«Իրենք պատասախա՞ն են տալու իմ առողջության համար, ես միայնակ մայր եմ, էլ չեմ ասում, որ ոչ մի ասմունքող չի լուսաբանում մեր հայ մեծերին այնքան, որքան ես: Ոչ մեկն ինձ չի օգնում, անգամ մշակույթի նախարարությունը, ես ամեն ինչ ինքս եմ անում»,-Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում իր վրդովմունքը հայտնեց ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանը երեկ իր հետ տեղի ունեցած տհաճ միջադեպից հետո:
«Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Մինչ այժմ սիրտս կծկվում է, պետք է բժշկի դիմեմ: Մեր համակարգի աշխատողները` կլինեն պետավտոտեսուչներ կամ ոստիկաններ, կարող են յուրաքանչյուր քաղաքացու այս վիճակի հասցնել: Ես պարզապես որպես քաղաքացի իմ 1 տարեկան երեխայի հետ մեքենայով անցնում էի Պռոշյանով՝ նախագահի տան հատվածում, որտեղ կանգնած էին պետավտոտեսուչներ։ Նրանք իրավունք չունեին իմ հետևից գալու, դա խախտում է, սակայն նրանք իմ հետևից ընկան, և ես կանգնեցի: Որևէ խախտում չէի արել։ Ասում են, որ տեխզննման կտրոնս չեմ թարմացրել արդեն 3 ամիս է: Ես նրան շնորհակալություն հայտնեցի, որ ինձ զգուշացրել է այդ մասին, և խնդրեցի բաց թողնել, քանի որ երեխաս անդադար լաց էր լինում այդ ընթացքում, և ես նրան պետք է տուն հասցնեի: Բայց պետավտոտեսուչը հրաժարվեց` պնդելով, որ պետք է արձանագրի: Ես նրա հետ «ջան»- ով խոսելով փորձում էի բացատրել, որ անպայման կանեմ այդ մուծումը, պարզապես լացող երեխայիս տուն հասցնելուց հետո: Չհամաձայնեցին, փող աշխատելու տարբերակ էին գտել: Ես արդեն 7 տարվա վարորդ եմ, և չի եղել դեպք, երբ մեքենաս տեխզզնման տանելիս տեսնեն, թե ինչպես է աշխատում շարժիչը կամ անվադողը, ոչ մի անգամ նման զզնում իմ մեքենան չի անցել: Այդ կտրոնը ձևական բնույթ է կրում, դա միայն թղթի կտոր է, որ մտցնես նրանց ապուշ աչքը»,- պատմեց Լիանան:
Վերջինիս զայրացրել էր հատկապես այն փաստը, որ պետավտոտեսուչներն ուշադրություն չէին դարձնում իր 1 տարեկան փոքրիկի վրա, ով անդադար լաց էր լինում:
«Ասում եմ, որ ես զբաղվում եմ պոեզիայով, ասմունքում եմ, սակայն նրանք քմծիծաղով հարցնում են` պոեզիան ինչ է, Սևակն ու Սահյանն ովքեր են: Երեխան էլ մի կողմից է լացում, գոռում։ Բարկացած մեքենաս գործի եմ դնում։ «Զադնի տալուց» խփում եմ հետևում կանգնած նրանց մեքենային, սակայն այն չի վնասվում, պարզապես համարն է ընկնում: Ասում եմ՝ պետավտոտեսուչներ, ձեզ մայր չի՞ բերել: Միայնակ մայր եմ, մի՞թե չեք կարող ընդառաջել, որ լացող երեխային տուն հասցնեմ։ Իմ այդ խոսքերից ավելի են վրդովվում, կանչում են իրենց ղեկավարին` Բադալյանին: Պարտադրում են, որ սպասեմ ԱՊՊԱ-յին, քանի որ ԱՊՊԱ-ն փոխհատուցում է 100.000 դրամի չափով, իսկ այդ գումարը նրանք իրար մեջ կբաժանեին: Փորձում էի հարցը մարդկայնորեն լուծել, բայց ոչ մի կերպ չէր ստացվում: Մոտ մեկ ժամ սպասել ենք, երեխաս հոնգուր-հոնգուր լաց էր լինում: Փոքրիկս այնքան էր լացել, որ էլ ձայնը դուրս չէր գալիս։ Ապահովագրական ընկերության ներկայացուցիչները կարգավորեցին բոլոր հարցերը, ինչի համար շատ շնորհակալ եմ նրանց»,- Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց ասմունքողը:
Զրույցի վերջում Լիանան վստահեցրեց, որ 7 տարվա ընթացքում նման տհաճ միջադեպեր իր հետ տեղի չեն ունեցել, և հույս հայտնեց, որ սա կլինի առաջինն ու վերջինը:
Աղբյուրը՝ bravo.am