Վիվյեն Բաստաջյանն օրերս դարձել է 43 տարեկան: BRAVO.am-ին հոբելյարն ասել է, որ տոնական օրը սկսել է դստեր, փեսայի եւ մտերիմների ընկերակցությամբ, ովքեր ամեն տարի հաճելի անակնկալներ են մատուցում իրեն: Փոքր թատրոնի դերասանուհու հետ զրուցել ենք ոչ միայն ամենահիշարժան տարեդարձերի, այլեւ ստեղծագործական նորությունների մասին:
- Սովորաբար, ի՞նչ զգացողություն եք ունենում Ձեր ծննդյան օրը:
- Ես 7 ամսական եմ ծնվել՝ 900 գրամ քաշով, ու հրաշքով եմ ապրել: Ամեն տարի այս օրը շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ ապրել եմ, ու վստահ եմ՝ դեռ շատ երկար եմ ապրելու:): Ուրախանում եմ, որ իմ ներկայիս չափսերը տեսնելով, մարդիկ գլխի չեն ընկնում, որ նվազ քաշով եմ ծնվել:):
-Տարեդարձը, կարծես, ապրած տարիները վերստին գնահատելու օր է: Երբ հետադարձ հայացք եք գցում ապրած տարիներին, ո՞րն է ամենամեծ ձեռքբերումն ու բացթողումը:
- Բոլոր վատ բաներն ընդամենը երեք օր եմ հիշում, դրանից հետո ջնջվում են հիշողությանս միջից: Երբ հետ հայացք եմ գցում, տեսնում եմ, որ միայն ձեռքբերումներ եմ ունեցել, որոնց համար շատ ուրախ եմ:
- Հաճախ եք շրջագայում, եղե՞լ են տարիներ, որ արտերկրում եք ծննդյան օրն անցկացրել:
- Բավական հաճախ եմ ճանապարհորդում, ու, այո, պատահել են դեպքեր, երբ այդ օրն արտերկրում եմ եղել: Չեմ մոռանա Եգիպտոսում անցկացրած ծննդյանս օրը: Կահիրեում պետք է փառատոնի մասնակցեինք, նույն հյուրանոցում աշխարհի տարբեր երկրներից ժամանած եւս 54 թիմ կար, հիշում եմ՝ առավոտյան արթնացա, ու ի՞նչ, սենյակս ծաղիկներով էր լցված: Այնքան շատ ծաղկեփնջեր էի ստացել, որ էլ տեղ չունեի դնելու, բաժանում էի գործընկերներիս:
-Իսկ ո՞րն է Ձեր ամենահիշարժան տարեդարձը:
- Առանց բացառության բոլոր ծննդյանս օրերն էլ իրենց տեսակի մեջ հիշարժան են, ինչի համար շնորհակալ եմ իմ հավատարիմ ընկերներին: Ամեն տարի ես որոշում եմ տարեդարձս չնշել, բայց նրանց շնորհիվ մեծ խնջույքներ եմ ունենում:
- Ամենատպավորիչ նվերը:
-Շատ-շատ եմ սիրում գրքեր նվեր ստանալ: Հետաքրքիրն այն է, որ ընկերներս, կարծես, գուշակում են, թե ինչ գիրք եմ ուզում կարդալ եւ հենց դա էլ նվիրում են:
-Խոսենք ստեղծագործական նորություններից, ի՞նչ կարող ենք սպասել նոր եթերաշրջանում եւ խաղաշրջանում:
-Բուռն աշխատանքային ամառ եմ ունեցել՝ նկարահանվելով «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում, որ կցուցադրվի հոկտեմբերից: Թատրոնում էլ պրեմիերաներ են սպասվում: Նոր՝ «Մետամորֆոզներ» կոչվող ֆիլմում եմ նկարահանվում: Հովհաննես Գալստյանի կարճամետրաժ ֆիլմերում էլ մասնակցություն կունենամ: