Արմենիա Պրեմիումի աշնանային եթերաշրջանում մեկնարկում է «Հետհաշվարկ» քսանհինգ մասից բաղկացած հոգեբանական դրաման: BlogNews.am-ի հետ զրույցում ռեժիսոր Ելենա Արշակյանը պատմել է սյուժեի, դերասանական կազմի և հիմնական գաղափարի մասին.
«Ֆիլմը ներելու և ներել կարողանալու մասին է: Վերջերս մի ֆիլմ էի նայում, որտեղ հնչեց հետևյալ արտահայտությունը. «Ներում ես մի անգամ, ատում՝ մի ամբողջ կյանք»: Կարծում եմ՝ մեր ֆիլմը նայելուց հետո մարդիկ կհասկանան, որ հաճախ անհրաժեշտ է ներել և պետք չէ չարություն պահելով ապրել: Պետք է կարողանալ ներել և հարկ եղած դեպքում բաց թողնել»:
«Ուրախ ենք, որ հեռուստատեսային շուկան շարունակում է զարգանալ՝ Ucom ցանցի հեռուստադիտողներին հրամցնելով զանազան ու որակյալ հեռուստաարտադրանք: Հիշեցնեմ, որ այս հոգեբանական թրիլլերի յուրաքանչյուր նոր մաս Ucom-ի բաժանորդները կարող են մեկ օր շուտ դիտել «Տեսավարձույթ» բաժնում»,- նշում է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Ֆիլմի սյուժետային գիծը շատ արագ է զարգանում, շատ զուգահեռներ կան բարու և չարի միջև, սակայն սցենարիստ Անահիտ Մխիթարյանը կարողացել է այդ ամենը գրագետ և ճիշտ ներկայացնել. «Իրականում շատ բարդ գործ ենք սկսել, որի լրջությունը կհասկանանք նկարահանումից հետո, քանի որ հիմա դեռ աշխատանքային փուլում ենք»:
Ֆիլմում նկարահանվում են Սոս Ջանիբեկյանը, Անի Երանյանը, Խորեն Լևոնյանը, Գուժ Մանուկյանը, Քրիստինա Կույումչյանը և այլ հայտնի, սիրված դերասաններ. «Առաջին անգամ եմ աշխատում Սոս Ջանիբեկյանի և Խորեն Լևոնյանի հետ. ի դեպ` նրանք էլ, իրենց հերթին, առաջին անգամ են միասին նկարահանվում նույն նախագծում: Ուրախ եմ, որ աշխատում եմ նրանց հետ, այս ընթացքում ինձ համար բավականին հետաքրքիր բացահայտումներ եմ արել: Նախ` բավականին պրոֆեսիոնալ են, և շատ հեշտ է աշխատել նրանց հետ: Ֆիլմում խաղում է նաև Անի Երանյանը, ում հետ երկար տարիների աշխատանքային փորձ ունեմ և նրան լավ եմ ճանաչում»:
Աղբյուրը՝ http://BlogNews