Բուժիչ նամակներ
Ժողովրդական բժշկությունն իր «զինանոցում» ունի մաշկի խնամքի համար նախատեսված բազմաթիվ միջոցներ, որոնք անցել են ժամանակի փորձություն։ Այդ միջոցներից յուրաքանչյուրը նախատեսված է մաշկի որոշակի տեսակի խնամքի համար` ճարպոտ, չոր, նորմալ, համակցված, զգայուն և այլն։
Մաշկի տեսակը կախված է ժառանգական նախատրամադրվածությունից, տարիքից, օրգանիզմի առողջական վիճակից, կլիմայական պայմաններից, ջրի որակից և այլ արտաքին հանգամանքներից։ Չոր մաշկում համեմատաբար ցածր է ճարպի պարունակությունը, մակերեսային ծակոտիները գրեթե աննկատ են, չոր մաշկը ձգում է դեմքը։
Մաշկի այս տեսակի խնամքը նախատեսում է լրացուցիչ խոնավացում, որպեսզի պահպանվի ճարպաջրային թաղանթը։ Որպես օրենք` չոր մաշկն անհամեմատ ավելի զգայուն է ճառագայթումների, ջերմաստիճանի փոփոխության, մթնոլորտային ճնշման տատանումների, քամու, օդի խոնավության հանդեպ, քան մաշկի այլ տեսակները։ Չոր մաշկի վրա բացասաբար է ազդում օճառով լվացվելը, հատկապես տնից դուրս գալուց առաջ։ Մաշկի այս տեսակը շատ գեղեցիկ է նայվում երիտասարդ տարիքում, սակայն տարիքի հետ ավելի շուտ է կնճռոտվում, քան ճարպոտ մաշկը։ Ճիշտ խնամքի դեպքում կարելի է հետաձգել մաշկի ծերացումը և պահպանել չոր մաշկին բնորոշ առավելությունները։
Մաքրող միջոցներ
Դեմքը չի կարելի ավելի, քան օրը մեկ անգամ լվանալ օճառով, նույնիսկ, եթե մաշկը ճարպոտ է։ Մաշկի օգտակար միկրոֆլորան և հակաբակտերիալ հատկությունները վերականգնվում են օճառով լվացվելուց մոտ 5 ժամ հետո, ճիշտ է կատարել այդ գործողությունը քնելուց 1-2 ժամ առաջ։ Օճառը (օճառահեղուկը) պետք է ընտրել` ելնելով մաշկի անհատական առանձնահատկություններից։ Դեմքի մաշկի մաքրման համար խորհուրդ չի տրվում օգտագործել գլիցերին կամ սպիրտ պարունակող լոսյոններ` դա կարելի է անել միայն բժշկի թույլտվությամբ։ Չոր մաշկը պետք է մաքրել ճարպային հիմքի վրա պատրաստված ոչ հեղուկ քսուքներով, որոնք հալչում են մարմնի ջերմությունից և չեն խցանում մաշկի ծակոտիները։
Բուսական յուղերը խորհուրդ է տրվում օգտագործել երեկոյան ժամերին.
