«Ոստիկանության տարածած տեսանյութը մոնտաժված է»,- այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց ասմունքող Լիանա Զուրաբյանը՝ անդրադառնալով իր եւ պետավտոտեսուչների միջեւ սկանդալային վեճի տեսանյութին: Նա արդեն տեսել է ոստիկանության կողմից համացանցում տարածված տեսանյութը, եւ պնդում է, որ այնտեղ ճիշտը չէ ներկայացված.
«Իմ երեխայի լացը կտրել-հանել են: Ես իմ երեխայի լացը լսելուց հետո եմ սկսում նյարդայնանալ, բարկանալ, ո՞ւր է այդ լացը: Միայն վերջում են մի հատված թողել, որովհետեւ չեն կարողացել կտրել»,-ասաց նա:
Լիանա Զուրաբյանի խոսքով՝ ինքը միտում չի ունեցել անընդհատ շեշտելու, որ հայտնի ասմունքող է . «Նույնիսկ, դա են մոնտաժել, կպցրել իրար, ես չեմ շեշտել ասմունքող լինելու հանգամանքը՝ իբրեւ օրենքից ազատվելու միջոց: Նրանք են այդպես ներկայացրել: Ես պարզապես ասել եմ, որ, եթե օրենքը գործի բոլորի համար, անգամ հաստավիզների, ես կվճարեմ»:
Լիանա Զուրաբյանը նշեց, որ տեսանյութից հետո իրեն զանգահարել են «լավ տղաներ», «օրենքով տղաներ» եւ ասել` «hալալ է քո դուխին, Լիանա ջան, դու ավելի դուխով գտնվեցիր, քան այլ վարորդներ, մենք քեզ մեքենա ենք նվիրում, քո այդ մեքենան էլ չքշես: Բայց ես իհարկե հրաժարվեցի, բայց ուզում եմ շեշտել, որ այս անօրեն երկրում ավելի օրինավոր գտնվեցին այդ «լավ տղաները»»:
Հիշեցնենք, որ այսօր ոստիկանության YouTube-ի ալիքում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ ներկայացված է ասմունքող Լիանա Զուրաբյանի եւ պետավտոտեսուչների վիճաբանությունը: Երեկ Լիանան հարցազրույց էր տվել, որտեղ նշել էր, որ պետավտոտեսուչները կանգնեցրել են իր մեքենան եւ պահանջել փաստաթղթերը:
Աղբյուրը՝ news.am