Օրերս Սարոն իր երկրպագուներին հանձնեց նոր` «Խոստանում եմ» տեսահոլովակը, որտեղ գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Լիա Զախարյանը: Սա տեսահոլովակում նկարահանվելու դերասանուհու առաջին փորձն է:
«Լսելով սիրելի երգչի անունը, ում երգերը նախքան նրա հետ նկարահանվելը միշտ լսել եմ, հետեւել աշխատանքային գործունեությանը` համաձայնեցի: Հետաքրքրված եւ ոգեւորված էի նոր հերոսուհու կերպարով: Ամենակարեւոր գործոններից մեկն էլ այն է, որ պատիվ էի ունենալու աշխատել ռեժիսոր Արեն Բայադյանի հետ: Հաճույքով ընդունեցի առաջարկը»,- BRAVO.am-ին ասել է Լիան եւ հավելել, որ առաջարկը ստանալիս դեռ չէր գիտակցում` ինչ է լինելու, ինչ են ակնկալելու իրենից եւ ինչ ընթացք կունենան նկարահանումները:
Ռեժիսորի կողմից հերոսուհու կերպարի վերաբերյալ Լիային նախապես խնդիր էր առաջադրվել: Ինչպես ինքն է ասում, նախօրոք պատկերացրել է, թե ինչպիսին պետք է լինի իր խաղը, ինչպես պետք է իր սերն ու ցանկություններն արտահայտի, նայի սիրելիին, ժպտա եւ այլն:
Նկարահանման հրապարակում փորձել է մտածել ու զգալ ինչպես գլխավոր հերոսուհին: Մի շարք սերիալներից եւ հեուստանախագծերից հայտնի դերասանուհին նախապատրաստվել էր նաեւ ֆիզիկապես` մարմնամարզությամբ տեսքի բերելով մարմինը: Գիտեր` որտեղ պետք է տեղի ունենան նկարահանումները, ինչ հագուստով:
«Նկարահանման հրապարակում առաջին իսկ տեսարանից մտա կերպարիս մեջ ու փորձեցի մատուցել սպասելին: Ռեժիսորի հետ կոնտակտային աշխատանքը շատ էր օգնում: Ես ամբողջովին կերպարի մեջ էի, երկու ականջով դեպի ռեժիսորը` նոր խնդիրներ, ուղղումներ: Երբեմն կերպարից դուրս էի գալիս: Ե՛վ երգչի, ե՛ւ ռեժիսորի ու օպերատորի օգնությամբ կենտրոնանում էի աշխատանքիս վրա: Սիրեցի ինձ այդ կերպարում: Շնորհիվ ոճաբան Արամ Նիկոլյանի, մենք հետաքրքիր, չկրկնվող կերպար ստացանք»,- ասել է դերասանուհին:
Ի դեպ, Լիան անդրադարձել է նաեւ տեսահոլովակում առկա սիրային տեսարաններին: Նրա խոսքերով, կան զգացմունքային պահեր, հպում: Նայել է տեսահոլովակը: Կարեւորն այն է, որ գռեհիկ ոչինչ չկա: Կա անկեղծ զգացմունք, սեր, կիրք, ցանկություն, խենթություն, որը խաղի միջոցով պետք է ներկայացնել: Սա իր աշխատանքն է, եւ ինքը փորձում է աշխատանքի մեջ հնարավորինս պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել:
Լիան նշել է նաեւ, որ Սարոյի հետ ոչ միայն հեշտ, այլեւ չափազանց հետաքրքիր էր աշխատել: Շատ հումորով անձնավորություն է: Ոչ մի վարկյան իրեն լարված չի զգացել, չի բարդույթավորվել: Ակտիվ, հետաքրքիր աշխատանքի ընթացքում նույնիսկ քաղց ու հոգնածություն չի զգացել:
Աղբյուրը՝ Bravo.am