Սեպտեմբերի 12-ին «Շանթ» հեռուստաալիքի եթերով ցուցադրվեց «Անուղղելիները» հեռուստասերիալի առաջին սերիան: Blognews.am-ը դերասանուհի Ելենա Բորիսենկոյի հետ զրուցեց իր դերի, «Վերվարածների» և «Անուղղելիների» տարբերության, դերասանական կազմի փոփոխության մասին:
««Վերվարածներում» իմ հիմնական խնդիրը Կնյազի հանդեպ սերն էր, նրանից բաժանվելը, փախչելը, երեխա կորցնելը, հազար ու մի բան, իսկ հիմա «Անուղղելիներում» իմ սիրո ֆորմատն, այսպես ասած, փոխվել է, քանի որ մենք ունենք երեխա, և իմ ամբողջ ուժն ու էներգիան գնում է երեխայի վրա։ Նա սարսափելի չար է, և քանի որ Կնյազը գնացել է Ռուսաստան՝ գումար վաստակելու, ես մենակ եմ երեխայի հետ ու անընդհատ սպասում եմ Կնյազին: Դա է իմ դերի փոփոխությունը»։
Այն հարցին, թե արդյոք դժվար չէ մայրիկի կերպարում լինելը, Ելենան պատասխանեց.
«Սովորաբար երեխաների հետ դժվար է աշխատել, բայց ես բազմիցս գովել եմ Լևոնին, ևս մեկ անգամ ուզում եմ գովել: Կադրում նա շատ լկստված երեխա է, բայց իրականում շատ հավաքված և զուսպ է։ Իմ բախտը բերել է, եթե նույնիսկ բախտս չբերեր, ես նրան շատ արագ կդաստիարակեի, բայց նա դրա կարիքն ամենևին չունի»,- նշեց Ելենան:
««Անուղղելիների» և «Վերվարածների» տարբերությունը միայն ժամանակն է. «Վերվարածները» մոտ 10 տարի առաջ է նկարահանվել, «Անուղղելիներում» դեպքերը տեղի են ունենում հիմա՝ 2017 թվականին: Մեր սերիալը առօրյայի մասին է։ «Վերվարածներում» ցույց էինք տալիս՝ ինչ էր կատարվում այն ժամանակ, իսկ «Անուղղելիներում»՝ ինչ է կատարվում հիմա՝ մեր օրերում:
«Անուղղելիները» սերիալում ավելի շատ է հումորը։ Քանի որ լուրջ սերիալները շատ են, մենք ցանկացանք ինչ-որ ավելի թեթև և հումորային բան ստեղծել մեր կենցաղի ու առօրյայի մասին. այդպիսի սերիալներ մեզ մոտ գրեթե չկան»:
Դերասանական կազմի փոփոխության մասին Ելենան նշեց, որ բոլոր դերասանները գրեթե նույնն են մնացել, փոխվել է միայն Լիպոյի կերպարը, քանի որ դերասանն ԱՄՆ-ում է։ Կնյազը դեռ չկա, Սանկտ Պետերբուրգում է, բայց սպասում են նրան: Գլխավոր կերպարներից ավելացել են Լևոն Մուրադյանը, Գրիշա Աղախանյանը և Անահիտ Կիրակոսյանը:
Աղբյուրը՝ BlogNews