Թամարա Պետրոսյանի հետ BRAVO.am-ի նոր զրույցի առիթը նրա ծննդավայրն ու «Արցախի ձայներ» նախագծի նոր՝ «Ես եմ» հոլովակն է։ Արցախցի դերասանուհի-երգչուհին պատմել է սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության օրը, կայացած պրեմիերայի մասին.«Օրն, իհարկե, պատահական չէինք ընտրել: Նկարահանվել ենք «Հայֆիլմ»-ի ստուդիայում, նախագծի պրոդյուսերն ու ռեժիսորը Լիրա Քոչարյանն է, բեմադրող օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը։ Ամբողջը տաղավարային նկարահանում է, որն ավարտեցինք երկու օրում։ Ի դեպ, ի սկզբանե այս երգը միայն փոքրիկ Միշան պիտի կատարեր, բայց գաղափարը լայնացավ, եւ բոլորս երգեցինք»։

«Արցախի ձայներ»-ի անդամներն են Էռնա Միրզոյանը, Միշան, Արամ Մուսայելյանը, Օքսաննա Բաբուրյանը, Լիլյա Ղազարյանը, Ալեքսան Ասրյանը եւ ուրիշներ.«Մեր խմբի չգրված օրենքներից մեկը թիմային ոգին է: Իրար հանդեպ սրտացավ ենք, երբ մեզնից մեկը մրցույթի է մասնակցում կամ ֆիլմում նկարահանվում, ի սրտե մասնակցում ենք նախապատրաստական աշխատանքներին։ Յուրաքանչյուրիս հաջողությունը վերագրում ենք մեզ։ Ունենք նոր վոկալիստներ, որոնք համալրում են հիմնական կազմը»,-նշել է նա:

«Ես եմ» երգի երաժշտության, խոսքերի, գործիքավորման հեղինակն Արտեմ Վալտերն է, որն այժմ բնակվում է Դոնի Ռոստովում.«Նա ֆենոմենալ մարդ է, այնքան ուժեղ բնություն ունի, որ միայնակ կարողանում է լավ երգեր ստեղծել։ Նա հոլովակում չի նկարահանվել, քանի որ Հայաստանում չէ։ Արտեմի հետ մտերիմ ենք դեռ ուսանողական տարիներից, սովորել ենք Արցախի պետական համալսարանում, ես՝ օտար լեզուների, նա՝ իրավաբանության ֆակուլտետում։ Այնուհետեւ իր երկրորդ մասնագիտական կրթությունը ստացել է ԱՄՆ-ում»։ 

 
Թամարա Պետրոսյանը եւ Միշան
 


31-ամյա դերասանուհին այս օրերին Ստեփանակերտում է, տանը վայելում է հարազատների ներկայությունը.«Ծնվել եմ Ստեփանակերտում, այստեղ եմ դպրոցն ու համալսարանն ավարտել։ Ինչպես ասում են՝ քաղաքի աղջիկ եմ:): Փոքր հնարավորությունն օգտագործում եմ, որ ազատ օրերս տանն անցկացնեմ, հանդիպեմ ընկերներիս ու բարեկամներիս։ Պարտադրված հանդիպումներ չեն, իմ էությունն է, իսկապես սիրում եմ ծննդավայրս։ Անկախության օրը բոլորս տոնի զգացողություն ունենք, նույնիսկ եթե մեծ շուքով չենք նշում, միմյանց շնորհավորում ենք»։

 
Թամարա Պետրոսյանը
 


Թամարան պատմել է, որ «Արցախի ձայները» մենահամերգներ են ունեցել Գերմանիայի երեք քաղաքում եւ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում. «Մոտ երկու ժամ տեւողությամբ ծրագիր էինք պատրաստել մեր հայրենակիցների համար, նաեւ ներկա էին այլազգիներ, որոնք հետաքրքրվում էին Արցախով, ուզում էին գալ ու տեսնել՝ որտեղ է գտնվում այդ գողտրիկ անկյունը։ Մեր համերգների առաքելություններից մեկը հենց դա է, որ նոր մարդիկ տեղեկանան ու բացահայտեն Արցախը»։

Աղբյուրը՝ Bravo.am

loading...