Իսրայելի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստանալու հետո ուղիղ չվերթով տեղափոխվել էր Թել Ավիվ, հերքել է լուրերն այն մասին, թե բանտում ինքնասպանության փորձ է ձեռնարկել: Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները:
Բլոգերը հայտնել է, որ բանտում, որտեղ պահվում էր, նրա վրա հարձակվել են այլ ազատազրկվածներ: Նա ակնարկել է, որ իրականում Ալիևի կողմից իրեն ներում շնորհելու քայլն իր հանդեպ անօրինականություններից հետո Բաքվի կողմից երկրի հեղինակության բարձրացմանն ուղղված քայլ էր:
«Ես ինքնասպանության փորձ չեմ ձեռնարկել: Բաքվի բանտում հայտնվելու հենց ամենասկզբից այլ ազատազրկվածներից սպառնալիքներ եմ ստացել: Չնայած նրանք ինձ մեկուսացված էին պահում, չէր լինում խուսափել մյուսների հետ ճանապարհներին խաչվելուց:
Ինձ հարցաքննել են Ռուսաստանի անվտանգության և Հայաստանի հետախուզական ծառայությունների հետ՝ հակաադրբեջանական թշնամական համագործակցության թեմայով: Դա բացարձակ անհեթեթություն էր, սակայն հենց դա էր նրանց հետաքրքրում»,- ասել է բլոգերը:
Նա պատմել է, որ օրեր առաջ նրա բանտախուց են տեղափոխել ևս մեկին: «Երկու օր անց ես արթնացա Բաքվի հիվանդանոցի շտապ բուժօգնության սենյակում՝ վնասված պարանոցով, պարանոցի վրա խեղդելու հետքերով, կոտրված ատամներով: Այդ միջադեպից անմիջապես հետո ինձ ներում շնորհվեց»,- նշել է Լապշինը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր Իսրայելի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին համաներում շնորհելու մասին: Հրամանգիրն ուժի մեջ է մտնելու հրապարակման օրվանից:
Ալիևի օգնական Ալի Հասանովը հայտնել էր, թե նախքան ներում ստանալը՝ սեպտեմբերի 10-ին, բլոգերը բանտում ինքնասպանության փորձ է ձեռնարկել:
Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակ»-ի մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով:
Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել էր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել էր ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռ. նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:
Լապշինի դեմ դատական գործ էր հարուցվել Ադրբեջանի ՔՕ 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: 281.2-րդ հոդվածով Լապշինի մեղադրանքն ապացուցող բավարար փաստեր չեն հայտնաբերվել: Բլոգերը մեղավոր է ճանաչվել միայն պետական սահմանի անօրինական հատման համար. Ադրբեջանում գործող կամայական օրենքով (ՔՕ 318-րդ հոդված) քրեական հետապնդում է սպառնում այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր Լեռնային Ղարաբաղ են այցելում «առանց պաշտոնական Բաքվի թույլտվության»:
Հուլիսի 19-ին կայացած դատական նիստի ժամանակ Լապշինը, օգտվելով վերջին խոսքի իր իրավունքից, հայտարարել էր, որ չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները:
Աղբյուրը՝ 168.am