Արդեն հայտնի է, որ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում սեպտեմբերի 11-ից կմեկնարկի սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի նոր՝ «Նռան հատիկ» հեռուստասերիալը, որում կներկայանան Ռոզա Ֆիլբերգը, Արսեն Լևոնյանը, Ագնեսա Շահնազարյանը, Դավիթ Մարդյանը, Հայկ Չոմոյանը, Լևոն Հարությունյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Ռուզան Վիթ Մեսրոպյանը և այլք։ Նոր հեռուստասերիալի մանրամասների, նպատակների ու դերասանական կազմի ընտրության մասին Life.panorama.am-ը զրուցել է Դիանա Գրիգորյանի հետ:
-Դիանա, մեր վերջին զրույցի ընթացքում նշել էիք, որ «Առաջնորդները» հեռուստասերիալից հետո 25 մասանի հեռուստաֆիլմ կնկարահանենք, հետո նոր ևս մեկ հեռուստասերիալ կյանքի կկոչեք: Այժմ արդեն հայտնի է, որ նկարահանվում «Նռան հատիկ» հեռուստասերիալը. ծրագրերը փոխվեցի՞ն:
-Միայն մասամբ փոխվեցին: Իրականում «Առաջնորդները» հեռուստասերիալից անմիջապես հետո ես գրեցի 25 մասից բաղկացած հեռուստաֆիլմի սցենարը և ավարտեցի հուլիսի վերջին: Այդ ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ամառային արձակուրդների շրջանում, ուստի մենք պարզապես ժամանակ չունեցանք այս ամռան ընթացքում նկարահանել այն: Ասեմ, որ այդ ֆիլմը ունի շատ հետաքրքիր սցենար, գերհագեցած է ինտրիգներով և իսկապես շատ հետաքրքիր է լինելու: Մենք արդեն իսկ իրականացրել ենք այդ նախագծի համար համապատասխան քասթինգ, այնպես որ ամեն ինչ պատրաստ է ու դա կնկարահանվի մեկ տարի անց՝ հաջորդ ամռանը: Նշածս բազմասերիանոց ֆիլմից անմիջապես հետո ձեռնամուխ եղա «Նռան հատիկը» հեռուստասերիալի սցենարական աշխատանքների սկսմանը, և ուրախությամբ փաստում եմ, որ սեպտեմբերի 11-ից այն արդեն եթերում կլինի:
-Նոր հեռուստասերիալի շրջանակում ի՞նչ է սպասվում հեռուստադիտողին, որո՞նք են «Նռան հատիկի» շոշափող թեմանները և հիմնական նպատակները:
-Հեռուստասերիալի սկզբում ցույց է տրվում մարդու ամենամեծ հարստությունը՝ սերը, երջանկությունը, ընտանիքը, արևն ու խաղաղությունը, բայց հենց սկզբից հերոսուհին կորցնում է իր սիրուն՝ կողակցին, ով այդ դեպքից առաջ կյանքի առաջին ապտակն արդեն ստացել էր՝ կորցնելով հորը: Հենց կորուստներով էլ խավարը պատում է հերոսուհուն ու սկսվում են իրար հաջորդող փորձությունները, որոնք պետք է հաղթահարեն հերոսուհին, նրա մայրը, քույրը, եղբայրը, մարզպետն ու ամբողջ մարզը: Այս հեռուստասերիալով ուզում եմ մարդկանց նպատակներին հասնելու ձգտումը մեծացնել, այն մարդկանց, որոնց հանդեպ Աստված շռայլ է գտնվել իրենց մեջ մեծ մարդ սերմանելով, բայց շռայլ չի գտնվել կյանքի էտապային հարցերում: Ես ուզում եմ այս աշխատանքով ցույց տալ, որ այն մարդիկ, ովքեր չունեն սոցիալական լավ պայմաններ, չկորցնեն հույսն ու ուժը, շարունակեն մնալ մաքուր, արդար և գնալ իրենց երազանքների հետևից: Մարդիկ շատ են խարազանում, երբ հեռուստասերիալներում տեսնում են սպանություն, վեճ կամ յուրաքանչյուր վատ տեսարան, բայց չէ որ բարին մատնանշելու համար պետք է ցույց տալ կյանքի հակառակ կողմը՝ չարը, վատը, անկարելին ու դրանով սովորեցնել, թե ինչն է վատ ու ինչից պետք է հեռու մնալ: Այդ միջոցով մաքրությունը շոշափելի ու ընկալելի է դառնում: Ի վերջո, մարդկային կռիվն ու փոխհարաբերությունները միշտ նույնն է եղել, փոխվում են միայն գործիքները:
