Սեպտեմբերի 24-ին կկայանա «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի նախաձեռնած գեղեցկության մրցույթը։ Եզրափակչում կմրցեն Հայաստանում ու արտերկրում ապրող շուրջ 24 գեղեցկուհիներ։ Հաղթողը հնարավորություն կստանա Հայաստանը ներկայացնել «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին, որը տեղի է ունենալու նոյեմբերի 18-ին՝ Չինաստանում։
BRAVO.am-ը զրուցել է եզրափակիչ փուլ անցած մոդել Թերեզա Մարտիրոսյանի հետ, որը հաճախ մասնակցում է հայ դիզայներների ցուցադրություններին, նաեւ միջազգային հարթակներում Հայաստանը ներկայացնելու փորձ ունի։
Թերեզան ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում: 18 տարեկանից տեղափոխվելով Երեւան՝ սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական վոկալի բաժնում։ Բուհական կրթությանը զուգահեռ 19 տարեկանում մոդելային առաջին քայլերն արել է «Ատեքս» նորաձեւության տանը:
Մեզ հետ զրույցում նա խոստովանել է, որ ի սկզբանե չէր ցանկանում մրցույթին մասնակցել, սակայն մտափոխվել է «Իմ մասնակցության առաջին ու վերջին տարին է, քանի որ կարող են մասնակցել մինչեւ 26 տարեկան աղջիկները: Հենց այդ հանգամանքն էլ ինձ ստիպեց նման որոշում կայացնել։ Նախընտրական փուլը թեթեւ մթնոլորտում անցավ, մասնակիցների մեծ մասի հետ ծանոթ եմ»։
Նրա նպատակը հաղթելն է, մեծ ցանկություն ունի Հայաստանը ներկայացնել «Միսս աշխարհ» ու «Միսս տիեզերք» հեղինակավոր մրցույթներում.«Նախկինում առիթ ունեցել եմ Հայաստանը ներկայացնել Չինաստանում եւ Իտալիայում, աշխատել եմ այլազգի դիզայներների հետ։ Հիմա ինձ համար առաջնայինը մոդելային ասպարեզն է։ Ցավոք, իմ մասնագիտությամբ չեմ աշխատում, սակայն լավ տիրապետում եմ այն գիտելիքներին, որոնք ստացել եմ ուսման ընթացքում։ Հաջորդ տարի նպատակ ունեմ մասնագիտանալ մարքեթինգ-մենեջմենթի ոլորտում»։
Ի դեպ, այս օրերին մոդելը Բարսելոնայում է.«Այնքան խիտ աշխատանքային գրաֆիկ ունեմ, որ մեկ շաբաթով որոշեցի կտրվել անցուդարձից։ Վերադարձիցս անմիջապես հետո՝ սեպտեմբերի 10-ից 24-ը, ամեն օր մասնակցելու ենք մրցույթի փորձերին։ Նույնիսկ չեմ կարողանալու այս ամիս տեղի ունեցող նորաձեւության ցուցադրություններին մասնակցել»։