Հայաստանում օր օրի ավելանում են նոր դիմահարդարների անունները, սակայն նա առաջին հայ աստղային դիմահարդարներից է, որը տարիներ շարունակ պահպանում է իր դիրքերն այս ոլորտում`համագործակցելով ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան հայտնիների հետ: Խոսքն, իհարկե, Ագա Քանքանյանի մասին է, որը NEWS.am STYLE-ի հետ զրույցում խոսել է սեզոնային թրենդների մասին, ինչպես նաեւ հատուկ մեր ընթերցողերի համար բացահայտել դիմահարդարման որոշ նրբություններ.
«Դիմահարդարման մեջ ամեն ինչ շատ վաղուց է հորինվել, նորություններ կան, ուղղակի դիմահարդարումը դարձել է ավելի հանրային ու հասանելի յուրաքանչյուր կնոջ համար: Բոլոր աղջիկներին եւ կանանց խորհուրդ եմ տալիս պայուսակում ունենալ դիմափոշի, որն օրվա յուրաքանչյուր ժամին կօգնի հեռացնել դեմքի ավելորդ փայլը՝ դրանով իսկ մշտապես խնամված տեսք կապահովի»,-ասում է Ագան:
Դիմահարդարի խոսքով՝ դիմահարդարումը թույլ է տալիս ազատ ստեղծագործել՝ անկախ եղանակից եւ սեզոնից. «Չէ՞ որ աշխատում ես անհատի հետ, ում պիտի գեղեցկացնես՝ հաշվի առնելով ինդիվիդուալ առանձնահատկությունները: Իսկ եթե ավելի ընդհանուր վերցնենք, ավելի համարձակ աղջիկներին կառաջարկեի աչքերի գունավոր սմոքը՝ օգտագործելով վառ գույներ՝ կարմիր, կանաչ, կապույտ, եւ փայլուն շրթներկ»,-անդրադառնալով աշնանային թրենդներին՝ նշեց Ագան:
Դիմահարդարին խնդրեցինք նաեւ իր խորհուրդներով կիսվել ուսանողուհիների հետ. ի՞նչ տեսքով կարելի է գնալ համալսարան.
«Կարծում եմ՝ աղջիկը յուրաքանչյուր տարիքում պետք է լինի խնամված: Ուսանողուհիներն էլ բացառություն չեն: Առաջարկում եմ օգտվել բնական գույներից եւ երանգներից»:
Բազմաթիվ հայտնիների հետ աշխատած դիմահարդարը կարծում է՝ այսօր բոլոր հայտնիներն էլ ճիշտ են գնահատում դիմահարդարման դերն ու կարեւորությունը.
«Այո, ես շատերի հետ եմ աշխատում այս տարիների ընթացքում, սակայն պիտի առանձնացնեմ Սիրուշոյին, որն ինձ համար նաեւ ոգեշնչման աղբյուր է՝ շատ հաճախ հենց նա է նոր տենդենցներ մտցնում հայաստանյան մեր ոլորտում»,-ասում է դիմահարդարը՝ համոզված լինելով, որ յուրաքանչյուր հաճախորդի հանդեպ պետք է ցուցաբերել անհատական մոտեցում.
«Ահա այն գաղտնիքը, որի մասին այդքան հաճախ հարցնում են ինձ: Ես եւ իմ թիմը ցուցաբերում ենք անհատական մոտեցում յուրաքանչյուր աղջկա եւ կնոջ՝ հաշվի առնելով թե՛ տարիքը, թե՛ դիմագծերը, թե՛ միջոցառումը, որին նա պետք է մասնակցի»:
Ագան կարեւորում է հաճախորդի հետ շփումը, որի շնորհիվ էլ, ըստ դիմահարդարի, կարող ես բացահայտել նրա ներաշխարհն ու ավելի դիպուկ դիմահարդարում ընտրել նրա համար.
«Լավ ու վատ դիմագծեր չկան, յուրաքանչյուր դեմք կարող է ոգեշնչել ստեղծելու մի հետաքրքիր կերպար»,-կարծում է նա:
Ագայի խոսքով՝ նորաձեւ է ամեն ինչ, միայն ճիշտ չափաբաժնով եւ ճիշտ դեմքի վրա:
Խոսելով դիմահարդարման առօրյա սխալների մասին՝ Ագան նշեց.
«Ես ողջունում եմ հայ աղջիկների՝ գեղեցիկ լինելու միտումը, եւ եթե նույնիսկ կան սխալներ, դրանք շտկելի են տարիքի ու ժամանակի հետ»:
Աղբյուրը՝ news.am