Այսօր «Արմքոմեդի»-ի հաղորդավար Նարեկ Մարգարյանը նշում է ծննդյան 34-ամյակը: Life.panorama.am-ի հետ զրույցում Նարեկը պատմեց, որ տոնական օրը անցկացնում է գործնական մթնոլորտում եւ միայն երեկոյան մտերմիկ հավաքույթ կկազմակերպի:
Հաղորդավարը նշեց` տարիների գումարը որեւէ կերպ չի անդրադառնում տրամադրության վրա.
«Երբեք չեմ կենտրոնացել տարիքիս վրա, ավելին` մի տարի անգամ շփոթել էի, թե քանի տարեկան դարձա, այնպես որ ընդհանրապես չեմ հետեւում, առավել եւս չեմ թողնում, որ այն ազդի տրամադրությանս վրա»,- ընդգծեց Նարեկը:
Հոբելյարը կյանքում թույլ տված բացթողումների մասին չի մտածում, փոխարենը շատ է արժեւորում ունեցածը.
«Ինձ համար մեծ արժեք են ներկայացնում ընտանիքս, ընկերներս, աշխատանքս, որոնք փորձում եմ ամեն գնով պահպանել, իսկ բացթողումների մասին չեմ մտածում, նկատի եմ ունենում, դասեր քաղում ու անցնում առաջ»,- հավելեց նա:
Նարեկ Մարգարյանն այս տարվա հետ կապված մի շարք ծրագրեր ունի.
«Ծրագրերը շատ են. Նախատեսում ենք երկու տարվա դադարրից հետո վերսկսել «Արմքոմեդիի» Stand up համերգները, դրանից զատ ֆիլմերի պլաններ կան, իսկ այդ ամենին զուգահեռ աշխատում ենք նաեւ «Արմքոմեդիի» անգլերեն թողարկումների ուղղությամբ»,- պատմեց հաղորդավարը:
Նարեկն արդեն երկրորդ տարին է, ինչ հայրիկի կարգավիճակում է տարեդարձը նշում.
«Անցյալ տարի տղաս ընդամենը երկու ամսական էր, երբ առաջին անգամ հայրիկի կարգավիճակում նշեցի տարեդարձս: Որդուս ծնունդից հետո նոր իմաստ տրվեց կյանքիս, մեծացավ պատասխանատվությանս զգացումը, հիմա առավել շատ եմ տարբեր հարցերի շուրջ ծանրութեթեւ անում: Մարկի ծնունդից հետո ամեն ինչ նրա շուրջ է պտտվում` սկսած մանր կենցաղային հարցերից, մինչեւ գլոբալ հարցեր: Մենք ամեն ինչ անում ենք, որ միայն իր համար լավ լինի, անգամ մեր տան կահույքն է այնպես դասավորված, որ իր համար անվտանգ ու հարմար լինի: Մարկը շատ ժպտերես, շփվող, հետաքրքրասեր ու մարդամոտ բալիկ է»,- ավարտեց նա:
Life.panorama.am-ը միանում է շնորհավորանքներին եւ Նարեկ Մարգարյանին մաղթում նորանոր հաջողություններ անձնական ու գործնական կյանքում:
Աղբյուրը՝ Life.panorama