Տարբեր հեռուստանախագծերից հայտնի դերասանուհի Տաթեւիկ Միրզոյանը երկրորդ անգամ է պատրաստվում մայրանալ, որի մասին առաջինը պատմել է Life.panorama.am-ին:

«Մայրությունը Աստծո տված հրաշքն է։ Զգացողությունները չեն կարող փոխվել. նույն խանդաղատանքն է, նույն հույզերը, ապրումները, ինչու չէ` նույն անհանգստություններն ու տագնապները»,- խոսելով զգացողությունների մասին՝ նշեց ապագա կրկնակի մայրիկը։

Տաթեւիկը ամուսնուն՝ Հրաչ Ներսեսյանին, ով Համազգային թատրոնի փոխտնօրենն է, կրկին որդի կպարգեւի.

«Մենք նորից արու զավակ ենք ունենալու։ Ինձ համար Աստծո տվածը անսահման ուրախություն է` անկախ սեռից, բայց, անկեղծորեն խոստովանեմ, որ ամուսինս երազում էր դստրիկի մասին»,- պատմեց դերասանուհին:

Խոսելով ավագ որդու մասին՝ Տաթեւիկը պատմեց, որ նա անհամբեր սպասում է եղբոր լույս աշխարհ գալուն, բայց,  միեւնույն է, ծնողները չեն պատկերացնում տղայի արձագանքը.

«Որդիս շուտով կդառնա երեք տարեկան։ Շատ է սիրում բակի երեխաներին, հատկապես` նորածիններին։ Գիտի, որ ապերիկ է ունենալու։ Կխանդի, թե ոչ , չեմ կարող ասել»,- նկատեց նա։

Տաթեւիկի եւ Հրաչի որդու լույս աշխարհ գալուն շատ քիչ է մնացել, դերասանուհին արդեն սկսել է հաճելի գնումները, իսկ այդ հարցում նրան օգնում է ավագ քույրը.

«Շատ հաճելի գործ է փոքրիկի համար գնումներ կատարելը, կարելի է ժամերով շրջել մանկական խանութներում, զմայլվել նորածինների համար նախատեսված ամեն ինչով։ Բայց ասեմ, որ ես չափավոր եմ այս հարցում»,- հավելեց նա:

Ի դեպ՝ Տաթեւիկն ու Հրաչքը դեռեւս փոքրիկի համար անուն չեն ընտրել, դերասանուհու խոսքով՝ դա դժվար գործընթաց է:

Հետաքրքրվելով, թե բալիկի լույս աշխարհ գալուց որքա՞ն ժամանակ հետո Տաթեւիկ Միրզոյանը կվերադառնա աշխատանքային ակտիվ կյանքին, նշեց.

«Դժվար հարց է. ինչպես ժողովուրդն է ասում` առաջ Աստված»:

Աղբյուրը՝ panorama.am

loading...