բոլոր տարիքային խմբերին»,- նշեց մեր զրուցակիցը:

Ի դեպ՝ «Վերվարածները» այս անգամ հանդես կգա նոր անվանումով՝ «Անուղղելիները»: Ըստ սցենարիստի՝ բառն ինքնին հուշում է, որ սիրված հերոսներին տարիները չեն փոխել, նրանք պարզապես մեծացել են:

Ներկայացնելով դերասանական կազմը՝ Հարություն Ղուկասյանը պատմեց, որ նախկին դերասաններից գրեթե բոլորն էլ խաղալու են սերիալում. «Նախ պետք է ասեմ, որ երբ դերասաններին առաջարկվել է կրկին նկարահանվել այս սերիալում, բոլորն էլ սիրով համաձայնել են, չի եղել մեկն, ով գոնե կասկածի՝ արժե, թե ոչ: Սա սպասված նախագիծ էր նաև դերասանների և առհասարակ ստեղծագործական ողջ թիմի համար: Նախկին դերասանական կազմից միայն Լիպոյի հերոսին մարմնավորող Հայկ Սարատիկյանը չի մասնակցի, քանի որ ապրում է ԱՄՆ-ում, բայց նրան կփոխարինի Մակար Գալստյանը: Իսկ Կնյազի հերոսին մարմնավորող Արտյոմ Կարապետյանին, ով այժմ Ռուսաստանում  է ապրում, մասնակցության առաջարկ եղել է, բայց նա դեռևս հստակ պատասխան չի տվել՝ կվերադառնա՞ Հայաստան նկարահանվելու «Անուղղելիներում», թե ոչ: Ամեն դեպքում, ըստ սցենարի, Կնյազը Ռուսաստանում աշխատում է, մենք էլ հույս ունենք, որ ընթացքում Արտյոմը կմիանա մեզ»,- ընդգծեց սցենարի հեղինակը:

«Անուղղելիներում» արդեն սիրված ու հայտնի դերասանական կազմին կմիանան Գրիշա Աղախանյանը, Անահիտ Կիրակոսյանը, Լևոն Մուրադյանը, դպրոցական մի քանի երեխաներ և այլք:

Իսկ վերջում Հարություն Ղուկասյանը հավելեց «Մեծ ռեսուրսներ են ներդրվել այս նախագծի իրականության համար,  հույս ունեմ, որ հեռուստադիտողը կգնահատի մեր աշխատանքը: «Վերվարածները» առաջին հեռուստասերիալն էր հայկական հեռուստաշուկայում, այն տարիներ առաջ ռեկորդային դիտելիություն գրանցեց, հերոսները դարձան մարդկանց առօրյայի մի մասը, 9 տարի անց մենք կանենք ամեն բան՝ կրկնելու մեր իսկ սահմանած հաջողությունը»:

Աղբյուրը՝ panorama.am

loading...