1. 1-2 թ/գ յուղը լցրեք նախօրոք ջրում տաքացրած գդալի մեջ։ Թրջեք բամբակե խծուծը, մաքրեք դեմքը և պարանոցը, որից հետո քսեք ըստ ընդունված կարգի` մերսման գծերի ուղղությամբ։ Յուղով կարելի է մաքրել շրթունքները և հոնքերը։
2. Հանգստացնող հատկություն ունի կաթը, այն պետք է խառնել տաք ջրի հետ (1։1)։ Լուծույթը կարելի է օգտագործել, երբ մաշկն արդեն մաքրված է (օրինակ` բուսական յուղով)։
Դեմքը կամ պարանոցը լվանալուց հետո դեմքը պետք է թեթևակի չորացնել և մշակել սնուցող քսուքով։ Եթե մաշկը բորբոքված է, ջրի փոխարեն` օգտագործվում է լորենու կամ երիցուկի թունդ ջրային թուրմ։
Սնուցող քսուքը 15-20 րոպեից պետք է հեռացնել անձեռոցիկով։
Չոր մաշկի համար օգտակար է ձմերուկի հյութը, կաթի, սեխի հյութի և հանքային ջրի խառնուրդը։
Պիլինգ
Շաքարի բոլոր տեսակները` շագանակագույն կամ սպիտակ, ճակնդեղից կամ եղեգից արտադրված, պարունակում են գլիկոլեաթթու, որը, ի տարբերություն մեխանիկական պիլինգի, նաև խոնավացնում է մաշկը և հեռացնում է մահացած բջիջները ծակոտիներից։
1. 1 թ/գ շաքարավազը խառնեք մանկական օճառի փրփուրի հետ, 2-3 րոպե նուրբ շարժումներով ներմերսեք մաշկը և լվացեք գոլ ջրով։
2. Խառնեք շաքարը ձիթապտղի, նուշի կամ ժոժոբի յուղի հետ (1։1) և մերսեք մաշկը։ Եթե ավելացնեք նաև մի փոքր մեղր, ապա մաշկը ոչ միայն կմաքրվի և կխոնավանա, այլև կփափկի։
3. Նոր մեխանիկական պիլինգի համար կարելի է օգտագործել կարմիր լոբի։ Պատրաստեք փոշիացրած լոբու ջրային խյուս, մերսող շարժումներով քսեք դեմքին, լվացեք 3-5 րոպեից։
Լոբին պարունակում է մաշկի համար կարևոր B6 վիտամին, օսլա, կարոտին, օրգանական թթուներ, պղինձ, երկաթ, ցինկ, ծծումբ և այլն։ Լոբին նաև խոնավացնում և փափկեցնում է մաշկը։
Խառնեք մեկ գավաթ սուրճի նստվածք, 2 թ/գ վարսակի փաթիլ, 1 ճ/գ թթվասեր։
Դիմակներ
1. Խառնեք 2 ճ/գ գրեյպֆրուտի հյութ, 1-ական ճ/գ բրնձի ալյուր և կեֆիր, 1 ժամ թրմեք սառնարանում։ Քսեք դեմքի և պարանոցի մաքրված մաշկին, 30 րոպեից լվացեք գոլ ջրով։ Կատարեք շաբաթը 1 անգամ, շարունակեք 2 ամիս։ Հարթեցնում է մանր կնճիռները։
2. Խառնեք 1-ական ճ/գ մանդարինի չորացրած կեղևի ալյուրատիպ փոշին, թթվասեր և 1 ձվի դեղնուց։ Քսեք դեմքին և պարանոցին, 20 րոպեից լվացեք գոլ ջրով։ Կատարեք շաբաթը 1-2 անգամ։ Շարունակեք 2 ամիս։ Խորհուրդ է տրվում թառամող մաշկի խնամքի համար։
3. 2 ճ/գ վարսակի փաթիլները 5 րոպե թրմեք 50 մլ տաք կաթի մեջ, խառնեք։ 7-10 րոպեից լվացեք գոլ ջրով։ Դիմակն ունի հարթեցնող և երիտասարդացնող ազդեցություն։
4. Հարթեցնող, խոնավացնող և փափկեցնող հատկություն ունի բանանը։ Կարելի է օգտագործել մի փոքր կաթի հետ խառնած։ Լվացեք 10-20 րոպեից։
5. Գետնամորու հյութով կամ տրորած պտուղներով դիմակն ունի թարմացնող և փափկեցնող հատկություն, վերացնում է թեփուկները, նպաստում է էլաստինի արտադրությանը։ Խորհուրդ է տրվում օգտագործել քնելուց առաջ։
