Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 30-ից «Արմենիա TV»-ի եթերում կմեկնարկի «Հայաստանի ձայնի» 4-րդ եթերաշրջանը, որի շրջանակում ժյուրիի անձնակազմում հանդես կգան Նունե Եսայանը, Արամեն, Սոֆի Մխեյանն ու Սեւակ Խանաղյանը: Նախագիծը շուրջ երկու տարվա դադար ուներ եւ շատերն էին սպասում նոր մեկնարկին: Միաժամանակ, ժյուրիի անձնակազմի բացահայտումը կարծես թե նոր ալիք բարձրացրեց հանրության շրջանում. Շատերի կարծիքով նրանք այնքան էլ համապատասխան չեն այս նախագծին:
Life.panorama.am-ը «Հայաստանի ձայնի» նոր եթերաշրջանի, մարզիչների ընտրության, քննադատությունների ու հաղորդավարական կազմի մասին խոսել է «Հայաստանի ձայն 4»-ի գլխավոր պրոդյուսեր Իրինա Վարդանյանի հետ:
Նախ խոսելով մարզիչների հայտարարումից հետո առաջացած մեծ աղմուկ մասին, եւ նկատելով, որ արտերկրում այս նախագծի ժյուրիի կազմը հազվադեպ է փոխվում՝ ի տարբերություն մեր երկրի, պրոդյուսերը նշեց.
«Ժյուրիի կազմում ցանկացած փոփոխություն հենց այնպես չի արվում: Այդ որոշումը կայացնելիս մենք երկար քննարկումներ ենք ունենում Հոլանդիայի մեր գործընկերների հետ: Մենք նախապես նրանց ենք առաջարկում մեր ընտրած երգիչ-երգչուհիների ցանկը, ներկայացնում նրանց կատարած աշխատանքը, գործունեությունը եւ այլն, որից հետո էլ համատեղ ընտրություն ենք կայացնում: Ասեմ, որ ժյուրիի կազմի հետ կապված կան հատուկ օրենքներ: Ըստ դրանց՝ ժյուրիի կազմում պետք է լինի 45-50 տարեկան, ով ցանկալի է, որ ժողովրդական ժանրի երգիչ լինի, երկուսը պետք է լինեն 30-40 տարեկանի սահմաններում եւ մեկը՝ մինչեւ 32 տարեկան: Ինչ վերաբերվում է ժյուրիի կազմի հաճախակի փոփոխությանը, սա մեր երկրի մաշտաբների հետ է կապված: Մենք կարող ենք պայմանավորվածություններ ունենալ տարբեր երգիչ-երգչուհիների հետ, բայց նրանք այնքան հաճախ են հյուրախաղերի մեկնում, որ երբեմն անհնար է լինում համագործակցելը: Օրինակ՝ մենք նախնական պլանավորել էինք, որ այս տարվա ժյուրիի կազմում լինի Հարութ Փամբուկչյանը, բայց դա մեզ չհաջողվեց, քանի որ նա խիստ զբաղված էր ու չէր կարող երկար ժամանակով գալ Հայաստան: Դե իսկ յուրաքանչյուր պարագայում մարդկանց քննադատություններն ու բողոքները, կարծում եմ, նորմալ է: Մարդիկ սիրում են չհամաձայնել այն ամենի հետ, ինչ իրենց առաջարկվում է: Ես վստահ եմ, որ եթե այս կազմի փոխարեն մեկ ուրիշը լիներ, դարձյալ նման մեծ ալիք էր բարձրանալու, քանի որ նախորդ տարիներին էլ նույն նախադեպն ենք ունեցել: Հավելեմ նաեւ, որ մենք մեր նախկին մարզիչներից բոլորի հետ հրաշալի հարաբերություններ ունենք, նրանցից մի քանիսն անգամ հիմա էլ մասնակցում են մեր լսումներին ու իրենց կարեւոր խորհուրդներն են տալիս»:
«Հայաստանի ձայնի» վերջին եթերաշրջանը կայացել էր 2015-ին, հետաքրքրվելով, թե ինչի՞ հետ էր կապված երկու տարվա ընդմիջումը, պրդյուսերը նշեց.