-Արդեն հայտնի է դերասանական կազմը: Ռոզա Ֆիլբերգի անունը շատերին անգամ զարմացրեց, քանի որ նա նորեկ երգչուհի է հայկական շոու բիզնեսում ու արդեն որպես դերասանուհի է ներկայանում: Հետաքրքիր է՝ ինչպես ստացվեց, որ հենց նրան ընտրեցիք:
-Կերպարային առումով ես հենց Ռոզայի արտաքինով աղջկա էի փնտրում: Երբ սցենարիստը ստեղծագործում է ու ստեղծում է իր հերոսին, նա սկսում է իր մեջ կերտել, պատկերացնել դերասանին: Տանը աշխատելիս պահի տակ հենց Ռոզային պատկերացրի ու անմիջապես զանգահարեցի Մհերին: Ռոզայի հետ վաղուց էինք մտերիմ, բայց երբևէ չէի պատկերացնում, որ մի օր նա իմ հերոսուհին է լինելու: Ամեն ինչ ինքնաբերաբար եղավ, իսկ արդյունքի մասին կդատենք ավելի ուշ: Ի դեպ՝ խոստովանում եմ, որ հերոս կամ հերոսուհի գտնելն այնքան բարդ է, որ մինչ այսօր ես դեռ չեմ գտել «Նռան հատիկ»-ի գլխավոր հերոսին. դեռ փնտրտուքների մեջ եմ:
-Արսեն Լևոնյանի մասնակցությունը ևս զարմացնող էր: Թվում էր, թե Արսենն այլևս չի նկարահանվի որևէ նախագծում, քանի որ նրա լռությունը բավականին երկար տևեց: Ինչպե՞ս կայացավ նրա հետ համագործակցությունը:
-Արսենս փայլուն դերասան է, նրա աչքերն ամեն ինչ արժեն: Ես շատ եմ սիրում ոչ միայն նրա անձը, այլև դերասան տեսակը: Նա իսկապես բավական լավ է կարողանում կերպար մատուցել: Ասեմ, որ մենք ընդամենը մեկ հանդիպում ենք ունեցել: Համոզելու ոչ մի խնդիր չկար, ես զանգեցի նրան, առաջարկեցի կրկին միասին աշխատել, հանդիպեցինք ու վերջ՝ մեր համագործակցությունը կայացած էր: Ի դեպ՝ նա մարմնավորելու է Ռուդոլֆ Ղևոնդյանի որդու դերը ու ասեմ, որ նրանք հայր ու որդի խաղալու համար կատարյալ դուետ են, նրանք շատ հարմոնիկ են: Առհասարակ, դերասանների ընտրությունների հարցում ես շատ գոհ եմ ինձնից:
-Դիանա, Ձեզ չե՞նք տեսնի «Նռան հատիկ»-ի դերասանական կազմում:
-Խնդիրը կայանում է նրանում, որ երբ դու ինքդ ես կազմակերպում, ղեկավարում, հեղինակում, ընտրում ու ամեն բան անում, շատ բարդ է դառնում լինել նաև նկարահանման հրապարակում: Միաժամանակ, երբ ցանկանում ես լիարժեք տիրապետել այն գործին, որով զբաղված ես, ապա պետք է հենց ներսում լինել, այն քեզ համար պետք է շոշափելի լինի: Գտնվելով նկարահանման հրապարակում՝ բազմիցս եմ ասել, որ ինձ շատ բան տվեց այն: Այլ բան է ստեղծագործել, բոլորովին այլ՝ գրածդ ներկայացնել իբրև դերասան: Այդ ժամանակ զգում ու հասկանում ես օրգանիկը, տարանջատում ես ճիշտը սխալից: Հենց այդ ամենից ելնելով էլ՝ ես դեմ չեմ լինել նկարահանման հրապարակում՝ որպես դերասանուհի: Ըստ սցենարի՝ այս պահին դերակատարում չունեմ, բայց գուցե ընթացքում դա լինի, չեմ բացառում: Այս հարցի շուրջ խոսելիս՝ հավելեմ, որ ի տարբերություն շատ կարծիքների՝ ես երևալու խնդիր չունեմ, քանի որ իմ անունը առանց այն էլ չափից ավելի են շահարկում: Ընդգծեմ նաև, որ այդ աշխատանքը ես շատ եմ սիրում ու իմ խաղը ավելի ճիշտ ներկայացնելու համար զօր ու գիշեր ընթերցում եմ վարպետների աշխատանքները:
-Դիանա, ինչո՞ւ «Նռան հատիկ», անվանումը որևէ պատմություն ունի՞:
-Սկզբում գլխավոր հերոսը աղջկան նռան ծառ է նվիրում և իրենք իրենց վերջին հանդիպման ժամանակ վայելում են այդ ծառի առաջին պտուղը: Այն խորհրդանշական իմաստով որպես անվանում ընտրվեց՝ նուռը կյանքի խորհրդանիշն է, բայց նաև արյան հետ զուգահեռներ ունի: