Հելեն Ուդումյանը շուրջ մեկ տարի է՝ օնլայն հարթակում կիսվում է խոհանոցային բաղադրատոմսերով ու համեղ պատրաստելու գաղտնիքներով։ Իր հեղինակած «Kitchen with Helen» խոհանոցային նախագծի համար հաղորդավարուհի-բլոգերը պարբերաբար ճամփորդում է՝ ուսումնասիրելու այլ երկրների ուտեստների առանձնահատկությունները։
Հելենը BRAVO.am-ին հայտնել է, որ ամառային ուղեւորությունն ընդգրկել է միջերկրածովյան երեք երկիր՝ Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա։ Հելենին ընկերակցել է դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, որը եւս նկարահանվել է թողարկումներում. «Ընդհանուր առմամբ, տասը հոգով էինք՝ նկարահանող անձնակազմը եւ ծանոթներ, որոնք պարզապես որոշել էին մեզ հետ վայելել նավով ճամփորդությունը։ Լուիզան արտիստիկ կերպար է, համոզվեցինք, որ թեթեւ բնավորությամբ ճանապարհի լավ ընկեր է, բոլորս նրա հետ մտերմացանք։ Իսկապես հիշարժան ու հումորային պահերով լեցուն ճամփորդություն էր»:
Նավով ուղեւորության ընթացքում եղել են 7 քաղաքում՝ Հռոմ, Բարսելոնա, Կանն, Լա Սպեցիա, Կորսիկա, Մայորկա, Ջենովա.«Շեֆ-խոհարարների ու գուրմանների հետ բացահայտեցինք տեղի հայտնի բաղադրատոմսերն իրենց գաղտնիքներով։ Քանի որ վերջին տարիներին բնակվել եմ Իտալիայում, ավելի ծանոթ եմ իտալական խոհանոցին, բայց նոր հետաքրքիր համեր բացահայտեցի ֆրանսիական ու իսպանական խոհանոցից։ Եղել ենք Բարսելոնայի ամենահայտնի շուկայում, որտեղ զբոսաշրջիկը կարող է 5-6 եվրոյով շատ համեղ սնունդ գնել։ Կարծում եմ՝ այս երեք երկրից ամենատարածվածն իտալականն է, որովհետեւ պիցցա ու մակարոն ուտում են ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Չինաստանում»։
Հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանի քույրը պատմել է, որ արկածներն անպակաս են եղել, ճամպրուկները կորել ու գտնվել են.«Որպես նվեր հայկական գինի էինք տարել: Զավեշտալի ու մի քիչ էլ ծանր էր 84 շիշ գինին տեղափոխելը, որը պարբերաբար ծիծաղի ու հիշվող պատմությունների առիթ էր դառնում։ Իսկ օրինակ, Կաննում շատ շոգ էր, երբ նկատեցի, որ հոսող ջուր կա, սկսեցի ոտքերս լվանալ, Լուիզան էլ, կարծես, լվացքն անելուց հետո հենված էր պատին, մի աղջիկ էլ սկսեց պարել. շատ անմիջական ու տնական վիճակ էր, եւ այդ ամենը նկարահանվել է։ Մեկ այլ օր էլ ես ու Լուիզան մետրոյի վագոնում պարում էինք, տեսանյութը տեղադրել էինք համացանցում։ Վերադարձին «Զվարթնոց» օդանավակայանում մեր անձնագրերը ստուգելիս աշխատակիցները հետաքրքրվում էին՝ արդյոք հատուկ պլանավորած էինք պարել, բայց իրականում չէինք բեմադրել»։
Հելենը տպավորված է նավով ուղեւորությունից եւ MSC միջերկրական կազմակերպության հայկական խմբի ընդունելությունից.«Կրուիզի առավելությունն այն էր, որ 8-օրյա ճամփորդության ընթացքում վայելեցինք 16 հարկանի նավի անսահման հյուրընկալությունն ու համեղ խոհանոցը։ Նավի շեֆ-խոհարարի ու գլխավոր սոմելիեի օգնությամբ կարողացանք հասկանալ, թե ինչպես են բավարարում այդքան տարբեր ազգության մարդկանց քմահաճույքները։ Ամեն առավոտ նավը կանգ էր առնում մի քաղաքում, ողջ օրը պտտվում էինք, երեկոյան վերադառնում նավ։ 14-րդ հարկում գտնվում էր դիսկոտեկը. հետաքրքիր զգացողություն էր, երբ գիտակցում էիր, որ ծովի մեջտեղում պարում ես», - պատմել է Հելենը` հավելելով, որ յուրաքանչյուր երկրից բերել են խոհանոցային մի փոքր մասնիկ։
Աղբյուրը՝ Bravo.am