Մեծամորում հնագետները մ.թ.ա. 8-6-րդ դարերի գտածոներ են հայտնաբերել


Դիտումներ ` 392

Մեծամորում հնագետները մ.թ.ա. 8-6-րդ դարերի գտածոներ են հայտնաբերել

Հայ-լեհական արշավախումբը սեպտեմբերի 1-ից վերսկսել է աշխատանքները Մեծամոր հնավայրի բնակատեղիի քաղաքային թաղամասում և արդեն իսկ հետաքրքիր փաստեր են արձանագրվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արշավախումբը շարունակել է բացված սենյակների ուսումնասիրությունը, բացվել են նորերը, հայտնաբերվել թաղումներ, մարդկային կմախքներ, մեծ քանակությամբ մետաղյա գտածոներ (ֆիբուլաներ, նետասլաքներ, դանակներ, ապարանջաններ), որոնք նախնական դիտարկումներով թվագրվում են մ.թ.ա. 8-6րդ դդ.: Հայ-լեհական արշավախմբի համաղեկավար, Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Քշիշտոֆ Յակուբյակի խոսքով՝ այդ են վկայում նաև  նախորդ տարի Եվրոպայում իրականացված  С14 ռադիոածխածնային հետազոտությունների արդյունքները:

Հնագետները հետազոտում են բնակատեղիի փոփոխությունը ուշ բրոնզից մինչև Աքեմենյան ժամանակաշրջանը: Յակուբյակի խոսքով՝ Մեծամորն այդ առումով կարևոր նշանակություն ունի Արարատյան դաշտի բնակատեղիների շարքում:

«Մեծամորը վաղ երկաթի դարաշրջանում քաղաք է եղել և ավերվել է ուրարտացիների կողմից, հիմա թաղումներ են բացվում, գտածոներ են հայտնաբերվում և ավերածությունների փաստեր արձանագրվում: Դրանք հարստացնում են մեր պատկերացումներն Արգիշտի Առաջինի և հետագա շրջանի ուրարտացիների` Մեծամորի վրա ունեցած ազդեցության մասին»,- ասաց Յակուբյակը:

Ներկայում ուսումնասիրվում են հնամարդաբանական նյութերը, իսկ հայտնաբերված օրգանական նյութերը (փայտածուխ և այլն), որոնք կարող են հստակ թվագրել մշակութային շերտերը, նախատեսվում է ուղարկել արտասահման` լաբորատոր հետազոտության:

Այս տարի արշավախմբի կազմում 25 հնագետ է, որոնց թվում` Վրոցլավի համալսարանի հնագիտության բաժնի ուսանող, Լիվերպուլի համալսարանի դոկտորանտ, Ֆ. Նանսենի անվան համալսարանի կրկնակի մագիստրոս և այլք:

Պրոֆեսոր  Յակուբյակը մասնակցել է Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում և Իրաքում իրականացված հնագիտական աշատանքներին:  «Հայաստանը քրիստոնեական-եվրոպական արժեքներ կրող երկիր է և հեշտ է աշխատել այստեղ: Հայ գործընկերները բավականաչափ փորձ ու գիտելիքներ ունեն: Հայերն անկեղծ են ու ժպտերես», -նշեց նա:

Հայ-լեհական արշավախմբի ղեկավարն այս տարի Հայաստան է եկել դստեր` 6-ամյա Մարիայի ուղեկցությամբ: Փոքրիկը հնագիտության ոլորտում «փորձ» ունի, առաջին անգամը չէ հնագետ հայրիկի ուղեկցությամբ պեղումների «մասնակցում»: Սակայն Մարիան պեղավայրից բացի հասցրել է լինել հետաքրքիր մի շարք այլ վայրերում:

 
loading...
Փակել