Վերջերս հրապարակվել էր բժիշկ Ջոաննա Բադվիգի դեղատոմսը, որտեղ օգտագործվել է նաև կաթնաշոռը։ Իսկ որքանո՞վ են մեզ հայտնի այդ հրաշալի մթերքի հատկությունները։
Կաթնաշոռն ունիվերսալ սննդամթերք է, որն օգտակար է բոլորին` անկախ սեռից և տարիքից։ Կաթնաշոռի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ սպիտակուց և օրգանիզմին անհրաժեշտ բոլոր` օրգանիզմում չսինթեզվող ամինաթթուները, որոնցից մեկը մետիոնինն է։ Օրգանիզմում հաճախ է նկատվում մետիոնինի սակավություն, այնինչ այդ ամինաթթուն կարգավորում է ճարպերի փոխանակումը և կանխարգելում լյարդի ճարպակալումը։

Կարևոր է իմանալ, որ կաթնաշոռի սպիտակուցներն անհամեմատ լավ են յուրացվում, քան կաթի մեջ պարունակվողները։

Կաթի համեմատությամբ կաթնաշոռն ունի մի շատ կարևոր, օգտակար առանձնահատկություն` այն չի պարունակում կաթնաշաքար (նույն ինքը` լակտոզա)։ Հայտնի է, որ կան մարդիկ, ովքեր ունեն անհատական անընկալություն կաթի նկատմամբ, քանի որ նրանց օրգանիզմում բացակայում է լակտոզան տրոհող խմորիչը` լակտազան։
Կախված պատրաստման եղանակից` կաթնաշոռը կարող է պարունակել կես տոկոսից մինչև 18 տոկոս կաթնային ճարպեր։

Կաթնաշոռ գնելիս մենք հաճախ ընտրում ենք այն տեսակը, որի յուղայնությունը ցածր է, այդ ավանդույթը ձևավորվել է դեռ խորհրդային տարիներից և հատկապես խոր արմատներ է գցել մեր ենթագիտակցության մեջ «պերեստրոյկայի» տարիներին, երբ նկատվում էր կաթնամթերքի սակավություն։

Ժամանակակից հետազոտություններն ապացուցում են ճիշտ հակառակը. կաթում պարունակվող ճարպերի մեջ հայտնաբերվել են լինոլենային ճարպաթթուների իզոմերներ, որոնք կանխարգելում են սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի առաջացումը և զարգացումը, կարգավորում են ճարպերի փոխանակման գործընթացը և մարմնի զանգվածի փոփոխությունը, պաշտպանում են օրգանիզմի բջիջները քաղցկեղի որոշ տեսակներից։

Պարզված է նաև, որ անյուղ կամ ցածր յուղայնությամբ կաթնամթերքից և հատկապես կաթնաշոռից վատ է յուրացվում կալցիումը, այնինչ հայտնի է, որ յուղոտ կաթնաշոռն այդ մակրոտարրի լավագույն մատակարարներից մեկն է (շատ լավ է յուրացվում նաև պնդուկի մեջ պարունակվող կալցիումը)։

Կոնյուգիրացված լինոլեաթթու (ԿԼԹ)
Ինչպես իմացանք վերոգրյալից` ԿԼԹ-ն պարունակվում է կենդանական ճարպերում (մսեղեն, կաթնեղեն)։ Հատկապես շատ է կաթի, կաթնաշոռի, տավարի թարմ աղացած մսի մեջ։ Վերջին տասնամյակներում նշված մթերքներում նկատվում է ԿԼԹ-ի քանակի նվազում, որի պատճառն անասնապահության մեջ օգտագործվող արհեստական համակցված կերն (կոմբիկորմ) է։

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ խոտով սնված կովի մսի 1 գ ճարպում պարունակվում է 30 մգ ԿԼԹ, կաթի և պանրի մեջ` 20-ական մգ, ոչ բնական կերով «բտած» կենդանու ճարպում ԿԼԹ-ի քանակը 4 անգամ պակաս է, իսկ ընդամենը կես դար առաջ վաճառվող կաթնամթերքում ԿԼԹ-ի բաղադրությունը 3 անգամ ավելի էր։
ԿԼԹ-ն իր հատկություններով տարբերվում է լինոլեաթթվից.

  • Խթանում է նյութափոխանակության գործընթացը.
  • պաշտպանում է խոլեստերինն օքսիդացումից և կարգավորում դրա մակարդակն, ունի հակաօքսիդանտ հատկություններ,
  • մեղմացնում է սննդամթերքում պարունակվող ալերգեն նյութերի վնասակար ազդեցության հետևանքները,
  • բարձրացնում է հյուսվածքների զգայունությունն ինսուլինի հանդեպ,
  • խթանում է իմունային համակարգը։

Ի տարբերություն Օմեգա-6-ի, լինոլեաթթվի ԿԼԹ-ն կանխարգելում է ճարպի ավելացումը և չարորակ ուռուցքների զարգացումը։ ԿԼԹ-ն որոշ հատկություններով նման է Օմեգա-3 ճարպաթթուներին, թեպետ դասվում է Օմեգա-6-ի շարքին։
ԿԼԹ-ի վերաբերյալ առաջին հաղորդագրությունը հրապարակվել է 1988-ին։

Բուժում է կաթնաշոռը
Ժամանակակից սննդաբաններից շատերը խորհուրդ են տալիս ուտել օրը 100-150 գ կաթնաշոռ, որի յուղայնությունը պետք է հավասար լինի չպաստերիզացված կաթի յուղայնությանը, բացառությամբ մեկ դեպքի. ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ ունեցող հիվանդներին թույլատրվում է ուտել միայն անյուղ կաթնաշոռ։
Կաթնաշոռն օգտակար է աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, շաքարային դիաբետի, օստեոպորոզի, հոդատապի, լուծով ուղղորդվող կոլիտի, լյարդի և լեղուղիների հիվանդությունների դեպքում։ Կաթնաշոռը պարունակում է զգալի քանակությամբ կալցիում (մոտ 150 մգ` 100 գ հումքի մեջ), որն անհրաժեշտ է տուբերկուլյոզով հիվանդներին։

  • Մեղրի, չամանի սերմի և գիհու կոնի հետ խառնած կաթնաշոռը (10։1։1։100) ունի քնաբեր և որովայնի գազերը հեռացնող հատկություն։
  • Կաթնաշոռով թրջոցը նվազեցնում է հոդացավերը. կատարեք քնելուց առաջ, նախապես ներմերսեք արևածաղկի չզտված յուղի նստվածք (կամ այլ E վիտամինով հարուստ նյութ)։

Զգուշացում։ Խորհուրդ չի տրվում կաթնաշոռն ուտել աղեստամոքսային համակարգի սուր ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում։

Խորհուրդ. Պատրաստեք կաթնաշոռը տանը` թարմ կաթից, քանի որ կաթի փոշու մեջ ոչ միայն անհամեմատ քիչ են կենսաբանորեն օգտակար նյութերը, այլև փոշու արտադրության ժամանակ խոլեստերինը վերափոխվում է օքսիխոլեստերինի, որը սփռվելով արյունատար անոթների վրա` կարող է դառնալ աթերոսկլերոզի զարգացման պատճառ, պատկերավոր ասած` կաթի մեջ պարունակվող «լավ» խոլեստերինը փոխակերպվում է վնասակար նյութի։

Աղբյուրը՝ 168.am

loading...