Ամենայն հավանականությամբ, առաջին հայելին, որի մեջ մարդը տեսել է իր և շրջակա բնության արտացոլումը, ջուրն է, իսկ հաջորդը` օբսիդիանը` սատանի եղունգը։ Ավելի ուշ հայելիներ են պատրաստել պղնձի համաձուլվածքից, արծաթից կամ ոսկուց։ Հայելիներ են օգտագործել Շումերում, Եգիպտոսում, Ասիայի Արևելքում, Լատինական և Կենտրոնական Ամերիկայում, բոլոր այն շրջաններում, որտեղ զարգացել են հնագույն քաղաքակրթությունները։
Ճապոնիայում հայելին համարվում է ինքնաճանաչման խորհրդանիշ։ Ըստ առասպելի, նախահայրը տվել է հայելին իր շառավիղներին, որպեսզի նրանք յուրաքանչյուր օր` առավոտյան և երեկոյան, ծնկաչոք խնդրեն հայելուց, որպեսզի ազատի իրենց չար մտքերից և զգացմունքներից։ Հետաքրքիր է, որ ժամանակակից հոգեբանները չեն հերքում նման սովորույթի օգտակարությունը` նրանք խորհուրդ են տալիս` ներքին լարվածությունից և դեպրեսիայից ազատվելու համար հաճախակի «զրուցել» հայելու հետ։ Գիտնականներն արձանագրել են, որ հայելին հաճախ կանխում է ինքնասպանության փորձերը, այն դեպքում` եթե մարդն իր որոշումն իրագործելուց առաջ նայում է հայելուն։ Ճապոնիայում հայելին տեղադրում էին շքամուտքին կից, որպեսզի անդրադարձվեն նախանձը, չար մտքերը, բացասական էներգիան։
Բանտարկված հայելին
Միջնադարյան Եվրոպայում համարվում էր, որ հայելին մարդկանց է «նվիրել» դևը։ Եթե կնոջ մոտ հայտնաբերվում էր «ծուռ հայելի», ապա նրան այրում էին խարույկի վրա` որպես վհուկի, իսկ այն ժամանակվա բոլոր հայելիները բեկված էին։
Առաջին հարթ հայելիները պատրաստել են Վենետիկում։ Հալեցրած անագից ստանում էին բարակ թաղանթ, որի մակերեսը մշակվում էր սնդիկով։ Փայլուն թաղանթը փակցվում էր ապակու վրա։ Վենետիկյան հայելիները թանկ արժեին, ավելի թանկ, քան հանճարեղ նկարիչների կտավները։
1743թ. ֆրանսիացի Լուի Արպոն պատրաստել է մի այդպիսի հայելի, որի մեծահարուստ գնորդը շուտով մահացել է։ Տարածվել են լուրեր, որ Արպոն չարակամ կախարդանքով է զբաղվում։ Սակայն հայելին այլևս որևիցե մեկին չի սպանել, և աղմուկը հանդարտվել է։
Մոտ մեկ դար անց հայելին հայտնվել է ոմն Լաուրա Նոէլ անունով կնոջ մոտ, ով կարճ ժամանակ հետո մահացել է ուղեղի արյան զեղումից։ Լաուրայից հետո մինչև 1910 թ. մահացել է նույն հայելու հետ առնչություն ունեցող թվով 39 մարդ։
Հայելին մեկուսացվել է ոստիկանական բաժանմունքում, որտեղից այն գողացվել է 1997թ.։
Առաջ է քաշվել երկու վարկած.
1. հայելին անդրադարձնում է արևի ճառագայթներն այնպիսի հաճախականությամբ, որի դեպքում վնասվում է մարդու ուղեղը,
2. ժամանակի ընթացքում հայելու մակերեսի վրա առաջացել են միկրոսկոպիկ ճաքեր, որոնցից օդի մեջ են անցել սնդիկի գոլորշիներ։
Հայտնի է, որ սնդիկի հայտնաբերված պաշարներով Իտալիան զբաղեցնում է երկրորդ տեղն աշխարհում, կան գիտնականներ, ովքեր կարծում են, թե Հռոմում սնդիկի գոլորշիներն անցել են խաղողից պատրաստված գինու մեջ, ինչը դարձել է այդ պետության կործանման պատճառ։
Մայրիկի պահապան հրեշտակները
Գրող և հոգեբան Ա. Մոգիլևսկայան մշակել է մի տեսություն, ըստ որի` մարդու ծննդյան օրը` վերածննդի և աստվածային սկզբի կրկնության տոն է։ Մարդն այդ օրը մահանում է անցյալի համար և նախապատրաստվում ապագայում վերածնվելու համար։
Այդ օրը մարդուն հրաժեշտ են տալիս անցնող տարվա պահապան հրեշտակները և գալիս են նորերը` նոր ընծաներով, ինչպես եղել է Հիսուսի ծննդյան օրը։ Հրեշտակները փոխվում են յուրաքանչյուր տարի, նրանք ստուգում են, թե որ նվերներն ենք մենք օգտագործել և ինչ նպատակներով։
Ըստ հավատալիքների` կա չարակամությունից խուսափելու մի եղանակ` գնեք փոքրիկ հայելի։ Գնումը կատարեք ձեր մայրիկի ծննդյան օրը։ Չարակամությունը կկանխվի, նույնիսկ, եթե գնումը կատարվի նրա մահից հետո։
Օրը երեք անգամ պետք է խաչակնքեք հայելին և ասեք հետևյալ բառերը.
