Երեկ Երևանի ակումբներից մեկում կայացավ երգչուհի Գաբի Գալոյանի երևանյան առաջին մենահամերգը: Հրավիրվածների շարքում էին նաև հայտնի հյուրեր՝ Հրաչ Մուրադյանը, Էրիկը, Հրանտ Թոխատյանը, Լուիզա Ներսիսյանը, Միքայել Պողոսյանը, Աննա Հարությունյանը, Արսեն Սաֆարյանը՝ կնոջ հետ, Ռաֆայել Երանոսյանը և այլք: Երգչուհին այսուհետ ներկայանում է էթնո-փոփ ժանրում, իսկ երգացանկում հետևյալ երգերն էին՝ «Չկա քիզի նման», «Հարալո», «Լիրիկական» «Հայաստան», «Թամամ աշխարհ պտուտ եկա» և այլն: Blognews.am-ը ևս հրավիրված էր երգչուհու մենահամերգին և ներկայացնում է հետաքրքիր պահերը:
Համերգի բացման խոսքը վստահված էր Հրաչ Մուրադյանին, ով այսպես ողջունեց հավաքված հյուրերին. «Բոլորին շնորհակալություն հրավերն ընդունելու համար: Այն երգչուհին, ում երգերը կսկսենք վայելել, ասում է, որ սկսել է երգել վեց տարեկանից: Գաբին տարիների ընթացքում իրեն փորձել է տարբեր ոճերում, որպեսզի գտնի այն հիմնականը, որում ուզում է ներկայանալ: Երգչուհու վերջին կանգառը Կարպիս Թիթիզյանի մոտ էր։ Երբ նրանք հանդիպեցին, պրոդյուսերի առաջարկով Գաբին սկսեց ստեղծագործել էթնո-փոփ ոճում, որում էլ երգչուհին այժմ ներկայանում է»։
Երգչուհու մուտքը «Թամամ աշխարհ պտուտ եկա» երգով էր, որից հետո նա այսպես ողջունեց հանդիսատեսին. «Ես անկեղծ հուզվում եմ, քանի որ առաջին մենահամերգս է, բայց, տեսնելով այսքան բարի ժպիտներ և այսքան աջակցություն արտիստին, ով գտնվում է բեմում, հուզմունքս անցնում է: Շնորհակալ եմ ձեր դրական էմոցիաների համար: Մենք փորձելու ենք վերհանել արմատներից եկող երաժշտությունը, մեր երգերը, որոնց, գիտեմ, բոլորս ենք կարոտ»:
Երեկոյի ընթացքում Գաբիին միացավ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, ում հետ կատարեցին «Հալել եմ եղը» երգը: «Անհասկանալի բան է տեղի ունենում, երբ Արսենը բեմ է բարձրանում։ Ես անընդհատ սովորում եմ նրանից, հաճախ եմ քննարկում նրա հետ իմ ընտրած երգերը: Նա մշտապես մարտնչում է հայ մաքրամաքուր երգի համար»:
Աղբյուրը՝ BlogNews