Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է «Էլենի օրագիրը» նոր հեռուստանովելի մասին, որը կցուցադրվի «Շանթ» հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանում։ Ֆիլմում խաղում է նաև դերասան Դավիթ Աղաջանյանը։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ հերոսը` Արամը, ընդունվում է դպրոց` որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։
Դավթի կերպարն իսկական «մաչո» է։ Նա նշեց, որ շատ կանայք են համակրում նրան, ունի հետաքրքիր սիրային կապեր և ինտրիգային տեսարաններ, սակայն հերոսին կնամոլ համարել չի կարելի։ «Նա տղամարդ է, որին կանայք համակրում են, սակայն կնամոլ չէ։ Դա պարզապես նշանակում է, որ կանայք գիտեն, թե ով է իսկական տղամարդը»,– նկատեց դերասանը։
Հարցին, թե իր համար որքանով է հետաքրքիր մարմնավորել «մաչոյի», դերասանը պատասխանեց. «Ինձ հետաքրքիր է մարմնավորել յուրաքանչյուր կերպար, որի գիծը ճիշտ է տարվում, հետաքրքիր զարգացումներ ունի։ Ինձ ավելի հետաքրքիր կլինի ընդհանրապես այլ ուղղությամբ կերպար մարմնավորել»։
Դավթի կերպարին իրականում դպրոց է բերում վրեժը։ «Նա իր մեջ ունի խորը թաղած վրեժ, որն առաջնորդում է իրեն։ Արամի քրոջ հետ դեպք է պատահել։ Նա եկել է դպրոց` իմանալու, թե ինչ է եղել, ովքեր են մեղավորները, որպեսզի լուծի իր վրեժը,– ասաց դերասանը, ապա հավելեց, որ իր կերպարը բացասական չէ։ –Եթե ունես վրեժ, դա արդարացվում է և կարողանում ես վրեժխնդիր լինել, դա նույնպես տղամարդկություն է։ Փակագծերը բացել չեմ ուզում, միայն կասեմ, որ հեռուստադիտողներին հետաքրքիր սերիալ է սպասվում»։
Աղբյուրը՝ 168.am