Երգչուհի Լիդուշիկն այսօր` սեպտեմբերի 1–ին, Պեյո Յավորովի անվան 131 դպրոցում էր, որտեղ նա 12 տարի առաջ արել է իր առաջին քայլերը։ Նա իր ուսուցչի հրավերով եկել էր դպրոց` ողջունելու առաջին դասարանի աշակերտներին։ Tert.am Life–ի հետ զրույցում Լիդուշիկը պատմեց երեխաների հետ հանդիպման և իր հիշողությունների մասին։
«Արդեն 4 տարի է, ինչ ավարտել եմ դպրոցը։ Ինձանից հետո իմ դասղեկի դասարանում է սովորել իմ մեծ եղբայրը, հետո փոքր եղբայրս։ Հիմա, ցավոք սրտի, ընտանիքի անդամներից ոչ մեկ չունենք, որ սովորի ընկեր Նազարեթյանի մոտ։ Բայց շատ երեխաներ կան, որոնք իմ ընկերների և դասընկերների քույրերն ու եղբայրներն են և հիմա էլ սովորում են իր մոտ»,– ասաց երգչուհին։
Խոսելով հանդիպման մասին` Լիդուշիկը նշեց. «Երբ երեխաները տեսան ինձ, սկզբում զարմացան, հետո մինչև հասկացան, որ իրական Լիդուշիկն եմ` իմ գնալու ժամանակն էր։ Դասարանում մի քանի երգեր երգեցինք ու լուսանկարվեցինք։ Հիմա էլ շտապում եմ իմ սեպտեմբերի 1–ը նշելու»։
Լիդուշիկը նշեց, որ ոչ հաճախ, բայց տարվա ընթացքում կարողանում է այցելել դպրոց և տեսնել իր ուսուցիչներին։ «Դեպքեր լինում են, որ գալիս եմ դպրոց` ուսուցիչներիս տեսնելու ու կարոտս առնելու։ Երբ ընդունվում ես քոլեջ, որտեղ ուրիշ միջավայր է տիրում ու հիմնականում քո մասնագիտության տեր մարդիկ են, սկսում ես դպրոցը կարոտել։ Դրա համար փորձում եմ գոնե տարին մեկ անգամ գալ դպրոց»,– նշեց նա։
Երգչուհու խոսքով` դպրոցն ամեն անգամ վառ հիշողություններ է արթնացնում իր մոտ։ «Այսօր հիշեցի իմ առաջին քայլերը։ Մեզ 12–րդ դասարանի աշակերտներն էին ուղեկցում դասարան։ Իմ ձեռքում էր զանգը։ Ես եմ հնչեցրել մեր առաջին զանգը»,– հավելեց Լիդուշիկը։
Ի դեպ, 18–ամյա երգչուհին սովորում է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի 4–րդ կուրսում։ «Այս տարի ավարտելու եմ։ Հետագայի հետ կապված դեռ ինչ–որ մտքեր չունեմ։ Միայն մի բան է հաստատ` որշարունակելու եմ իմ մասնագիտությամբ զբաղվել»,– եզրափակեց նա։
Աղբյուրը՝ tert.am