Լուիզա Ղամբարյանն ամուսնու եւ դստեր հետ ամառային արձակուրդը վայելել է Եգիպտոսում: Նոր լիցքերով վերադարձած դերասանուհին BRAVO.am-ին պատմել է հանգստի ընթացքում իր հաճելի զբաղմունքների եւ աշխատանքային նորությունների մասին:
«Առաջին անգամ էի Եգիպտոսում: Լողալուց բացի, կարողացա ընթերցանության բացը լրացնել, ինչի արդյունքում էլ պասիվ հանգիստ ունեցա: Աղջիկս նույնպես կարողացավ ուսումնական տարվանից առաջ վայելել հանգիստը. բավական ակտիվ էր, օգտվում էր ջրային զվարճանքներից եւ այլն»,-պատմել է նա:
Լուիզայի խոսքով՝ դեռ փոքր տարիքից դուստրն անհարմարություններ չի ստեղծել ճամփորդությունների ընթացքում.«4 տարեկանում նրա հետ Պրահա էինք մեկնել, որի գեղեցկությամբ կարելի է անվերջ հիանալ: Անկուշտի պես մի փողոցից մյուս թանգարանն էինք վազում, Գաբին էլ մեզ հետ հավասար քայլում էր ու բացարձակ նեղություն չէր տալիս, չէր հոգնում՝ չնայած, որ բավականին ծանրաբեռնված հանգիստ էր»:
Թատրոնում եւ կինոյում դերասանուհու առաջիկա անելիքները հստակեցված են: Նա երկու նոր ներկայացման մեջ է ընդգրկված.«Առաջինը Սուրեն Շահվերդյանի «Տրամվայ, ցանկություն»-ն է, որը հանդիսատեսի դատին կհանձնենք աշնանը: Իսկ Ժան Նշանյանի «Եկեք անկեղծ խոսենք» ներկայացման մեկնարկը նոր է տրվել, պրեմիերան նախատեսված է գարնանը: Երկու տարբեր հոգեվիճակներ ներկայացնող կերպարներով եմ հանդես գալու: Ունեմ նաեւ սերիալի առաջարկ, որն ընդունել եմ, բայց մանրամասների մասին խոսելը դեռ վաղ է»:
Աղբյուրը՝ Bravo.am