Կամակորությունը, առանց բացառությունների, յուրաքանչյուր երեխայի զարգացման անբաժանելի մասն է: Առհասարակ մայրիկները պետք է ուրախանան կամակորության արտահայտման համար, քանի որ որքան շուտ այն արտահայտվի, այնքան շուտ կհաղթահարվի փուլը և կանցնի: Երեխաները երբեք կամակորություն չեն անում՝ հանուն կամակորության, այնպես, ինչպես մեծահասակները, առանց պատճառի չեն տխրում կամ լաց լինում: Երեխայի կամակորությունն ազդանշան է ինչ-որ պահանջմունքի, հետևաբար՝ ծնողները պետք է շատ խելացի և հետևողական լինեն, ինչպես նաև մեծ համբերատարությամբ վերաբերվեն երեխայի վարքային դրսևորումներին: Պետք է նաև գիտակցել, որ երեխաներն էլ ժամանակ առ ժամանակ կարող են լաց լինել, հայտնել իրենց դժգոհությունը, արտահայտել տխրությունը և պահանջներ ներկայացնել: Իհարկե, մենք այս ամենն այլ կերպ ենք դիտարկում, և շատ դեպքերում մտածում ենք, որ երեխաներն այդպիսով դիմում են մանիպուլյացիայի՝ իրենց ուզածին հասնելու համար: Սակայն մոռանում ենք, որ, չնայած իրենց տարիքին, նրանք էլ ունեն իրենց ճանաչած աշխարհի սահմաններին համապատասխան պահանջները, որոնք, միգուցե, մեզ համար շատ տարօրինակ կամ անկարևոր թվան: Այնուամենայնիվ, դիտարկենք մի քանի մոտեցում, որոնք հնարավորություն կտան առանց երեխային վնասելու՝ զսպել և կանխել կապրիզային արտահայտումները:
Առաջարկեք փոքր-ինչ ուշ լաց լինել։ Երեխային առաջարկում ենք հետաձգել իր լացը մինչ երեկո, քանի որ արևը հիմա երկնքում է և քիչ անց մայր է մտնելու: Իսկ փոքրիկը չի հասցնի զբոսնել և խաղալ բակում: Նման մոտեցմամբ մենք երեխայից չենք խլում լաց լինելու իրավունքը, մենք այն միայն հետաձգում ենք: Երբ կարևորվում է երեխայի հույզը, նա իրեն հասկացված է զգում և տալիս է իր համաձայնությունը:
Գիտակցված լաց։ Խնդրեք երեխային շշուկով լաց լինել, քանի որ նա կարող է արթնացնել հայրիկին, կամ, որովհետև մայրիկն ունի գլխացավ: Նման դեպքում երեխայի մոտ իսկական լաց դժվար թե ստացվի: Նորից չենք խլում կամ չենք արգելում լաց լինելը:
Անուշադրության մատնված կամակորություն։ Վատ տրամադրության անտեսումն աստիճանաբար անցկացնում է այն: Փորձում ենք չնկատել երեխայի անտրամադիր դեմքի արտահայտությունը, սակայն չենք անտեսում լիովին՝ պահելով սթափությունն ու ամեն պահ մխիթարելու պատրաստակամությունը:
Շրջանցում ենք լացը։ Այս մոտեցումը հիմնականում շատ փոքրերի հետ է արդյունավետ գործում: Առանց սպասելու պատասխանի՝ արագ-արագ հագցնել կամ ինչ-որ գործողություն անել՝ հնարավորություն չտալով երեխային պատասխանել կամ արտահայտել իր կամակորությունը:
Խոսել-խոսել։ Այս մեթոդը նույնպես կիրառելի է հիմնականում շատ փոքր տարիքի երեխաների համար: Մեթոդի էությունն այն է, որ պետք է անընդհատ խոսել օգտակար իրերի, երևույթների և գործողությունների մասին՝ շեղելով երեխայի ուշադրությունը: Իհարկե, նման մոտեցումը շատ էներգիա է պահանջում, սակայն ընդդիմացող երեխան կսկսի լսել ձեզ՝ մոռանալով լացը: Կարելի է ակտիվ խոսքը զուգակցել որևէ համեղ կամ սիրելի ուտելիքի հյուրասիրությամբ:
Խուտուտ։ Ո՞ր երեխան չի սիրում խտղտում: Երեխային հանգստացնելուց հետո կարելի է կիրառել այս մեթոդը, որպեսզի ապահովենք նրա բարձր տրամադրությունը: Սակայն, եթե երեխայի մոտ նկատվում է անզուսպ ջղայնության կամ խուճապի նոպա, ապա խտղտումը կարող է ավելի բարդացնել իրավիճակը:
Շեղել երեխայի ուշադրությունը։ «Տե՛ս, ինչ սիրուն ծաղիկ է», «Նայի՛ր, փիսոն խաղում է» և այլ բացականչություններով կարելի է շատ արագ շեղել երեխայի ուշադրությունը, եթե օգտագործենք այնպիսի բառեր, որոնք երեխայի հետաքրքրությունների շրջանակի մեջ են:
Հրաշք։ Այս մեթոդը նախորդի շարունակությունն է: Փոքրիկին կարելի է ասել, որ հրաշագործը հարևան սենյակում նրա համար նվեր է թողել, և պետք է այն արագ վերցնել: Կարևորը՝ նման մեթոդ կիրառելիս չմոռանաք նվերի մասին, քանի որ վերջինիս բացակայությունը երեխային հուսախաբ կանի: Տարիքով ավելի մեծ երեխաներին կարելի է տանել այնպիսի խաղահրապարակներ, որտեղ կան հայտնի հեքիաթների հերոսներ: Սակայն նման տեղ այցելելուց առաջ երեխային պետք է ասել, որ հեքիաթների հերոսները չեն խաղում լացող երեխաների հետ:
Բացահայտել պատճառը։ Հաճախ բավական է լինում փոքրիկի հետ խոսել իր լացի պատճառների մասին, որպեսզի նա դադարի լաց լինել: Երեխային պետք է ցույց տալ, որ դուք հասկանում եք իրեն և պատրաստ եք կատարել նրա այլ ցանկությունները, եթե նա հանգիստ մթնոլորտում դրանք քննարկի ձեզ հետ:
Էներգիայի լիցքաթափում։ Ակտիվ երեխաներին ավելի դժվար է կառավարել սեփական բացասական էմոցիաները: Փոքրիկին առաջարկեք խաղալիք կամ որևէ այլ իր, որի միջոցով նա կկարողանա լիցքաթափվել: Լավ տարբերակներ են փափուկ բարձը կամ խաղալիք մուրճը:
Զվարճալի արարողություն։ Եթե նկատում եք, որ երեխան ուզում է լացել, ապա կարող եք նրան զվարճացնել անսպասելի գործողություններով, օրինակ՝ միացրեք վարսահարդարիչը՝ արցունքները չորացնելու, կամ փոշեկուլը՝ վատ տրամադրությունը «մաքրելու» համար: Մի օգտագործեք նման իրեր, եթե երեխան վախենում է բարձր ձայներից:
Գրկեք երեխային։ Որոշ դեպքերում միայն գրկելը բավական է, որպեսզի երեխային ցույց տաք, թե որքան թանկ է նա ձեզ համար, և, թե որքան եք նրան սիրում և հասկանում: Դուք նրան սիրում եք իր բոլոր վիճակներում՝ թե՛ լացելիս, թե՛ խուճապի մեջ:
Աղբյուրը՝ 168.am