6. Թթված կաթն ունի սպիտակեցնող հատկություն, դրեք թրջոցներ պիգմենտային բծերի դեպքում։ Կաթնային թթուն ունի պիլինգ հատկություն։
7. Լոլիկի քերուկը (1 հատ միջին) խառնեք քառորդ թ/գ օսլայի և 4-5 կաթիլ ձիթապտղի, չիչխանի կամ արևածաղկի յուղի հետ, 15 րոպեից լվացեք գոլ ջրով։
8.Սերկևիլի շերտով մերսեք դեմքը։ Օգտակար է կնճռոտ, թառամող մաշկի համար։
9. Խառնեք 1 թ/գ սերկևիլի հյութ, 1-ական ճ/գ մեղր և բուսական յուղ, 1 ձվի դեղնուց։ 15 րոպեից լվացեք, կատարեք շաբաթը 2-3 անգամ, շարունակեք 1 ամիս։ Հարթեցնում է կնճիռները և փափկեցնում մաշկը։
10. Խաղողի հյութի և մեղրի (1։1) խառնուրդն ունի մաշկի ծերացումը կանխարգելող հատկություն։ Մաշկը սնվում է բազմաթիվ օգտակար նյութերով։ Մեղրն ունի հակաբորբոքային, կապող հատկություն, խաղողը խոնավացնում և թարմացնում է մաշկը, հարստացնում է բջիջները թթվածնով։
11. Երիցուկի յուղային և կաթնային մզվածքները, լավացնում են արյան շրջանառությունը, լայնացնում և մաքրում են ծակոտիները։
12. Երիցուկի ծաղիկը 10 օր թրմեք բուսայուղի մեջ (1։10), քամեք, դրեք թրջոց, 20 րոպեից մաքրեք նույն թուրմի մնացորդով։
13. Գլիցերինը պարունակվում է կենդանիների և բանջարեղենի ճարպում։ Մաքուր վիճակում գլիցերինը կարող է ներծծել մաշկի ներքին շերտում պարունակվող հեղուկը, եթե մթնոլորտային օդը շատ չոր է։ Ընդհանուր առմամբ, գլիցերին պարունակող գեղարարական միջոցները կանխարգելում են հեղուկի գոլորշիացումը մաշկից։ Այս նյութը կլանում է հեղուկն այն միջավայրից, որտեղ այն ավելի շատ է։ Գլիցերինը պաշտպանում է մաշկը վնասակար քիմիական միացություններից։
Օգտագործեք միայն մասնագետի հետ խորհրդակցելուց հետո
1. Դդումի քերուկին ավելացրեք բուսայուղ (10։1)։
2. Տրորեք եփած դդումի պտղամիսը, 2 ճ/գ խյուսին խառնեք 1 թ/գ բուսայուղ կամ սերուցք։ Դիմակները 20 րոպե հետո լվացեք տաք ջրով։
3. Դդմիկի քերուկը խառնեք վարսակի մանրացրած փաթիլների հետ (10։1)։ Քսեք չոր մաշկին, 15 րոպեից լվացեք կաթով։
4. Ձվի դեղնուցն օգտակար է չոր մաշկին, իսկ սպիտակուցը` ճարպոտ։
5. Երկու դեղձից պատրաստված խյուսի և 1-ական թ/գ կիտրոնի հյութի և ձիթապտղի յուղի խառնուրդն օգտակար է թույլ, թառամող մաշկին։
6. Կանաչ թեյը լայնացնում է մանր անոթները, մաքրում ծակոտիները, նպաստում է արյան շրջանառության ակտիվացմանը, կանխարգելում է մաշկի չորացումը։ Թեյը մեծ կիրառում ունի գեղարարության մեջ` որպես ճառագայթումներից պաշտպանող և ծերացումը կանխարգելող միջոց։
Թեյի սառեցրած խորանարդիկով մերսեք դեմքը։
Դրեք թրջոցներ։
1. Սամիթի խոտի կամ սերմի ջրային (1։10) թուրմն օգտագործեք 2-3 րոպե տևողությամբ իրար հաջորդող սառը և տաք թրջոցների ձևով` ընդամենը 10-15 րոպե։
2. Սոյայի յուղն օգտագործվում է չոր, կոպտացած, հողմահարված մաշկի հարթեցման և թարմացման նպատակով, ունի ծերացումը կանխարգելող հատկություն։
Խորհրդակցեք բժշկի հետ, քանի որ յուրաքանչյուր օրգանիզմ, հատկապես` մաշկը, ունի իր առանձնահատկությունները։
Աղբյուրը՝ 168.am