Ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանը նոր նախագիծ է իրականացնում: Սցենարիստ Անահիտ Մխիթարյանի հետ նա այժմ աշխատում է 25 մասանոց «Հետհաշվարկ» հեռուստաֆիլմի վրա, որի նկարահանումներն արդեն մեկնարկել են: Ելենան BRAVO.am-ին է տրամադրել դեռեւս չհրապարակված լուսանկարներ, խոսել է դերասանական կազմից, եւ ոչ միայն:
«Նմանատիպ հեռուստանովել ստեղծելու գաղափար ես եւ Անահիտը դեռ անցյալ տարի ունեինք, բայց մի տեսակ վախ կար, որը չէինք կարողանում հաղթահարել: Բայց երբ «Դեպի վայրէջք»-ից հետո եղավ նոր առաջարկ, որոշեցինք ռիսկի դիմել եւ սկսեցինք աշխատել այս ֆիլմի վրա»,-պատմել է ռեժիսորը:
«Հետհաշվարկ»-ում նկարահանվում են Խորեն Լեւոնյանը, Սոս Ջանիբեկյանը, Անի Երանյանը, Սամվել Սարգսյանը, Գուժ Մանուկյանը, Վարդան Հովսեփյանը, Քրիստինա Կույումչյանը, Գեւորգ Գրիգորյանը եւ այլք:
Ելենայի խոսքով՝ բազմասերիանոց ֆիլմի գաղափարը Դավիթ Բաբախանյանին ներկայացնելուց հետո, վերջինս առաջարկել է գլխավոր դերերում նկարահանել Սոս Ջանիբեկյանին եւ Խորեն Լեւոնյանին.«Կարծում եմ՝ հեռուստադիտողին հետաքրքիր կլինի նրանց միեւնույն ֆիլմում տեսնելը: Դրանից հետո միայն որոշեցի, որ նրանց խաղընկերը պետք է լինի Անի Երանյանը: Նախ կարոտել էի նրա հետ աշխատանքը նկարահանման հրապարակում: Երբեք էլ չեմ թաքցրել, որ Անիի հետ շատ լավ ենք կարողանում աշխատել»:
Նա պատմել է, թե ինչպիսին է եղել դերասանների արձագանքը սցենարին ծանոթանալուց հետո.«Նրանք ասացին` շունչները կտրվում է կարդալիս: Եթե կարողանամ էկրանից փոխանցել այն, ինչ գրել է Անահիտ Մխիթարյանը, շատ երջանիկ կլինեմ»:
Սյուժետային բացահայտումներ ռեժիսոր-պրոդյուսերը չի ցանկացել անել, միայն նշել է.«Անի-Սոս-Խորեն տրիոյի հետ կապված կարող եմ ասել, որ ուրախ եմ այս նախագծում նրանց հետ աշխատելու համար, քանի որ յուրաքանչյուրը ջանք չի խնայում, որ մեր համատեղ աշխատանքը ստացվի»:
Անդրադառնալով նկարահանման հրապարակում տեղի ունեցած հետաքրքիր դեպքերին, Ելենան ասել է.«Շատ բաներ են եղել, անգամ ԱԻՆ աշխատաակիցներն են եկել մեզ օգնության, դերասաններից մեկին հիվանդանոց ենք տեղափոխել, բայց չեմ ուզում դրանց մասին բարձրաձայնել: Այս ֆիլմի հետ կապված շատ մեծ հույսեր ունեմ, քանի որ բավական լավ դերասանական կորիզ ունենք՝ ինչպես երիտասարդ, այնպես էլ արդեն տարիների վաստակով»:
Աղբյուրը՝ Bravo.am