Armlur.am-ի հետ զրույցում Սեպտեմբերի 1-ի հետ կապված իր հիշողություններով կիսվել է դերասան Արթուր Հակոբյանը: Asekose.am-ը ներկայացրել է զրույցից մի հատված, որը ներկայացնում ենք ստորև.

«Դպրոցում ինչ արտառոց դեպք լիներ, ես մասնակից էի: Իմ սիրելի առարկաներն էին հայոց լեզուն եւ գրականությունը: Ես գիտեի` ինչ առարկաներ են ինձ հարկավոր ընդունելության քննությունների համար, դրանք լավ սովորում էի, իսկ մյուս առարկաներին մոտ չէի գնում: Քիմիայիս գիրքն, օրինակ, թարմ էր մնում ողջ տարվա ընթացքում»,-խոստովանեց նա: Դերասանը հիշեց զվարճալի դեպքեր` կապված դպրոցական տարիների հետ: «Դիմացս նստում էր մի աղջիկ, որի հյուսքն ինձ խանգարում էր, նա դիտմամբ այն խփում էր երեսիս: Մի օր ասացի` մկրատը բերելու եմ, հյուսքդ կտրեմ: Մյուս օրն այդպես էլ արեցի ու հիշում եմ, որ դրանից հետո շատ խառը պատմությունների մեջ ընկա»,-ծիծաղելով նշեց նա: Ա.Հակոբյանի խոսքով, երբ ինքն ավելի մեծ էր` 10-րդ դասարանում էր սովորում, սովորաբար դիտավորյալ ուշանում էր դասից. «Հենց դասարանի դուռը բացում էի, ուսուցչիս եւ իմ միջեւ շատ զվարճալի դիալոգ էր սկսվում, որին սպասում էր ողջ դասարանը. -Իյա՜, բարեւ Ձեզ, պարո՛ն Հակոբյան: -Բարեւ Ձե՜զ, բարեւ Ձե՜զ: -Համեցե՜ք, նստե՜ք: Եվ այդպես` ամեն օր: Մի անգամ էլ երբ հերթական անգամ ուշացած մտա դասարան, ուսուցիչս ոչինչ չասաց, ես էլ հարցրի, ասացի. «Բա ինչո՞ւ չեք ասում` իյա՜, բարեւ Ձեզ, պարոն Հակոբյան»: Որ չպատասխանեց, ներս նայեցի, տեսա, որ տնօրենը եկել էր դասալսման, կապտեցի: Հենց վերջինս իմ դեմքը տեսավ, ասաց. «Իյա՜, բարեւ Ձեզ, պարո՛ն Հակոբյան»: Էդպես տնօրենս պահանջեց օրագիրս, բայց օրագիր չկար պայուսակիս մեջ, ստիպված ասացի, որ մայրս մոռացել է դնել: Ասաց. «Ա՛յ տղա, 10-րդ դասրան ես, մա՞յրդ է պայուսակդ դասավորում (իհարկե, դա այդպես չէր)»: Հետո պահանջեց, որ գրքերս ցույց տամ, գիրք էլ չէի տարել: 

Աղբյուրը՝ asekose.am

loading...