Օլյա Հակոբյանը նորություն ունի: Թե ինչ նոր նախագծում է հանդես գալիս, ինչպես է կարողանում կազմակերպել երեխաների խնամքը, ինչպես է անցկացրել ամառը, դերասանուհին պատմել է BRAVO.am-ին:
«Ճիշտ է՝ ամռանը չեմ հանգստացել, բայց չեմ բողոքում: Ինձ դուր է գալիս աշխատանքս, ինչպես ասում են՝ այն գեղեցկացնում է մարդուն: Նկարահանվում եմ «Վերջին գործարք» 24 մասանոց սերիալում: Առաջարկը ստացել եմ նախագծի ռեժիսոր եւ սցենարիստ Դավիթ Զոհրաբյանից: Մարմնավորում եմ գլխավոր կերպարներից Լենային, ով դժվար կյանք է ունեցել, կորցրել է հորը: Նա երեխա ունի, որին պետք է վիրահատել: Փոքրիկի կյանքը փրկելու համար որոշում է ծայրահեղ քայլերի գնալ: Մանրամասների մասին չեմ ուզում շատ խոսել, բայց շատ եմ սիրել այս կերպարը, սցենարը եւ անձնակազմը»,-ասել է նա:
Օլյայի խոսքով՝ նկարահանումները շատ լավ են անցնում, խաղընկերներն են Կառլոս Մուրադյանը, Հայկ Դուրգարյանը, Արթուր Պետրոսյանը, Ջոն Մակարյանը. «Ռեժիսորի հետ սիրով նորից կհամագործակցեմ: Նա մեծ ջանք է գործադրում նախագծի կայացման համար»:
Աշխատանքային առօրյան եւ նկարահանումները խանգարում են նրան երեխաների հետ շատ ժամանակ անցկացնել.«Կարծում եմ՝ յուրաքանչյուր դերասան ունի այդ խնդիրը, քանի որ մեր գործում բարդ է հստակ գրաֆիկով աշխատելը: Եթե լիներ գրասենյակային աշխատանք եւ ավարտվեր երեկոյան ժամը 18:00-ին, իհարկե, ավելի հեշտ կլիներ: Տղաներիս խնամքի հարցում ինձ շատ են օգնում դայակս, որին անչափ շնորհակալ եմ, ծնողներս եւ Աբելը»:
Աղբյուրը՝ Bravo.am