Խռմփոցը ոչ միայն անհարմարություններ է ստեղծում շրջապատի մարդկանց համար, այլև զգալիորեն խաթարում է քնած մարդու առողջությունը, քանի որ նրա ուղեղը գիշերվա ընթացքում մի քանի անգամ արթնանում է։
Հիվանդը չի զգում այդ ամենը, առավոտյան արթնանում է անտրամադիր վիճակում, որը կրկնվելով` առաջացնում է քրոնիկական հոգնածություն։
Խռմփոցն ի հայտ է գալիս վերին շնչուղիների անատոմիական վնասվածքների, քիթ-կոկորդի, տրախեայի և բրոնխների բորբոքումների, նշագեղձերի մեծացման, ադենոիդների առկայության, քթի միջնապատի թեքվածության, կոկորդի մկանների հյուծվածության և շնչառական ուղիների այլ հիվանդությունների խախտումների և թերությունների հետևանքով։
Խռմփոցը գեր մարդկանց անբաժան ուղեկիցն է, քանի որ նրանց ստոծանին (դիաֆրագման) ենթարկվելով որովայնում կուտակված ճարպի ճնշմանը, բարձրանում և խաթարում է թոքերի բնականոն աշխատանքը։ Բարձր` որովայնային խռմփոցն ավելի շատ է հանդիպում գեր տղամարդկանց մոտ։
Նշված բոլոր պատճառների հետևանքը նույնն է` սահմանափակվում է շնչուղիներով անցնող օդի ծավալը, և խռմփոցը հաճախ ուղեկցվում է շնչառության կարճատև (վայրկյաններից մինչև մի քանի րոպե) ընդհատումներով։ Նման երևույթը կոչվում է գիշերային կամ քնի ապնոէ, և նկատելի է կողքից դիտողի համար։ Ապնոէի վիճակը վտանգավոր է, քանի որ, երբ ընդհատվում է օդի ներհոսքը դեպի թոքերը, սրտի կրճատումների քանակը հասնում է 25-ի, իսկ երբեմն սիրտը կարող է ընդհանրապես «կանգնել» (մինչև 10 վրկ.), որից հետո սկսում է աշխատել մեծ ծանրաբեռնվածությամբ։
Նկարագրված երևույթը հղի է ծանր հետևանքներով, երբեմն մարդը քնում է և այլևս չի արթնանում, ինչը կարող է (իհարկե, հազվադեպ է լինում) տեղի ունենալ գիշերային ապնոէի կամ խռմփոցի հետևանքով։
Ախտորոշման և բուժման մեթոդները
Խռմփոցի և քնի խախտման պատճառներն ախտորոշող և բուժող բժշկական ուղղությունը կոչվում է սոմնոլոգիա, որի զինանոցում կա ժամանակակից սարքավորում` պոլիսոմնոգրաֆ։
Այդ սարքի միջոցով մեծ ճշտությամբ գրանցվում են քնած մարդու շնչառության խաթարման պատճառները և կազմվում է բուժման համալիր ծրագիր։
Մշակված է սարք, որի միջոցով կատարվում է, այսպես կոչված, CPAP թերապիա Constant Positive Airway Pressure, որի անվանումը լիովին համապատասխանում է կատարվող գործողությանը` ստեղծել կայուն դրական ճնշում շնչառական ուղիներում։
Սարքը միացվում է քնելուց առաջ` շաբաթական 4-7 օր, տնային պայմաններում։ Սարքի կիրառումը զգալիորեն նվազեցնում է հիվանդության բացասական հետևանքները` հոգնածություն, քնկոտություն, անտրամադիր վիճակ, ֆիզիկական և մտավոր ուժերի անբավարարություն, սակայն նման թերապիան օգնում է միայն կանոնավոր օգտագործման դեպքում։
Դեղատներում վաճառվում են զանազան միջոցներ, որոնք լավագույն դեպքում կարող են թեթևացնել հիվանդների վիճակը.
- քթի կաթիլներ, ողողման համար նախատեսված լուծույթներ, աէրոզոլներ, յուղային խառնուրդներ։
Օգտակար խորհուրդներ
- Չի կարելի քնել մեջքի վրա պառկած դիրքով, քանի որ լեզուն տեղաշարժվում է դեպի կոկորդը և սահմանափակվում է օդի ներհոսքը դեպի թոքեր։
- Եթե քթի կամ կոկորդի լորձաթաղանթներն այտուցված են, ապա գլխատակը պետք է առնվազն 10 սմ բարձր լինի անկողնուց։
- Մի քնեք խիտ լցված բարձի վրա։
- Առնվազն կես ժամ զբոսնեք երեկոյան ժամերին։ Բժիշկները խորհուրդ են տալիս քայլելիս բարձր պահել գլուխը և սուլել նախընտրելի մեղեդին։ Մասնագետները կարծում են, որ շատ օգտակար է օրը 20-30 անգամ արտասանել` «ի-ի-ի»։ Այս պարզագույն հնչյունաշարքը մարզում է կոկորդի լեզվակը և պատերի մկանները, իսկ վարժության հեղինակները նկատել են, որ որոշ դեպքերում խռմփոցը վերանում է 1 ամսից։
- Չի կարելի ուտել ավելի ուշ, քան քնելուց 4 ժամ առաջ։
- Քնելուց առաջ ընդունեք գոլ ցնցուղ։
- Կերեք 1-ական եփած գազար` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
- Աղացեք կամ տրորեք կաղամբի մեկ տերև, խառնեք 2 թ/գ մեղրի հետ։ Կերեք քնելուց առաջ։
- 1 թ/գ մեղրը լուծեք 200 մլ կաղամբի հյութի մեջ։ Խմեք օրը 1 անգամ` քնելուց առաջ։ Շարունակեք 1 ամիս։
- Կաթեցրեք 1-ական կաթիլ չիչխանի յուղ` յուրաքանչյուր քթանցքի մեջ, կատարեք քնելուց 4 ժամ առաջ։ Շարունակեք 21 օր։
- Աղացեք 3 կիտրոն` կեղևի հետ (սերմերը հեռացրեք) և 2 միջին սխտոր, խառնեք, համասեռ զանգվածը պահեք սառնարանում։ Կերեք 1-ական թ/գ` նախաճաշից 10-15 րոպե առաջ և նախքան քնելը։
- Մանրացրեք, փոշիացրեք և խառնեք 1-ական թ/գ թրախոտի արմատ, թանթրվենի սևի պտուղ, ձիաձետի խոտ, 2 թ/գ երեսնակ բժշկականի խոտ։ 1 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 5 անգամ, 3-ական ժամ ընդմիջումներով։ Շարունակեք` մինչև դրական արդյունքի հասնելը։
Աղբյուրը՝ 168.am