«Հայաստանը նման մրցույթների հաճախակի կազմակերպման համար փոքր պետություն է: Քանի որ մեր երկրում երաժշտական նախագծերը շատ են, ուստի դադարներն էլ պետք են. ժամանակ է հարկավոր, որպեսզի նոր ձայներ լինեն, հատկապես, որ նման նախագծեր հիմնականում 16 տարեկանից կարող են դիմել: Հիմա ուրախությամբ կարող եմ ասել, որ հրաշալի մասնակիցներ են հավաքվել: Այս տարի դիմորդների քանակը կրկնակի շատ է նախորդ տարիներից: Իսկապես, բավականին լավ նախնական քասթինգ ենք կատարել, որոնց միջեւ ժյուրին կդժվարանա ընտրություն կատարել»:
«Հայաստանի ձայնը 4»-ում հայտնի կանոններից զատ նոր՝ անակնկալ մոտեցումներ են լինելու.
«Հոլանդիայի մեր գործընկերները միշտ էլ շատ մանրամասնորեն հետեւում են մեր աշխատանքին, միաժամանակ նաեւ ամեն անգամ նոր մոտեցումներ են առաջարկում կիրառել՝ ընտրությունը թողնելով մեզ, քանի որ ամեն երկրի համար յուրօրինակ առանձնահատկություններ գոյություն ունեն: Այս անգամ մի քանի հետաքրքիր մոտեցումներ ենք արել մեր գլխավոր ռեժիսոր ու կրեատիվ պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի հետ, որոնց մասին չեմ խոսի՝ թողնելով անակնկալ: Միայն կասեմ, որ մեր քայլերը ստրեսային են լինելու թե մասնակիցների, թե ժյուրիի, թե հեռուստադիտողի համար»,- հավելեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով մասնակիցների հոգեբանական կողմին եւ փաստելով, որ դուրս մնացած մասնակիցներին հիմնականում թվում է, թե մրցույթն անարդար էր, Իրինան նկատեց.
«Անկեղծորեն պետք է ասեմ, որ հեռուստադիտողը շատ բան ուղղակի չի կարող տեսնել: Երբեմն ետնաբեմում այնպիսի բաներ են կատարվում, որոնցից հետո անգամ օպերատորներն են փորձում թաքցնել իրենց արցունքները: Որքան էլ նման նախագծերը շոու են համարվում, միեւնույն է, մարդիկ չափից ավելի լուրջ են այդ ամենին մոտենում, դրա համար էլ մենք միշտ փորձում ենք մեզ մոտ ունենալ հանգստացնող դեղամիջոցներ ու ստեղծել դրական մթնոլորտ: Այո, դուրս մնացած մասնակիցներին մշտապես թվում է, թե իրենց հետ անարդար վարվեցին: Այս խնդիրը եղել է ու միշտ էլ կլինի: Առաջ այդ մոտեցումը վերագրում էի միայն հայերիս, բայց, հետագայում մասնակցելով միջազգային մի շարք մրցույթների, հասկացա, որ դա համամարդկային հոգեբանություն է, որը շատ բնական է: Կարծում եմ՝ մենք շատ ու շատ անգամ ենք ապացուցել, որ փորձում ենք արդար գտնվել: Դրա վառ օրինակը Ռաիսա Ավանեսյանի հաղթանակն էր: Բոլորս էլ գիտենք, որ մասնակիցների բարեկամներն ու ընկերներն են ամենաշատ քվեարկողները, այդ իսկ պատճառով 2015-ին մենք որոշում կայացրինք ու եզրափակչից մի քանի րոպե առաջ հայտնեցինք, որ քվեարկել կարող են մեկ հեռախոսից միայն մեկ անգամ: Այդպիսով, Ռաիսան, ով Հայաստանում շատ բարեկամներ ու ընկերներ չուներ, իր ձայնի շնորհիվ կարողացավ հաղթել»:
Զրույցի վերջում Իրինա Վարդանյանը բացահայտեց «Հայաստանի ձայնը 4»-ի հաղորդավարուհուն.
«Այս նախագծում կարեւոր է ոչ միայն ժյուրիի, այլ նաեւ հաղորդավարական կազմի ընտրությունը: Ասեմ, որ այս անգամ եւս Նազենի Հովհաննիսյանն իր շքեղ զգեստով ու ոսկեղեն հայերենով կզարդարի «Հայաստանի ձայնի» բեմը, դե իսկ մյուս հաղորդավարին չեմ բացահայտի, միայն կասեմ, որ նա արտերկրից է հրավիրված»,- ավարտեց նախագծի գլխավոր պրոդյուսերը: