«Խոհանոց» խորագրի ներքո Tert.am Life–ը սկսում է նոր շարք, որի շրջանակում կներկայացնենք հայտնիների դիետիկ ուտեստների բաղադրատոմսերը։ Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը` դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը, բազմիցս խոսել է ավելորդ կիլոգրամներից ազատվելու մասին։ Նա մեր ընթերցողներին առաջարկում է համեղ անուշեղենի բաղադրատոմս, որը չի ավելացնի քաշը, սակայն կբավարարի համեղ ուտելու պահանջը։
Լիլիթը նշեց, որ սիրում է լինել խոհանոցում։ Թեև հայկական ուտեստներ եփել չի կարողանում, համեղ պատրաստել և ամուսնուն գոհացնել հաջողվում է։ Լիլիթը տանն ամեն ինչ դիետիկ է պատրաստում, բացի երեխայի ճաշերից։ Նա կարողացել է հայկական ուտեստների և ճոխ սեղանների սիրահար ամուսնուն էլ սովորեցնել դիետիկ սնվել։ Պարզվում է` Ալեքսանդրի և Լիլիթի տանը շաքարավազ ընդհանրապես չկա։ Ամուսիններն արդեն սովոր են ապրել առանց դրա, իսկ հյուրերը, երբեմն, դժգոհում են, բայց արդեն ծանոթ են այս ընտանիքի դրվածքին։
Լիլիթը վստահ է՝ համեղ սնվել կարելի է նաև դիետիկ ուտեստներով։ Եվ այսպես, նա առաջարկում է կանանց պատրաստել «Ծույլ վարենիկ»։
Անհրաժեշտ է
100 գրամ կաթնաշոռ (0% յուղայնությամբ)
1 ձու
1 ճաշի գտալ եգիպտացորենի ալյուր
Սառեցված բալ
Պատրաստման եղանակը
Խառնել կաթնաշոռը և ձուն, ավելացնել ալյուրը։ Հարել այնքան մինչև դառնա միասեռ զանգված, գնդիկներ սարքել և ներսում դնել բալը։ Գնդիկները լցնել եռացող ջրի մեջ և եռալուց հետո եփել 5 րոպե։