Ի՞նչն է մարդկանց դրդում ինքնասպանության։ Հոգեբան Խաչատուր Գասպարյանը խոսում է հիմնական խնդիրների մասին, որոնց պատճառով հայերը փորձում են ինքնասպանություն գործել։
Հոգեբուժական պատճառներ
Երբեմն ինքնասպանություն են գործում հոգեբուժական որոշ խանգարումներով տառապող հիվանդները։ Իհարկե, նման պարագայում ինքնասպանությունը այդ մարդկանց գիտակցված ընտրությունը չէ, ինչի պատճառով նրանք երբեմն կարող են չհասկանալ, թե ինչ և ինչու են անում։
Սոցիալ-հոգեբանական պատճառներ
Երբեմն մարդկանց ինքնասպանության են դրդում սոցիալ-հոգեբանական պատճառները, օրինակ՝ ֆինանսական կամ անձնական խնդիրները։ Հոգեբանը նշեց, որ եթե ինքնասպանությունների թեման լայնորեն քննարկվում է լրատվամիջոցներում, անհաղթահարելի թվացող խնդրի հետ բախված մարդը կարող է կարծել, որ դա իր համար ելք կարող է լինել։ Շատ հնարավոր է, որ նա ինքնասպանությունը որպես ելք չդիտարկեր, եթե նրան «նման մտահաղացում չտային» շրջապատում հայտնված ինքնասպանությունների մասին տեղեկությունները։
Ինքնասպանությունների ֆետիշացում
Հայաստանում ինքնասպանությունը երբեմն ֆետիշացվում է, ինչը նախկինում այդ մասին չմտածող մարդկանց կարող է դրդել ինքնասպանություն գործել։ Օրինակ՝ հոգեբանը հիշեց մի դեպք, երբ դպրոցում ինքնասպանություն գործած աշակերտի լուսանկար են փակցրել, և բոլորը սկսել են խոսել այդ մասին։ Արդյունքում մի քանի այլ աշակերտներ մտածեցին այդ մասին՝ կարծելով, որ նման կերպ կկարողանան իրենց նկատմամբ ուշադրություն գրավել։
Հայտնի են նաև դեպքեր, երբ երեխաները կամ դեռահասները փորձել են ինքնասպանություն գործել ֆիլմերի կամ հերոսների օրինակին հետևելով։ Հոգեբանը նշեց, որ հենց այդ պատճառով ինքնասպանության թեման մեծ զգուշավորություն է պահանջում. այն ոչ մի կերպ չի կարելի ռոմանտիկացնել, դրա մասին չափից շատ խոսել ևս չի կարելի։
Նշենք, որ 2017 թվականից սկզբից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ինքնասպանությունների վերաբերյալ 410 ազդանշան է արձանագրել։ 7 ամսում 117 ինքնասպանության դեպք է գրանցվել։ 275 դեպքում հաջողվել է կանխել ինքնասպանությունը, իսկ 18 դեպքում, ԱԻՆ տվյալներով, քաղաքացիները պարզապես սպառնացել են ինքնասպանություն գործել։
Աղբյուրը՝ 168.am