Դերասանուհի Լուսին Վարդանյանի եւ Վահագն Խաչատրյանի ընտանիքն այս ամառ հանգստացել է Վրաստանի Բաթում քաղաքում: Դերասանուհին Life.panorama.am-ին պատմել է, թե ինչպես են անցկացրել սպասված հանգիստն ու ինչ փորձությունների միջով են անցել վերադարձի ճանապարհին:
«Երկու տարի առաջ ես ու Վահագնը հանգստացել էինք Բաթումիում ու շատ էինք հավանել: Հենց առաջին տպավորություններից ելնելով էլ՝ որոշեցինք, որ այս տարի կրկին կմեկնենք Բաթումի, միայն թե արդեն մեր աղջկա՝ Ռուզիկի հետ»,- նշեց Լուսինն ու պատմեց փոքրիկի առաջին արձագանքից.
«Թեեւ աղջիկս մեր Սեւանին եւս ծով է ասում, բայց ընդհանուր առմամբ Ռուզիկն առաջին անգամ էր ծով տեսնում: Փոքրիկս շատ սիրեց ծովը, ողջ հանգստի ընթացքում նրան անհնար էր ջրից դուրս հանել: Հետաքրքիր է, որ ջրից չէր վախենում, նույնիսկ վերջին օրը սուզվել սովորեց»,- պատմեց դերասանուհին:
Լուսինի խոսքով՝ հանգստի ընթացքում Ռուզիկը հասցրել է շփվել նաեւ դելֆինների հետ.
«Հանգստի ընթացքում գնացինք դելֆինարիում. Պետք է խոստովանեմ, որ այն պարզպես հրաշալի էր: Ռուզիկը մեծ կենդանիներից շատ էր վախենում, ու դելֆինարիում այցելելը մեզ համար հատուկ նպատակ ուներ. ուզում էինք, որպեսզի այդ վախը կոտրվեր փոքրիկիս միջից: Առաջին անգամ տեսնելիս՝ Ռուզիկը չէր հասկանում վախենա, թե ոչ, հետո ընտելացավ ու կարծես թե սիրեց նրանց»,- նկատեց նա:
Դերասանների ընտանիքը Բաթումիում 17 օր է անցկացրել.
«Չենք հասցրել հոգնել, բայց շատ էինք կարոտել: Առհասարակ ես երկար ժամանակով բացակայել դժվարանում եմ, 7-րդ օրն արդեն կարոտում եմ մեր Երեւանը, բայց քանի որ ծովն ու արեւը օգտակար է փոքրիկների համար, որոշեցինք, որ մի փոքր երկար մնանք»,- նշեց Լուսինը:
Այս ամռան հանգստի տպավորիչ հիշողությունները Լուսինի եւ Վահագնի համար Բաթումիից Երեւան վերադարձն է եղել.
«Քանի որ մեր մեքենայով առաջին անգամն էինք գնում Բաթումի, որոշեցինք օգտվել նավիգատորից, որը գնալուց շատ լավ ցույց տվեց մեր ճանապարհը, բայց այ վերադառնալիս ամեն ինչ այնքան էլ հարթ չանցավ: Վերադառնալիս մինչեւ Թբիլիսի նորմալ հասանք, այնտեղ էլ նշեցինք մեր սահմանի անունն ու ճանապարհ ընկանք, երբ արդեն երեկո էր: Իմ տեսողական հիշողությունը շատ լավ է, ընթացքում հասկացա, որ սա այն ճանապարհը չէ, որով եկել էինք: Նավիգատորը ճիշտ էր ցույց տալիս, բայց մենք հայտնվել էինք անհարթ ու անմարդաբնակ մի վայր, որտեղ մութ էր, մարդատար մեքենաներ առհասարակ չկային եւ միայն երբեմն-երբեմն մեծ մեքենաներ էին անցնում: Ընթացքում հանդիպեցինք ոստիկանների, որոնք հաստատեցին, որ ճիշտ ենք գնում, մենք էլ ստիպված շարունակում էինք ընթանալ: Արդյունքում հասանք մի կետի, որտեղ արդեն անանցանելի էր, իսկ դիմացն էլ մեծ ջրափոս: Վերջ ի վերջո մեզ հաջողվեց այդ ճանապարհով հասնել սահման, որտեղ աշխատակիցները ահագին ծիծաղեցին՝ լսելով մեր պատմությունը: Պարզվեց, որ մենք եկել ենք Գոգավանով, որտեղով անցնում են բեռնատարները՝ խցանումներից խուսափելու նպատակով: Իսկապես արկածներով լի վերադարձ էր, որի ժամանակ շատ էինք վախեցել, բայց հիմա ծիծաղով ենք պատմում ու հիշում»,- նշեց Լուսին Վարդանյանն ու հավելեց, որ դա միակ արկածը չի եղել.
«Երբ նոր էինք դուրս եկել Բաթումիից, ոստիկանները կանգնեցրին մեր մեքենան: Նրանք որոշեցին, որ Վահագնը ալկոհոլի ազդեցության տակ է, բայց մենք դրա գիշերն էինք միասին խմել: Ավելի ուշ պարզվեց, որ մեզ խաբել են, Վահագնին տարան համապատասխան վայր, որտեղ հերքվեց խմածությունը: Արդյունքում անիմաստ քաշքշուկների մեջ ընկանք, էլ չասեմ, որ պետական վճարումներ արեցինք: Այդ առումով, կարծում եմ, մեր ոստիկանները շատ ավելի բարեհամբյուր են: Նրանք անգամ հաշվի չառան փոքրիկին ու մեզ համար անիմաստ անհարմարություններ ստեղծեցին»,- հավելեց նա:
«Ընդհանուր առմամբ ես գոհ եմ մեր հանգստից: Մենք շատ ենք հավանում նաեւ վրացական խոհանոցը: Պետք է նկատեմ, որ այս տարի հայերի հոսքը Վրաստան շատ մեծ է եղել, այնտեղ հանդիպեցինք մեր ընկերներից մի քանիսին ու իսկապես հագեցած օրեր անցկացրինք»,- ընդգծեց Լուսինը:
Դերասանուհին դեռեւս չի անցել աշխատանքային առօրյային, բայց իր խոսքով՝ այդ ուղղությամբ քայլեր տարվում են.
«Դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասաններով նոր ներկայացում ենք բեմադրում, որի պրեմիերան շուտով կկայանա: Հիմա նկարահանվում եմ «Ճակատագիրը» հեռուստասերիալում, որը ցուցադրվում է ամերիկաբնակ մեր հայրենակիցների համար: Բացի դրանից մի հրավերներ ունեմ, որի մասին կխուսափեմ խմորման փուլում խոսել: Ամեն դեպքում, կարծում եմ, հեռուստադիտողը շուտով ինձ կտեսնի նախագծերից մեկում»,- ավարտեց Լուսին Վարդանյանը:
Աղբյուրը՝ panorama.am