Հակոբ Հակոբյան և Արմեն Հովհաննիսյան դուետն այս շրջանում ակտիվ աշխատանքային գործունեություն է ծավալում, որի մասին Հակոբը պատմել է Life.panorama.am-ին:

Երգիչները վերջերս ներկայացրին «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալի սաունդթրեքը: Մեր զրուցակցի խոսքով, ուրախությամբ են ընդունել այս առաջարկը.

«Վերջերս հրավեր ստացանք «ATV»-ի տնօրեն Ռուբեն Արամյանից ներկայացնել «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալի համանուն սաունդթրեքը և սիրով համաձայնեցինք:  Տեսահոլովակը կազմվեց ինչպես մեր մասնակցությամբ կադրերով, այնպես էլ ֆիլմի հուզիչ տեսարաններով: Կարծում եմ` հետաքրքիր աշխատանքն է ստացվել, որի վերաբերյալ միայն դրական կարծիքներ ենք լսել: Հետաքրքրականն այնն էր, որ ինքս, հետևելով գրեթե բոլոր մեկնաբանություններին, գոնե մեկ բացասական կարծիք չեմ լսել, ինչը ուրախալի փաստ է երգչի համար: «Եթե գտնեմ քեզ» սերիալի պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ մենք կարողացանք ունենալ լավ աշխատանք, ի դեպ` նշեմ, որ երգի հեղինակն է Ժակլին Թադևոսյանը»,- պատմեց Հակոբ Հակոբյանը:

Բացի այս աշխատանքից, դուետն այս օրերին գերզբաղված է, քանի որ նկարահանել են միանգամից երկու տեսահոլովակ, որոնց պրեմիերաները շուտով կհաջորդեն միմյանց:

«Հինգ օրվա ընթացքում երեք տեսահոլովակ նկարահանեցինք, որը այնքան էլ հեշտ չէր: «Եթե գտնեմ քեզ» սաունդթրեքի նկարահանումներին հաջորդեցին մեր նոր երկու տեսահոլովակի նկարահանումները»,- նշեց երգիչն ու շարունակեց.

«Սեպտեմբերի 21-ին կներկայացնենք մեր նոր տեսահոլովակը, որի նկարահանման հարցում մեզ իր մեծ աջակցությունն է ցուցաբերել ՀՀ պաշտպանության նախարարությունը: Այն բոլորին շատ ծանոթ հայրենասիրական երգ է, որը լսելիս մեծանում է մարտական ոգիդ, ոգևորվում և հպարտանում ես: Այս տեսահոլովակը նվիրված է լինելու Արցախյան պատերազմի մեր բոլոր հերոսներին ու կամավորներին: Տեսահոլովակը սկսվում է հենց կամավորների` կռիվ գնալու նկարագրմամբ, որոնց թվում նաև ես ու Արմենն ենք: Մնացած զարգացումների վերաբերյալ փակագծեր չեմ ուզում բացել, միայն նշեմ, որ շուրջ 150 մարդ է ներգրավված եղել այս տեսահոլովակում»:

Աղբյուրը՝ 168.am

loading...