«Պապ ջան»` այսպես է կոչվում Անդրեի նոր երգը, որի հիման վրա ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի նկարահանված հոլովակը հայտնի դերասաններով գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմ կհիշեցնի: Իր նոր աշխատանքի հետաքրքիր մանրամասները, նաեւ Արցախում հանգստի եւ աշխատանքային այլ ծրագրերի մասին երգիչը պատմել է BRAVO.am-ին:
Լիրիկական երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, իսկ գործիքավորումն արել է Վահան Նահապետյանը: Երգի եւ տեսահոլովակի պրոդյուսինգով զբաղվել է երգչի քույրը՝ Անուշ Հովնանյանը, որի դստերը նույնպես կտեսնեք հոլովակում:
«Շատ զգացմունքային գործ է: Համոզված եմ՝ մտնելու է շատերի սրտերը: Երգում եւ տեսահոլովակում մեծարվում է հայ հայրը, նրա հավաքական կերպարը: Հայրերի մասին երգերը, կարծես, այնքան էլ շատ չեն մեր երգարվեստում, ինչը, իմ կարծիքով, մեծ բացթողում է, որովհետեւ բոլորիս կյանքում ծնողը մեծ դեր ունի: Ինչպես մայրը, այնպես էլ հայրն անբացատրելի տեղ ունի զավակի սրտում: Այս հրաշալի երգով ցանկանում եմ, որ մեծարենք մեր հայրերին, որոնք, սկսած մեր մանկությունից, այնքան շատ բան են անում մեզ համար… Նրանց դերն անգնահատելի է, եւ հատկապես տղա զավակների դաստիարակության հարցում»,-ասել է երգիչը:
Նա պատմել է, որ հոլովակի նկարահանումները տեւել են 3 օր, օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է.«Ինչպես ռեժիսոր Հրանտ Մովսիսյանն է ասում, սա հերթական տեսահոլովակ չէ, այլ ֆիլմ է, որում կտեսնեք արդեն իսկ սիրված ու ճանաչված դերասանների՝ Նարինե Գրիգորյան, Շանթ Հովհաննիսյան, ինչպես նաեւ նոր դեմքերի: Նրանց հետ համագործակցելն ինձ մեծ բավականություն պարգեւեց: Նկարահանվել է նաեւ քրոջս դուստրը՝ մեր գեղեցկուհի Վիկտորիան, որն իրեն նկարահանման հրապարակում իսկական պրոֆեսիոնալի պես պահեց»:
Խոսելով ստեղծագործական այլ նորություններից՝ Անդրեն նշել է, որ ամռանը եւս երեք հոլովակ է նկարահանել, որոնք հաջորդաբար կներկայացնի. «Պրեմիերաների շարքը կգլխավորի հենց «Պապ ջան» երգի հոլովակը, որովհետեւ այն առաջնային կարեւորություն ունի ինձ համար: Բազմիցս եմ նշել, որ մենահամերգն ինձ համար զուտ երգերս ներկայացնելու միջոց չէ, այն իմ դեպքում միշտ առանձնացել է հատուկ շոուներով եւ բեմականացումներով: Եթե մենահամերգ ունենամ, պետք է լինի մի բան, որը կգերազանցի իմ նախորդ տարիների համերգային ծրագրերը. երբ արդեն բարձրից ես սկսել, չես կարող հաջորդ գործդ ցածր մակարդակի վրա ներկայացնել: Երբ զգամ, որ պատրաստ եմ հերթական մենահամերգով զարմացնել եւ ուրախացնել նորամուծություններով, ինչը Հայաստանի պայմաններում այնքան էլ հեշտ չէ տեխնիկապես, կհայտարարեմ այդ մասին: Ինչ վերաբերում է նոր սկավառակին, միշտ աշխատում եմ նոր երգերի վրա: Բնականաբար, երբ հասունանա այնպիսի մի շարք, որը ձայնասկավառակի կարիք կունենա, կլինի նաեւ նոր ալբոմ»:
Վերջին շրջանում ԱՄՆ-ում գտնվող երգիչն այժմ Հայաստանում է եւ վայելում է հայրենիքում անցկացրած յուրաքանչյուր օրը.«Մի քանի օր հանգստացա իմ սիրելի ծննդավայրում՝ Ստեփանակերտում, այժմ վերադարձել եմ Երեւան եւ շարունակում եմ վայելել երեւանյան հանգիստս, որն ուղեկցվում է աշխատանքային նոր մտքերով: Արցախն այն վայրն է, որը պահում է իմ կյանքի ամենաթանկ տարիների հուշերը: Ամեն անգամ այնտեղ վերհիշում եմ մանկությունս՝ թե´ լավ, թե´ վատ, եւ թե´ դաժան տարիները, որոնք երբեք չեն ջնջվի իմ մտքից ու սրտից: Արցախն է ինձ ձեւավորել այնպիսին, ինչպիսին կամ այսօր: Այն ինձ կոփել է, սովորեցրել լինել ուժեղ ու պայքարող, դիմակայել չարին ու դժվարություններին: Այստեղ մասնակցեցի Արցախի Հանրապետության օրվան նվիրված տոնական համերգին, զգացի արցախցիների սերն ու նվիրվածությունն ինձ ու իմ գործին, ինչի համար շատ շնորհակալ եմ: Ինչպես ես նրան, այնպես էլ Արցախը երբեք չի մոռանում ինձ: Այո, ցանկացած այցելություն Արցախ նշանավորվում է ընտանեկան ու բարեկամական ջերմ հանդիպումներով, անկեղծ մթնոլորտով: Ես ուրիշ ապրումներ եմ ունենում Ստեփանակերտում»,- եզրափակել է նա:
Աղբյուրը՝ bravo.am