Ինչպես ասում են՝ գեղեցկությունը զոհեր է պահանջում: Շատերն են պատրաստ ավելի գեղեցիկ տեսք ունենալու համար դիմել պլաստիկ վիրահատությունների: Իսկ ժամանակակից բժշկությունը թույլ է տալիս անճանաչելիոն փոխել արտաքինը:

Թեև ամբողջ աշխարհն է այսօր օգտվում արտաքին բոլոր թերությունները վերացնելու հնարավորությունից, սակայն հայերի մոտ պլաստիկ վիրաբուժությունն ասոցացվում է քթի վիրահատության հետ: Հայաստանում, իհարկե, քթի վիրահատությունը չի զիջում դիրքերը. նախկին տարիների համեմատ այժմ էլ մեր երկրում մեծ տարածում ունի հենց քթի պլաստիկան: Ըստ վիճակագրության, հիմնականում քթի վիրահատության դիմողների միջին տարիքը 25-35 -ն է, դիմողները մեծամասամբ կանայք են: Սակայն պետք է նշել, որ վերջին տարիներին ավելացել է քթի պլաստիկայի դիմող հայ տղամարդկանց թիվը ևս:

Քթի վիրահատության գները բավական տարբեր են՝ կախված առաջարկվող ծառայությունից, բժշկական հաստատությունից և բժշկից: Գները կարող են տատանվել 300 հազարից՝ հասնելով 800 հազար դրամի: Բացի քթի վիրահատություններից, բավական տարածված են դեմքի այլ մասերի և ականջների վիրահատությունները: Վերջին տարիներին Հայաստանում մեծ տարածում են գտել նաև կրծքերի վիրահատություններն ու լիպոսակցիան:

Այս բոլոր ծառայությունների դեպքում ևս գնային քաղաքականությունը տարբեր է՝ կախված վիրահատվող հատվածից: Առհասարակ, պլաստիկ վիրահատությունների գները տատանվում են 200-800 հազար դրամի սահմաններում: Քիչ չեն նաև դեպքերը, երբ նույն վիրահատության համար անձը դիմում է երկրորդ անգամ: Հավելենք,  որ վիրահատական միջամտության համար Հայաստանում շատ են դիմում նաև արտերկրից, և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այստեղ, ի տարբերություն եվրոպական երկրների, բժշկական ծառայություններն ավելի մատչելի են: Սակայն նախորդ տարիների համեմատ` Հայաստանում թանկացումներ են եղել: 

Աղբյուրը՝ armlur.am
 

loading...