«Հրանտ Բագրատյանն աղավաղում է փաստերը: Ես Հայ Առաքելական սուրբ եկեղեցու զավակ եմ և գտնում եմ, որ դեպի սուրբ երրորդություն, դեպի մեր տեր Հիսուս Քրիստոս տանող ամենաճշմարիտ ճանապարհը Հայ Առաքելական եկեղեցին է: Եվ եթե դնում ենք առաջնահերթությունները, ամենավերևը Աստված է, հետո՝ մեր հայրենիքը: Հիմա, եթե պարոն Բագրատյանը գտնում է, որ մենք քրիստոնեությունն ընդունել ենք քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, սա իր խնդիրն է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ Հայ Առաքելական եկեղեցու մասին ֆեյսբուքյան գրառմանը:
Նա Բագրատյանի հայտարարությունը, թե հայ եկեղեցին 2 անգամ կամավոր կործանել է հայոց պետականությունը, «վտանգավոր» անվանեց: Ըստ Շարմազանովի` 428 թվականին եթե հայ իշխանների և հայ հոգևոր ու աշխարհիկ դասի մեջ եղել է մի կառույց, որը դեմ է եղել պետության կործանմանը և որն ամեն ինչ արել է, որպեսզի պետությունը պահպանվի, եղել է սուրբ Սահակ Պարթև կաթողիկոսը. «Երկրորդ, եկեղեցին մեզ հետ միասին պայքարել է, ժողովրդի պայքարն է գլխավորել Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ Ավարայրի ճակատամարտում: Երրորդ սխալն այն է, որ ասում է՝ 428-652 թվականներին որևէ արտաքին սպառնալիք չունենալով՝ մենք պետություն ենք կորցրել: Սա կատարյալ անգրագիտություն է: Արդեն 387 թվականին Հայաստանը բաժանվել էր Պարսկաստանի և Հռոմի միջև, իսկ 591 թվականին՝ Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև»:
Է.Շարմազանովը նշեց, որ Հրանտ Բագրատյանի նպատակն է՝ սեպ խրել եկեղեցու և պետության միջև, սակայն դա չի ստացվի. «Չի կարելի այդ բոլշևիկյան ու կոմունիստական կեղծ մտածելակերպով այսօր գալ ու մեկնաբանել հայոց պատմությունը: Ի՞նչ եք ուզում եկեղեցուց: Ձեռքներդ հեռու պահեք եկեղեցուց, ազգն ու եկեղեցին միասնական են»:
Աղբյուրը՝ 168.am