Պրոֆեսոր Պեկա Յոուսիլահտին՝ Ֆինլանդիայի Առողջության եւ բարեկեցության ազգային ինստիտուտից, Եվրոպայի սրտաբանների ընկերության խորհրդաժողովի (Բարսելոն, Իսպանիա) ընթացքում հայտնել է աղի չափազանց շատ գործածության վտանգը: Այս մասին հայտնել է The Independent-ը:

Յոուսիլահտին եւ նրա գործընկերները ցույց են տվել, որ օրական 13,7 գրամից ավելի աղի գործածումը կրկնակի մեծացնում է սրտի անբավարարության զարգացման ռիսկը նրանց համեմատությամբ, ովքեր սննդի մեջ օրական 6,8 գրամից պակաս նատրիումի քլորիդ են օգտագործում:

12 տարվա ընթացքում շարունակված հետազոտությանը մասնակցել են 25-ից մինչեւ 64 տարեկան ավելի քան 4,5 հազար տղամարդ եւ կին: Աղի գործածությունը որոշելու համար օգտագործվել են մեզի անալիզները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օրական գործածել հինգ գրամից ոչ ավելի աղ: Նշվում է, որ աղի գործածության նվազեցումն օրական մինչեւ հինգ գրամ կարող է տարեկան կանխել մոտավորապես 2,5 միլիոն մահ: Կազմակերպության տվյալներով՝ մոլորակի վրա մարդկանց ավելի քան կեսն օրական 80 – 140 տոկոսով ավելի նատրիումի քլորիդ է գործածում: Աղի ավելցուկը մարդու օրգանիզմում հայտնվում է գլխավորապես հացի, չոր նախաճաշերի եւ գործածման համար պատրաստի կերակրատեսակների հետ:

Աղբյուրը՝ 168.am

loading...