Այսօրվանից Արմենիա հեռուստաընկերության եթերում մեկնարկում է սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգոյանի նոր՝ «Նռան հատիկ» հեռուստասերիալը: Նախագծում նկարահանվում են Արսեն Լևոնյանը, Ագնեսա Շահնազարյանը, Հայկ Չոմոյանը, Լևոն Հարությունյանը, Ջուլյա Ստեփանյանը, Արա Դեղտրիկյանը, Ռուզան Վիթը, Դավիթ Մարդյանը, իսկ գլխավոր դերերում Ռոզա Ֆիլբերգը և Մովսես Երեմյանն են․ վերջինիս մասնակցությունը երկար ժամանակ գաղտնի էր պահվում: BlogNews.am-ը ներկա է եղել նկարահանումներին, լուսանկարներ արել և զրուցել Մովսես Երեմյանի հետ:
«Կերպարս հեռուստատեսության տնօրեն է՝ բավականին լուրջ, հավասարակշռված, թասիբով: Ապրում է իր կյանքով, բայց եթե նեղացնեն, կարող է իրեն պաշտպանել: Կարծում եմ՝ միակ դրական կերպարն է, չնայած յուրաքանչյուր դրական կերպար ունի նաև բացասական հատկություններ»,- նշում է Մովսեսը, ով երկար ժամանակ հեռուստասերիալներում չէր նկարահանվում:
Մովսեսի հիմնական խաղընկերուհին Ռոզա Ֆիլբերգն է, ում հետ հարցազրույցը BlogNews.am-ն արդեն ներկայացրել է իր ընթերցողին: Այն հարցին՝ որքանով է հեշտ խաղալ Ռոզայի հետ, երբ նա չունի դերասանական փորձ, Մովսեսը պատասխանում է. «Ռոզան սիրուն աղջիկ է, գուցե մի քիչ դժվար կլինի, քանի որ սա նրա առաջին փորձն է, բայց Ռոզայի հետ մենք փորձեր արել ենք, և պետք է ասեմ, որ լավ է ստացվել»:
Իսկ այն հարցին՝ ինչպես ստացվեց, որ երկար դադարից հետո որոշեց նկարահանվել, Մովսեսն այսպես պատասխանեց. «Ինձ հրավիրեցին սերիալում նկարահանվելու, կերպարս էլ դուրս շատ եկավ և այն, որ նախագծում դերասանական լավ կազմ է հավաքված: Ես էլ, հաշվի առնելով այս պայմանները, որոշեցի ընդունել առաջարկը: Դիանա Գրիգորյանի հետ էլ նոր եմ ծանոթացել, և արդեն դրական հարաբերություններ են ձևավորվել։ Կարծում եմ՝ այսպես էլ կշարունակվի»:
Ի դեպ՝ սա միակ հեռուսանախագիծը չէ, որտեղ նկարահանվում է Մովսեսը․ այս ընթացքում նա նկարահանվում է քսանհինգ մասանոց հեռուստասերիալում: Չնայած ասում է, որ բարդ է մեկ դերից դուրս գալ և անցնել մյուսին, բայց դերասանական պրոֆեսիոնալիզմն այստեղ փրկում է:
Աղբյուրը՝ BlogNews