1. լուսաբացին` «հեռացրու և պաշտպանիր»,
2. երբ արևը զենիթին մոտ է` «չար աչքը չարիք գործողին»,
3. արևամուտին` «պահիր քեզ»։
Այս բոլոր պետք է կատարեք ժպիտով և այն համոզմամբ, որ դուք շուտով կազատվեք ձեզ հետապնդող անհաջողություններից, որից հետո պետք է համբուրել հայելու կենտրոնը։ Հայելին չի սիրում դժգոհ, հոգնած և չարացած դեմքեր։ Խորհուրդ է տրվում հնարավորինս չբաժանվել հայելուց, այն պետք է անդրադարձնի ձեր կողմն ուղղված լույսի ճառագայթները։
Հայելիաթերապիա
Մեր մտերիմներից մեկի մոտ ոտքի բութ մատի վրա առաջացել էր տրոֆիկ խոց, որն էնդարտերիտի հետևանք էր։ Նշանակվել էր ստացիոնար բուժում տան պայմաններում, սակայն սուր ծակող ցավերը չէին դադարում, նա երկար ժամանակով փակվում էր իր սենյակում։ Մենք դիմեցինք մի հավատացյալ մարդու, ով եկավ հիվանդի մոտ։ Նրանք երկար զրուցեցին, ինչ-որ հրաշքով` մոտ մեկ ժամով ցավերը նվազել էին։ Հավատացյալը նվիրեց հիվանդին` լուսահոգի վեհափառ Վազգեն Ա Պալճյանի ձեռքով անցած մի գրքույկ, օրհնեց սենյակի իրերը և սուրբ ջուր ցայեց հայելու վրա։ Մեր հիվանդը ժամերով պառկում էր մահճակալին այնպիսի դիրքով, որ հայելու մեջ արտացոլվի առողջ ոտքը, և կարդում գրքույկը` ի վերջո ցավերը նահանջեցին, և բարձրացավ բուժման արդյունավետությունը։ «Հայելիաթերապիայի» հեղինակ Քենդի Մաքքեյբը (Մեծ Բրիտանիա) կարծում է, որ «հայելին հրահանգում է ուղեղի համապատասխան կենտրոնին` վերականգնել մարմնի առողջական պատկերը»։ Ըստ վիճակագրական տվյալների` 30 տոկոսի դեպքում ցավերը նվազում են գրեթե անմիջապես։
Նախնյաց արտացոլումները բարի են լինում
Ֆիզիկոսները կարծում են, որ «լավ» հայելու մակերեսը ոչ միայն արտացոլում, այլև կլանում և հիշում է էներգետիկ տեղեկույթը։ Հայելին կարծես կապնվում է այն տարածքի հետ, որտեղ գտնվել է երկար տարիներ։ Ահա մի օրինակ. «Հուլիոս Կեսար» գծանավը կառուցվել է 1913թ.։ 1953թ. երբ նավը վերանորոգվում էր, սպա Օ. Բար-Բիրյուկովը հանում է իր խցիկի հայելին և տանում Մոսկվա։ 1955թ. հոկտեմբերի 28-29-ի գիշերը` Սևաստոպոլի նավահանգստում խարսխված նավը կործանվում է պայթյունից, և նույն պահին պատի վրա ձգված հայելին ընկնում է հատակին և փշրվում։
Հայելին հիշում է և՛ լավը, և՛ վատը, երկրորդ դեպքում հայելուց անդրադարձված լույսը բացասաբար է ազդում մարդու վրա։
Մեր ընտանիքում պահպանվել է մի հին, պապենական հայելի։ Ավագ եղբայրս սովորում էր Դոնի Ռոստովում, վերադառնալուց հետո նա զարմացած ասաց. «Մեր հայելին սխալ է արտացոլում»։ Նույնը կրկնվում էր մեզանից յուրաքանչյուրի երկարատև բացակայությունից հետո. «արտացոլումը զայրացած էր»։ Մենք դրեցինք հայելու մոտ մեր ընտանեկան նկարներից մեկը, և հայելին կրկին «բարիացավ»։ Մայրս ասում էր, թե այդ մեծ հայելին օջախի անդրադարձն է, ամեն ինչ տեսել է։ Թեպետ անգույն է և դատարկ, լի է գունավոր կերպարներով, իր նշանակությամբ չեզոք է, սակայն իրականում ունի դեպի իրեն ձգող` հիպնոսացնող ազդեցություն։ Ցանկացած մարդ (ոչ ընտանիքի անդամ) կարող է հաղորդել ձեր հայելուն բացասական լիցքեր։ Մաքրեք հայելին և խաչակնքեք այն և ցանկացեք ձեր հյուրին` ամենայն բարիքներ։
Աղբյուրը՝ 168.am